Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան ուղարկված տրանսֆերտների մակարդակն ավելի ցածր եղել է միայն ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ. «168 ժամ»

Փետրվար 04,2016 11:01

Ուղիղ 500 մլն դոլար: 2015 թվականին ահա այսքանով պակասել են ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով ՀՀ ուղարկվող գումարները (կամ պարզապես տրանսֆերտները)՝ նախորդ տարվա համեմատ:

Կենտրոնական բանկն արդեն հրապարակել է 2015թ. հունվար-դեկտեմբեր ամսվա տվյալները, որոնց համաձայն՝ 2015 թվականին տրանսֆերտների տեսքով Հայաստան է մտել 1 մլրդ 623.6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար։ 2014 թվականին այդ ցուցանիշը 2 մլրդ 123,6 մլն դոլարի չափ էր։

Ընդ որում, նվազումը կարող էր ավելի մեծ լինել։ Բանն այն է, որ ՌԴ-ից ուղարկվող տրանսֆերտները նվազել են 553 մլն դոլարով և կազմել շուրջ 1 մլրդ դոլար։ Մինչդեռ մնացած երկրներից տրանսֆերտները 53 միլիոն դոլարով աճել են և որոշ չափով փոխհատուցել այս նվազումը։

Չնայած այս անկմանը՝ Ռուսաստանը շարունակում է մնալ տրանսֆերի հիմնական աղբյուրը, տրանսֆերտների 61.7%-ը եկել է այս երկրից։ ԱՄՆ-ը երկրորդ խոշոր աղբյուրն է, որին բաժին է ընկնում Հայաստան փոխանցվող գումարների 23.5%-ը (շուրջ 177.8 մլն դոլար)։ Փողի մնացած մասը գալիս է այլ երկրներից։

Նշենք նաև, որ 2015 թվականի դեկտեմբերին՝ 2014 թվականի նույն ամսվա համեմատ, դրամական փոխանցումների ներհոսքը մի փոքր աճել է՝ 162.7 մլն դոլարից հասնելով 168 մլն դոլարի։ Սակայն այս դեպքում նույնպես Ռուսաստանի վիճակագրությունը հակառակն է ապացուցում։ 2015թ. դեկտեմբերին ՌԴ-ից Հայաստան է ուղարկվել 88.3 մլն դոլար, ինչը 18 մլն դոլարով պակաս է 2014-ի դեկտեմբերի ցուցանիշից։

Հայաստան ուղարկված տրանսֆերտների մակարդակն ավելի ցածր եղել է միայն ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ՝ 2009 թվականին (1 մլրդ 575 մլն դոլար)։

Նույն ժամանակահատվածում ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջով արտերկիր են ուղարկել 756.8 մլն դոլար՝ նախորդ տարվա 902.8 մլն դոլարի դիմաց։ Ինչպես տեսնում եք, Հայաստանից դրամական միջոցների արտահոսքը նվազել է շուրջ 146 մլն դոլարով։ Սակայն այս դեպքում էլ մի ուշագրավ կետ կա. դեպի Ռուսաստան ուղարկվող գումարներն ավելացել են 29.7 մլն դոլարով և կազմել 282.5 մլն դոլար։

Ի մի բերելով այս ամենը, ավելի շատ ես սկսում հավատալ, որ այսպես շարունակվելու դեպքում կարող է սկսվել միգրանտների հակառակ հոսք Ռուսաստանից Հայաստան:

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29