Լրահոս
Օրվա լրահոսը

Նազիկ Ամիրյան. «Նետաձիգներին ներկայացվող պահանջները խստացրել ենք»

Փետրվար 17,2016 13:30

Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի ձմեռային առաջնությունից մի քանի օր անց անցկացվեց նաեւ մարզաձեւի հանրապետության ձմեռային առաջնությունը: Տղամարդկանց եւ կանանց պայքարին մասնակցած Երեւանի եւ Արմավիրի 60-ից ավելի նետաձիգները որոշեցին Հայաստանի ձմեռային չեմպիոններին: Տղամարդկանց մեջ հավասարը չունեցավ Վասիլ Շահնազարյանը, կանանց մեջ՝ Մերի Խաչատրյանը:
Առաջնության ավարտից հետո «Առավոտը» ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանին խնդրեց ամփոփել արդյունքները:

«Այս ժամանակահատվածի համար արդյունքները կարելի է նորմալ համարել: Ի դեպ, բոլոր մասնակիցները մի քանի օր առաջ հանդես էին եկել ֆեդերացիայի ձմեռային առաջնությունում՝ պատրաստվելով այս մեկնարկին», – ասաց տիկին Ամիրյանը: Հարցին, թե արձանագրված միավորներով կարելի՞ է տարվա ընթացքում կայանալիք ավելի հեղինակավոր մեկնարկներում ինչ-որ ձեռքբերումներ ակնկալել, նա պատասխանեց. «Եթե նկատի ունեք արտերկրում կայանալիք մրցումները, այսօրվա ցուցանիշները դրսում ենթադրվելիք արդյունքներին դեռ չեն բավականացնում, թեեւ այս առաջնությունում մեկ նետաձիգ՝ Արամայիս Ապրեսյանը, լրացրեց Հայաստանի սպորտի վարպետի նորմա: Մենք մեկ անգամ էլ նրա միավորները կհամեմատենք կանոնադրությամբ նախատեսվածի հետ եւ եթե համապատասխանեց, կներկայացնենք կոչման: Եթե այսօրվա արդյունքները համեմատենք նախորդ տարիների այս նույն ժամանակահատվածի հետ, մի փոքր նահանջ կա: Բայց ապագայի մասին խոսելը վաղ է: Նետաձիգները իրենց վրա դեռ պետք է շատ աշխատեն: Դրա փոխարեն որպես ձեռքբերում ուզում եմ նշել, որ մարզաձեւով զբաղվողների քանակն է գնալով ավելանում: Այսինքն, նետաձգության մասսայականացման մեր նպատակին քայլ առ քայլ հասնում ենք: Իսկ մասսայականությունից ծնվում են նաեւ արդյունքները»:

Նազիկ Ամիրյանը խոսեց նաեւ առաջիկա ծրագրերի մասին: «Մարտ ամսին ունենք ֆեդերացիայի եւ Հայաստանի բաց առաջնություններ, որոնք նախապատրաստական փուլ են Բուլղարիայում կայանալիք առաջիկա միջազգային մրցաշարից առաջ: Դրանից հետո Եվրոպայի առաջնությունն է: Բայց այս տարի ֆեդերացիայում որոշել ենք ավելի խիստ լինել հավաքականների ձեւավորման հարցում: Սահմանվել է միավորների հստակ սահման, որը լրացնելուց է կախված՝ ունե՞նք Եվրոպայի առաջնություն եւ միջազգային այլ մրցաշարեր մեկնելու պատրաստ հավաքականի կազմ: Տարվա գլխավոր միջոցառումներից են նաեւ ավանդական «Հայկի նետեր» միջազգային եւ ազատամարտիկ Նունե Վարդանյանի հուշամրցաշարերը, որոնք կազմակերպում ենք Հայաստանում»:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
16.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29