Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի բանկերը չեն կարող «Զոլոտայա Կորոնա»-ով փոխանցում ընդունել, քանի որ իրենք եւս կհայտնվեն սեւ ցուցակում»

Հուլիս 27,2026 16:43 Share

Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանած նոր պատժամիջոցների փաթեթի հետեւանքով «Զոլոտայա Կորոնա» միջազգային դրամական փոխանցումների ծառայությունը դադարեցրել է Ռուսաստանից Վրաստան, Հայաստան, Ղազախստան եւ մի շարք այլ երկրներ դրամական փոխանցումները։ Հուլիսի 23-ին Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ սահմանել էր պատժամիջոցների նոր՝ 21-րդ փաթեթը։ Պատժամիջոցների ցանկում ավելացրել է ռուսական ևս 32 բանկ, ինչպես նաև՝ կրիպտոարժույթների ոլորտում գործող ընկերություններ և նավթի առևտրային հարթակներ։ Ավելի վաղ տեղեկություն էր եղել, որ հայաստանյան բանկերը 10 տոկոս միջնորդավճար են սահմանել ռուսական հաշիվներին մուտքերի եւ ելքերի համար։

«Ամբերդ» գիտահետազոտական կենտրոնի փորձագետ Լուսինե Ազատյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ի՞նչ հետեւանքներ կունենան այս սահմանափակումները Հայաստան ներհոսող տրանսֆերտների ծավալների վրա։

«Ցավոք սրտի, Հայաստանով աշխատելով միշտ չէ, որ հնարավոր է ապահովել ընտանիքի ապրուստը, եւ մեր բնակչության մի հատված ապրում է դրսից ստացված միջոցներով՝ տրանսֆերտներով։ Այդ տրանսֆերտների առյուծի բաժինը ոչ թե ԱՄՆ-ին ու Եվրոպային է բաժին հասնում, այլ Ռուսաստանի Դաշնությանը, եւ միանշանակ այս խնդիրը բավական բացասական կանդրադառնա տնային տնտեսությունների եկամուտների վրա»,- ասաց Լուսինե Այվազյանը։

Նրա խոսքով՝ բանկերից ստացված պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ՌԴ-ն սահմանափակել է կանխիկի շարժը, դրա պատճառով էլ այս խնդիրներն առաջացել են։ «Բայց դա չենք կարող միանշանակ համարել, որովհետեւ այս պահին ՌԴ-ում բնակվողները եւս կարող են կանխիկով շարժ կատարել, բայց Հայաստանից ելքագրվող կամ Հայաստան մուտքագրվող գումարների հանդեպ այս տոկոսագումարների բարձրացումը շատ բացասական կանդրադառնա բնակչության վրա։ Բոլոր բանկերը ռուսական հաշիվներին մուտքերի եւ ելքերի համար սահմանել են մոտ 10 տոկոս միջնորդավճար, որը մեծ գումար է կազմում։ Ընդհուպ ունենք բանկեր, որոնք պարզապես չեղարկել են ռուբլիով բանկային գործառնությունները»,- ասաց նա։

Լուսինե Այվազյանի խոսքով՝ Ռուսաստանի տնտեսության անկումը կամ վերելքն ուղիղ կերպով ազդում է Հայաստանի տնտեսության վրա։ «Փաստն այն է, որ ներկայումս դեպի ՌԴ արտահանման ծավալների կրճատման հետեւանքով տնտեսական խնդիրների առաջ ենք կանգնում, որը փորձում են կոմպենսացնել այլ շուկաներ փնտրելով։ Միաժամանակ կարող ենք հստակ տեսնել աշխատուժի կրճատման միտումը, քանի որ ռուբլու փոխարժեքի կտրուկ տատանումը, այսինքն՝ ռուբլու նկատմամբ դրամի արժեւորումն այս պահին արդեն խնդիր է առաջացրել Ռուսաստանից ներհոսող ռուբլու հանդեպ։ Խոսքն այն գումարների մասին է, որոնք գալիս են Հայաստան՝ ծախսվելու նպատակով»,- ասաց նա։

Տնտեսագիտության դոկտոր Կարեն Սարգսյանի խոսքով՝ ռուսական բանկային համակարգի նկատմամբ պատժամիջոցներ սահմանվել են դեռեւս ռուս-ուկրաինական պատերազմի սկզբնական շրջանում, սակայն գնալով ավելի խստացվել են։ «Եվ այս 21-րդ պատժամիջոցների փաթեթով կրկին նախատեսվում է Ռուսաստանի բանկային համակարգի նկատմամբ խստացնել պատժամիջոցները։ «Զոլոտայա Կորոնա»-ն աշխատում է նաեւ հայկական բանկերի միջոցով, եւ այս պայմաններում եթե հայկական բանկերը շարունակեն դրամական փոխանցումները, կհայտնվեն որոշակի հարվածի տակ։ Հետեւաբար, Հայաստանի բանկերն այս պարագայում չեն կարող «Զոլոտայա Կորոնա»-ով վճարում ընդունել, քանի որ իրենք եւս կհայտնվեն սեւ ցուցակում։ Ես կարծում եմ, որ այս խնդիրը հնարավոր է ժամանակի ընթացքում լուծել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ որոշակի նոր համակարգերի միջոցով, որն ինտեգրված չի լինի գլոբալ բանակային համակարգի մեջ»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Կարեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանից Հայաստան փոխանցվող տրանսֆերտների ծավալը զգալիորեն նվազել է, քանի որ հայաստանյան ներքին շուկայում եւս կա աշխատուժի պահանջարկ՝ նույն շինարարության, առեւտրի եւ այլ ոլորտներում։ «Հետեւաբար, այն անձինք, ովքեր նախկինում գնում էին Ռուսաստան աշխատելու, իրենք մնացել են Հայաստանում եւ աշխատում են Հայաստանում, որովհետեւ գրեթե նույն չափի եկամուտ են ստանում։ Իհարկե, դեռ տրանսֆերտներից կախվածություն կա, սակայն գնալով ավելի քիչ տեսակարար կշիռ են կազմում տրանսֆերտները։ Իհարկե, կլինեն դժվարություններ, եւ հիմնական խնդիրն այն է, որ ավանդական ձեւով՝ ծանոթի կամ փոստի միջոցով են կանխիկ գումարն ուղարկելու Հայաստան։ Արագ փոխանցման համար «Զոլոտայա Կորոնա»-ի համակարգը մինչ այս բավական արդյունավետ է եղել»,- նշեց Կարեն Սարգսյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031