Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարին դիմում ներկայացրեց Հանրային պաշտպանի գրասենյակ. (Տեսանյութ)

Փետրվար 02,2016 19:24

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վարդգես Գասպարիի շահերը պաշտպանելու համար նշանակվել է հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը: Այս կապակցությամբ փետրվարի 2-ին Գասպարին դիմում ներկայացրեց Հանրային պաշտպանի գրասենյակ, սակայն գրասենյակից տեղեկացրին, որ դիմումի պատասխանը նա կարող է ստանալ միայն վաղը՝ փետրվարի 3-ին:

Aravot.am-ի հետ զրույցում Վարդգես Գասպարին ասաց, որ եկել է պարզաբանում ստանալու, թե Հանրային պաշտպանի գրասենյակը ինչ նոր ի հայտ եկած հանգամանքների բերումով է իր նախկին որոշումը բեկանել եւ հակառակ որոշում կայացնել. «Գաղտնիք չէ, որ բոլոր մարմինները ենթարկվում են իշխանության ճնշումներին: Ես չեմ բացառում, որ այդ ճնշումների արդյունքում Հանրային պաշտպանի գրասենյակը հետ կանգնած լինի իր որոշումից եւ գնացած լինի անօրինական քայլի: Այդ դեպքում իմ՝ որպես քաղաքացի, պարտականությունն է այն եզրույթներով, որ շփվում եմ այս մարմինների հետ, մասնավորապես՝ Փաստաբանների պալատի եւ Հանրային պաշտպանի գրասենյակի հետ, ուղղակիորեն պարզաբանել, հանրությանը ի ցույց դնել, թե նրանք ինչքանով են դիմակայում պետական ապարատի ճնշումներին, այնուհետեւ՝ իհարկե՛, կփորձեմ հնարավորության սահմաններում վերականգնել իմ իրավունքները, քանի որ ես փաստաբաններ ունեմ եւ նրանք պաշտպանում են ինձ: Սա գնում է այն խնդրին, որ դատավորը տվյալ իրավիճակում իր համար լուծում է փնտրում, այնպես ինչպես արեցին Հայկ Կյուրեղյանի պարագայում»:

Նշենք՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ քննվող գործով արդեն մեկ անգամ  հանրային պաշտպան էր ներգրավվել՝ Մերի Ալավերդյանը: Սակայն Վարդգես Գասպարին դիմել էր Հանրային պաշտպանի գրասենյակ եւ հարցրել, թե հատկապես իր ո՞ր արժանիքի համար հենց Մերի Ալավերդյանը պետք է իր շահերը պաշտպանի եւ ոչ թե այն փաստաբանները ում հետ ինքը պայմանագիր եմ կնքել, ում խնդրել եմ, որ իմ իրավունքները պաշտպանեն, սակայն ըստ նրա, պատասխան չէր ստացել:

Հանրային պաշտպանի գրասենյակը դադարեցրել էր Գասպարիի նկատմամբ իրավական պաշտպանությունը, սակայն դատավոր Բաղդասարյանը որոշեց Գասպարիի պաշտպանության համար կրկին հանրային պաշտպան ներգրավել, որն էլ փետրվարի 2-ին ներկայացել էր դատարան:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, Վարդգես Գասպարին 2014թ. ապրիլի 7-ին Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 23 հասցում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի եւ Սոնա Մելիքյանի հասցեներին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Դուք հանցագործ սրիկաներ եք, մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ, դուք սպանեցիք իմ եղբորը, բավական ա մարդասպաններին ընդհուպ մինչեւ Վովա Գասպարյանին թաքցնեք Ձեր փեշի տակ, վեց տարի ա ինչ եք անում, թափթփուկներ, հանցագործներ»:

Ապա` դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Ձեր նման անարժանապատիվ եւ անինքնասեր դատավորներն են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ, միայն այն, որ Եվրոպական դատարաններում Ձեր վճիռների 46-ից 47-ը ճանաչվել են անվավեր, դա պետք է Ձեզ մի քիչ հուզեր, բայց քանի որ դուք անարժան եք եւ անինքնասեր, որ Ձեր գործակալական գործողությունն եք կատարում», «Դուք ստոր եւ անարժանապատիվ դատավորներ եք, որպես գործակալներ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց գործի վրա», որի արդյունքում խոչընդոտել է դատական նիստի բնականոն աշխատանքը` այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով դատարանի նկատմամբ:

 Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29