Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք չեն կարող ձեռքերը լվանալ, դա չլվացվող մեղք է»

Մարտ 03,2016 15:30

Քաղաքական գործիչները՝ Մարտի 1-ի բացահայտման եւ անարդարության մասին, թե ինչու թալանված խանութների տերերին փոխհատուցեցին, իսկ զոհերի իրավահաջորդներին՝ ոչ:

8 տարի է՝ դուք ասում եք, թե Մարտի 1-ը բացահայտված է, իշխանություններն ասում են՝ մենք Մարտի 1-ի հետ կապ չունենք, ու արդեն 8 տարի է՝ ոչինչ այդ հարցում չի փոխվում. «Առավոտի» հետ զրույցում մեր այս դիտարկմանը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Իսկապես դառը ճշմարտությունը շատ ավելի լավ է, քան հորինված, հուսադրող սուտը: Բայց առանց հույսի էլ մարդ չի կարող ապրել»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն օրերս ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում մինչ օրս, անգամ Մարտի 1-ից հետո քաղբանտարկյալներ չեն եղել՝ բացի իրենցից: Այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Նման ձեւակերպումներին հրաշալի պատասխան է տալիս Սեյրան Սարոյանը: Կարծում եմ, իր՝ Մհերին տված պատասխանն այս ենթատեքստում լրիվ համահունչ է»:

Հիշեցնենք, որ Սեյրան Սարոյանը Մհեր Սեդրակյանի միջադեպի հետ կապված ասել էր՝ «Բիձա մարդ ա, ամբախ-զամբախ խոսացել ա»:

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի բացահայտմանը, Արամ Սարգսյանի խոսքերով՝ դատարանը պետք է որոշի մեղավորներին, եւ նրանք արժանի պատիժ պիտի ստանան. «Հասարակության ընկալման մեջ, իհարկե, գործը բացահայտված է: Ակնհայտ է, թե ում հրամանով էին 2008-ի փետրվարի 28-ին հասարակության համար որեւէ վտանգ չներկայացնող՝ Ազատության հրապարակում քնած մարդկանց վրա հարձակվում հատուկջոկատայինները: Ակնհայտ էր, թե ում հրամանով, ում բանսարկությամբ էր: Ում բանսարկությամբ եւ կեղծ հեռուստաելույթներով էր, որ բանակ մտցվեց Երեւան քաղաք մարտի 1-ին, եւ տեղի ունեցավ սպանդը»:

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը նույնպես գտնում է, որ Մարտի 1-ը բացահայտված է. «Շահառուն կա, արդեն մի քանի հազար տարի մարդիկ գիտեն, թե ով է շահում դրանից: ՀՀԿ-ն իր իշխանությունը դրանով երկարացրեց: Նրանք չեն կարող ձեռքերը լվանալ, դա չլվացվող մեղք է, վաղեմության ժամկետ չունեցող հանցագործություն»:

Մեր հարցին՝ բոլորն ասում են, թե Մարտի 1-ը բացահայտված է, բայց դրան իրավական գնահատական ե՞րբ կտրվի, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Դա մեծ քրգործի շրջանակներում իրականացված գործողությունների շարք է, եւ դրա համար պետք է ՀՀ իրավապահ համակարգի արդյունավետ եւ գործուն միջոցառումների կիրառում, ինչը մինչ օրս չի արվել: Չի արվել, որովհետեւ չի եղել քաղաքական կամք, որ արվեր: Քաղաքական պատասխանատվության առումով պարզ է, որ Մարտի 1-ի պատասխանատուները տվյալ ժամանակի իշխանություններն են, որոնք մինչ օրս շարունակում են: Իրավական առումով գոնե այն «Չերյոմուխա»-ների կիրառման մասով կարելի էր քննությունը հասցնել ինչ-որ հանգամանքի, որ գտնեին այդ մարդկանց, որովհետեւ գիտեն, թե «Չերյոմուխա» զենքն ովքեր են ստացել, ով է հրաման տվել:

Գոնե այս առումով կարելի էր Փաստահավաք խմբի նյութերն օգտագործել ու հարց բարձրացնել, գոնե այդ մասով մարդկանց պատասխանատվության ենթարկեին, բայց սա էլ չի արվել: Իսկ սա հստակ ուղեցույց է՝ ասելու, որ քաղաքական կամք չի եղել: Մինչեւ ՀՀ-ում քաղաքական համակարգային փոփոխություններ չլինեն, նման հարցեր չեն լուծվելու»:
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների փոխհատուցման հարցն է պարբերաբար բարձրացվում, որին ականջալուր չէ իշխանությունը: Դրանով իրենք ի՞նչ հարց են ուզում, չե՞ն ուզում այդ հարցում ընդառաջ գնալ, թե՞ փոխհատուցում տալ՝ կնշանակի, որ պատասխանատվություն են վերցնում Մարտի 1-ի համար, պարոն Մարուքյանը պատասխանեց. «Անարդարությունը գիտեք որտեղից է գալիս, եթե մի կողմ թողնենք չքննված կամ կիսատ-պռատ քննված գործերի պատմությունը, մյուս կողմից ունենք Մարտի 1-ի զոհերի հարազատներ, որոնք իրենց կրած բարոյական վնասի դիմաց որեւէ կերպ պետության կողմից չեն փոխհատուցվել: Անարդարությունն այն է, որ անգամ թալանված խանութները, այրված մեքենաները, տարբեր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքին հասցված վնասները պետությունը փոխհատուցել է: Անարդարությունն այստեղ է, քանի որ պետությունն ուներ պարտավորություն պաշտպանելու բոլորի կյանքի իրավունքը ցանկացած իրավիճակում, այդ թվում նաեւ Մարտի 1-ի նման դեպքերի ժամանակ: Պետությունն իր պարտականությունը չի կատարել, մարդկանց կյանքի իրավունքը չի պաշտպանել, տեղի է ունեցել կյանքի իրավունքի զանգվածային խախտում, որի արդյունքում ունենք զոհեր: Նախագիծ ունենք խորհրդարանում, ես պատրաստ եմ դրա տակ ստորագրել, կողմ քվեարկել: Դա անգամ այսօրվա քաղաքական համակարգում լուծվող խնդիր է: Չկա այնպիսի հարց, որ եթե մենք տալիս ենք փոխհատուցում, ուրեմն պատասխանատվություն ենք ստանձնում: Ամեն դեպքում, որպես պետություն, մենք դրա համար պատասխանատվություն ենք կրելու՝ այսպես, թե այնպես»:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ լավ կլինի, որ մինչեւ Մարտի 1-ի գործերով ՄԻԵԴ-ում որոշում կայացնելը մենք ազգային մակարդակում այդ խնդիրը լուծենք, որ ստացվի՝ ոչ թե եվրոպական դատարանների ծանրության ներքո ենք անում, այլ մեր ազգային համակարգում:

Իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը գտնում է, որ փոխհատուցման պահանջը սխալ է. «Ընդհանրապես, նույնիսկ Եղեռնից սկսած՝ կտրականապես դեմ եմ գաղափարական, արյան զոհերին ֆինանսական փոխհատուցում տալուն: Բայց ինձ թվում է, որ դա անմիջական տուժածների հարազատների խնդիրն է, որովհետեւ տուժածներն են իրավահաջորդները, եւ իրենք իրավունք ունեն փոխհատուցման հարց բարձրացնելու»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031