Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի կենտրոնի գինու հին մառանները վտանգված են (Տեսանյութ)

Փետրվար 19,2016 16:35

Գինեգործներն ու տուրօպերատորներն ահազանգում են՝ Պուշկին, Աբովյան եւ Արամի փողոցներում, որտեղ այս պահին շինարարություն է ընթանում, որպես գերակա շահ օտարված այդ տարածքներում 19-րդ դարի գինու մառանները վտանգված են:

Այսօր «Մեդիա կենտրոնում» «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանն ասաց, որ 80 տուրօպերատորներով դիմել էին Երեւանի քաղաքապետարան եւ պարզել, որ նշված փողոցների հին շենքերը քանդվելու են, կառուցվելու են բազմաֆունկցիոնալ շենքեր: Մինչդեռ, ըստ Մանուկյանի, այդ շենքերը հետաքրքիր են զբոսաշրջության համար, իսկ այդ տարածքում կան գինեգործական կուժեր, հնձաններ, եւ հայտնի չէ դրանց ճակատագիրը. «Արդեն որերորդ տարին է, տուրիզմն ու գինեգործությունը համարվում են գերակա ճյուղ, այս ոլորտները քիչ գումարներ չեն բերում մեր տնտեսությանը, բայց մենք կորցնում ենք քաղաքի դեմքը, չենք կարողանում մեր պրոդուկտը վաճառել: Տուրօպերատորները զբոսաշրջիկներին 1 ժամից ավելի չեն կարողանում քաղաքով տանել, նրանք գնում են Երեւանից՝ գումարները չծախսելով: Հին շենքերը քանդում են ու կառուցում այդ թանկարժեք հյուրանոցները, որոնց պահանջարկը չկա»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանն էլ ասաց, որ այդ մառաններն ամբողջական տեսքով պահպանելը շատ կարեւոր է, ընդ որում, ոչ թե միայն հենց մառանները, այլեւ նրա շրջակայքը, պատմական միջավայրը. «Այդպես են վարվում ամբողջ աշխարհում:

Երեւանի տարածքում, չնայած այս ուրբանիզացիոն զարգացման ու քաղաքի դեմքի փոփոխությանը, կան նաեւ այլ տարածքներ. օրինակ Դալմայի հայտնի այգիները, որոնց ճակատագիրը կախված մնաց օդում: Վերջերս մեր կատարած հետազոտությունները ցույց են տալիս, որ այդտեղ կան 16-18 դարերի խանական շրջանի շատ լավ պահպանված հնձան-մառաններ, որոնք կարող են շատ լավ աշխատել զբոսաշրջության համար, ընդ որում այգիների հետ միասին: Դալմայի այգիներն աշխարհին հայտնի հնագույն այգիներից են՝ Վանի թագավորության շրջանից են»:

Գասպարյանի դիտարկմամբ՝ այդպիսի հին մառանները պետք է աչքի լույսի պես պահպանել, դրանք պատմական արժեքներ են, մեր հարստությունն է:

Մանրամասն՝ տեսանյութում

Գինեգործ, տեխնիկական գիտությունների թեկնածու Գարուշ Սամվելյանն էլ նկատեց, որ որպես գինեգործության բնօրրան հանդիսացող երկիր, պետք է պահպանվեն գինեգործության հետ կապված պատմական հուշարձանները, շենքերը, մառանները:

Անդրադառնալով քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի երեկ արված հայտարարությանը, որ նշված փողոցների գինու մառանները կպահպանվեն, բայց վրայի շենքերը կքանդվեն, Սամվելյանն ասաց, որ իր մասնագիտական տեսանկյունից դա այնքան էլ ճիշտ չէ, քանի որ միջավայրը պետք է պահպանել այն վիճակում, ինչպես կա. «Աշխարհում կան նման դեպքեր, օրինակ Պորտուգալիայում Պորտու գետի ափին կա մի գեղեցիկ պահպանված գինու փոքր արտադրություն, որտեղ նաեւ ռեստորան կա, դա բնութագրում է իրենց մշակույթը, հին շենքերի վրա լվացքն էլ է կախված մնացել»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ասուլիսի մեկ այլ մասնակցի՝ «Տիրինդի» գինեգործական ընկերության տնօրեն Հովակիմ Սաղաթելյանն էլ մառաններն ու հին շենքերը քանդելը համեմատեց Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» ստեղծագործության հերոսի հետ. «Աստծուց «բարաքյաթ» ենք ստացել, շնորհ ենք ստացել, փոխանակ օգտվենք, քանդում ենք այդ հարստությունը»:

Սաղաթելյանն ասաց, որ Պուշկին 4 հասցեում հանրահայտ Թայրանյանների ընտանիքն է ապրել, գինի պատրաստել, բայց հիմա դա էլ են քանդում. «Նրանք տիտաններ են, որ 19-20 դարում հայկական գինեգործությունն են վերակենդանացրել: Թայրովի տունն ու մառանը պետք է պահպանվի, դա առաջին ծիծեռնակը պետք է լինի, որ վերականգնվեն ստորգետնյա Երեւանը, մառանների Երեւանը, հենց հիմա բուլդոզերներն են այնտեղ աշխատում»:

Մանրամասն՝ տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29