Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարիին շտապօգնությունն է բերման ենթարկել դատարան

Փետրվար 15,2016 13:14

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Նելլի Բաղդասարյանը որոշում էր կայացրել փետրվարի 15-ին Վարդգես Գասպարիին բերման ենթարկել դատարան:

Քիչ առաջ Վարդգես Գասպարին Aravot.am-ին ահազանգեց, որ իրեն բերման են ենթարկել շտապօգնության մեքենայով. «Մինչեւ ոստիկանների գալը շտապօգնություն էր եկել, ես հարցրեցի, թե ինչ կանչով եք եկել, ուր եք եկել, ասացին` եկել ենք Վարդգես Գասպարիի մոտ, պետական կանչ է: Ասացի՝ ի՞նչ են հաղորդել, ասացին, որ ծանր հիվանդ վիճակով կանչ է եղել: Ասացի, որ ինչպես տեսնում եք՝ ոչ մի խնդիր չունեմ: Այնուհետեւ ոստիկանները եկան եւ շտապօգնության մեքենայով բերման ենթարկեցին: Հիմա կարելի է արձանագրել, որ շտապօգնությունը ոստիկանության ենթակայության ներքո է: Շտապօգնությունը գործում է բերման ենթարկելու համար եւ առավել եւս՝ այդ վիճակում, երբ շտապօգնության մեքենաները քչություն են անում: Այստեղ շտապօգնության մեքենան երկար ժամանակ է սպասում է, որովհետեւ ոստիկանությունը մեկին բերման է ենթարկել»:

Վարդգես Գասպարին մեզ հայտնեց, որ չնայած դատական նիստը նշանակված է ժամը 15.00-ին, ինքն այժմ դատարանի շենքում է. «Այս շտապօգնության մեքենան հիվանդների կանչի համար է, ես հիմա պատգարակից իջել եմ, որ պատգարակը ազատվի եւ տանեն հիվանդների համար օգտագործեն ըստ նպատակի եւ ոչ թե որպես ոստիկանության ենթակա ծառայություն: Ես մինչեւ հիմա պատգարակի վրա էի»:

Վարդգես Գասպարին հավելեց, որ խորհրդակցել է իր փաստաբանների հետ, որոնք ասել են, որ ոստիկանությունն իրավունք չուներ դատական նիստից այդքան շուտ Գասպարիին բերման ենթարկել եւ ոստիկաններն իրեն ասել են, որ իրեն հիմա բերման են ենթարկել, բայց եթե համաձայն չէ՝ կարող է գնալ, բողոքել որտեղ ուզում է:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29