Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողներից և պաշտոնյաներից բացի՝ մամուլի հաղորդագրություններ ոչ ոք չի կարդում». Սամվել Մարտիրոսյան

Փետրվար 16,2016 15:49

«Սոցցանցերում ամեն տեսակ տեղեկատվության տարածումը բերեց սոցցանցերի հետ աշխատող խմբագիրների ճյուղի զարգացման, որոնք գտնում և ստուգում են տեղեկատվությունը: Հայաստանում այդ ամենը զարգացավ այլ կերպ»,- այս մասին այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Փորձագետը նշեց, որ ամբողջ աշխարհում Թվիթեր սոցիալական կայքն աշխատում է որպես տեղեկատվության տարածման միջոց. «Թվիթերն ունի մեծ լսարան և լայն հնարավորություններ, այնտեղ գրանցված են և պարբերաբար գրառումներ են կատարում աշխարհի առաջատար դեմքեր, երկրների նախագահներ, քաղաքական գործիչներ: Որպես միակ տեղեկատվության աղբյուր մեզ մոտ հանդիսանում է միայն ֆեյսբուքը, ինչն իր հետ բերում է յուրահատուկ որակներ, որովհետև այն նոր է սկսել ստուգել էջերը, որը շատ ավելի վաղ սկսվել էր ուրիշ սոցցանցերում, իսկ Հայաստանին իրենք առանձնապես լուրջ չեն մոտենում, որպես փոքր երկիր, դրա համար այստեղ քիչ են ստուգված էջերը»:

Մեդիա փորձագետն ավելացրեց, որ մենք ունենք տեղեկատվությունը դուրս տալու խնդիր.« Մեր պաշտոնյաները սոցցանցերում իրենց գրառումներն անում են հայերենով: Պետք է գրել նաև օտար լեզուներով՝գրավելու դրսի լսարանին: Մենք ունենք տուրիզմ զարգացնելու, սփյուռքի հետ աշխատելու կարևոր խնդիրներ: Սոցցանցերը լավագույն միջոց կարող են լինել՝ կապեր հաստատելու նաև սփյուռքի հետ: Մենք պարփակված ենք մեր մեջ: Տեղեկատվությունը ստեղծվում է Հայաստանի համար և սպառվում է հենց ներսում: Այսօրվա ընթերցողը չի կարդում մամուլի հաղորդագրություն: Անցել են այն ժամանակները, երբ մամուլի հաղորդագրությունը հանրության հետ շփվելու միջոց էր: Սոցցանցերը մարդկանց սովորեցրին, որ պետք է ավելի անմիջական ձևով գրել: Կարծում եմ՝ լրագրողներից և պաշտոնյաներից բացի՝ մամուլի հաղորդագրություններ ոչ ոք չի կարդում»:

Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ մեզ մոտ չկա տեղեկատվությունը ստուգելու պահանջ. «Արևմտյան լրատվամիջոցներում կան հստակ կանոններ լրագրողների համար, որոնց պետք է հետևել: Օրինակ՝ ինչպես պետք է լրագրողը սոցցանցերում ներկայացված լինի, ինչպես գրի, ում հետ ընկեր լինի. լրագրողին կարող են ազատել աշխատանքից, եթե նա ընկերանա նախարարի հետ: Նաև էքսկլյուզիվ տեղեկատվության ճիշտ տարածման խնդիր կա: BBC-ն ունի կանոն` էքսկլյուզիվ գրառումը պետք է խմբագրության հետ համաձայնեցնեն, նոր տեղադրեն սոցցանցում։ Կան խմբագիրներ, ովքեր գտնում ու ստուգում են տեղեկատվությունը: Իսկ մեզ մոտ պահանջ չկա ստուգելու: Լրագրողներին պետք է կրթել այդ ուղղությամբ։ Խմբագիրը պետք է կարողանա տիրապետել այդ գործիքներին և հետևի թարմացումներին։ Բուհերն այս առումով լուրջ խնդիր ունեն, քանի որ սովորեցնում են 19-րդ դարի լրագրություն, բայց արդեն պետք է սովորեն 21-րդ դարի երկրորդ տասնամյակի լրագրություն»:

Վերջում փորձագետը հավելեց, որ մենք ունենք չկրթված լսարան, որը չի կարողանում տարբերել տեղեկությունները. «Արևմուտքում հստակ տարանջատում կա դեղին և լուրջ մամուլի: Այնտեղ լուրջ մամուլի լրագրողը չի կարող աշխատել դեղին մամուլում և հակառակը: Մեզ մոտ չկա այդ անջատումը: Մենք նույն ձևով տարածում ենք և՛ լուրջ մամուլի, և՛ դեղին մամուլի տեղեկատվությունը: Պետք է սովորեցնել սպառողին տարբերել դրանք»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29