Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ. Ջրծաղիկից մահացած Հայկ Խաչատրյանին ՀՀ դատարանը զրկեց նաև իրավունքներից

Փետրվար 24,2016 14:33

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը զբաղվում է 2011 թ. դեկտեմբերի 30-ին ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի իրավահաջորդ Մ. Խաչատրյանի իրավունքների պաշտպանությամբ: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանին և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Միքայել Միքայելյանին:

Սույն գործով 2015 թ. նոյեմբերի 17-ին կայացած դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց տուժող Հայկ Խաչատրյանի և տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանի դատավարական կարգավիճակը դադարեցնելու մասին՝ վկայակոչելով Քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասը (դատական քննության սահմանները): Միջնորդությունը հիմնավորվել է նրանով, որ ամբաստանյալներ Մ. Միքայելյանը և Մ. Մկրտչյանը որևէ կապ չունեն Հայկ Խաչատրյանի մահվան հետ: Մեղադրող դատախազ Ա. Եղիազարյանը չառարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ դատաքննության ընթացքում հիմնավորվել է Հայկ Խաչատրյանի մահվան և ամբաստանյալների գործողությունների միջև պատճառահետևանքային կապի բացակայությունը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մ. Շուշանյանը, առարկելով միջնորդության դեմ, դատարան ներկայացրած իր դիրքորոշման մեջ արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունը, ի դեմ դատախազ Ա. Եղիազարյանի, հայտարարում է, որ որևէ պարտավորություն չունի ՄԻԵԿ 3-րդ (խոշտանգումների արգելում) և 2-րդ (կյանքի իրավունք) հոդվածների խախտման փաստով արդյունավետ քննություն իրականացնելու:

Այնուամենայնիվ 2015 թ. դեկտեմբերի 29-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել պաշտպանական կողմի վերոնշյալ միջնորդությունը բավարարելու մասին:

2016 թ. հունվարի 11-ին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մ. Շուշանյանի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, որով արձանագրվում է, որ միջնորդությունը բավարարելու վերաբերյալ որոշմամբ խախտվում են տուժողի իրավահաջորդի մի շարք իրավունքներ: Այսպես՝ նախաքննության ընթացքում բացահայտվել է զինվորական բուժհաստատության պաշտոնատար անձի կողմից անփույթ վերաբերմունք ցուցաբերելու հանգամանքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, տվյալ դեպքում՝ մահ: Եվ Դատարանի որոշմամբ խախտվում են որպես տուժողի իրավահաջորդ ներգրավված Մովսես Խաչատրյանի իրավունքներն ու օրինական շահերը:

Առավել ևս, որ Քրեական դատավարության օրենսգիրքը չի սահմանում տուժողի իրավահաջորդի դատավարական կարգավիճակը դադարեցնելու հիմքեր և կարգ, հետևաբար՝ Դատարանը, բավարարելով տուժողի իրավահաջորդի դատավարական կարգավիճակը դադարեցնելու մասին միջնորդությունը, դուրս է գալիս օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից:

Վերաքննիչ բողոքում տուժող կողմը կարծիք է հայտնել նաև այն մասին, որ փաստորեն պաշտպանական կողմի, մեղադրող դատախազի և դատարանի միջև կայացվել է համաձայնություն՝ տուժող կողմին վարույթից հեռացնելու և հետագայում կայացվելիք դատավճիռը վերջնական դարձնելու նպատակով՝ դիտավորություն տեսնելով Դատարանի՝ նման դիրքորոշման մեջ. Դատարանի կողմից արդեն կանխորոշված է գործի ելքը և դրանով տուժող կողմը փաստացի զրկվում է դատարանի վճիռը բողոքարկելու հնարավորությունից:

Տուժող կողմը վերաքննիչ բողոքում նշել է նաև, որ նմանօրինակ որոշումներն են պատճառ դառնում Հայաստանի Հանրապետության դեմ կայացված ՄԻԵԴ վճիռների, որով էապես վնաս է հասցվում Հայաստանի միջազգային հեղինակությանը:

2015 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ ՀՀ Վերաքննիչ դատարանը անհետևանք է թողել տուժող Հայկ Խաչատրյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Մ. Շուշանյանի 2016 թ. հունվարի 11-ի վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով, որ դատական ակտը, որի դեմ ներկայացվել է բողոքը, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 3761 հոդվածի համաձայն ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման:

Նշենք, որ Հայկ Խաչատրյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը տարիների շարունակ քննվել է առաջին ատյանի դատարանում, որի շրջանակներում Հայկ Խաչատրյանը ճանաչվել է տուժող, իսկ Մովսես Խաչատրյանը՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ:

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից 03.10.2013թ. ընդունված «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ քրեական գործի վարույթը կարճվել է:

Վերոնշյալ որոշումը բողոքարկվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, որը 2015 թվականի մայիսի 21-ին որոշել է բեկանել ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ քրեական գործի վարույթը կարճելու և ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Հավելենք, որ կողմերը դիմել են նաև ՀՀ Վճռաբեկ դատարան, որը, սակայն, բողոքները վարույթ չի ընդունել:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29