Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրո հարցը ինֆորմատիկայի դասաժամին (պատմվածք)

Մարտ 03,2016 12:56

Համակարգչային գրագիտության դասընթացներ կազմակերպելու նպատակով ստեղծված ընկերությունը ութ տարի անց լուծարքի ենթարկվեց և ես՝ այդ հիմնարկի տնօրեն պարոն Փայլակ Փայասլյանս անգործ մնացի:

Բայց շուտով ծանոթներիցս մեկը առաջարկեց դպրոցում ինֆորմատիկայի ուսուցչի թափուր մնացած հաստիքը զբաղեցնել: Այն ժամանակ դեռ ինֆորմատիկայի կարգին ծրագրեր և գրքեր չկային և երբ կայացավ իմ հանդիպումը այդ դպրոցի տնօրենի հետ, մենք պայմանավորվեցինք, որ ուսուցումը կանցկացնեմ այն նույն ծրագրով, որով մեր ուսումնական կենտրոնում պատրաստում էինք համակարգչային օպերատորներ:

Ինֆորմատիկա առարկային դպրոցի բարձր դասարաններում հատկացված էր շաբաթական ընդամենը մեկ ժամ (նույնիսկ 45 րոպե): Այնպես որ մեր կազմած ծրագիրը լիուլի ապահովում էր իններորդ և տասներորդ դասարանների ուսումնական ծրագրերի պահանջներին:

Այդ օրը դպրոցի 10բ դասարանում պարապմունք ունեի: Երբ դասասենյակ մտա, Վաղինակ անունով մի աշակերտ, իրեն աստղի կարգավիճակում դրած՝ երկաթյա հաստ ձողը գրկած երգում էր:

Դեռ խորհրդային ժամանակներից ստեղծված ինֆորմատիկայի դասասենյակի մի անկյունում խոսափողի մի հաստ ու երկար ձող էր մնացել, որը ինձ համար անհայտ պատճառներով, չգիտես ինչու խնամքով պահպանվում էր: Երևի որպես գույք հաշվառված էր դպրոցի ունեցվածքի ցուցակում: Վաղինակը ինձ չնկատելու տվեց և շարունակեց երգել: Հետո աշակերտները հասկացրին, որ ես ներս եմ մտել, նա էլ իբր գլխի ընկնելով դադարեցրեց երգելը:

Ես էլ իմ հերթին չնկատելու տալով նրա արարքը, քայլերս ուղղեցի դեպի դասասենյակի վերջնամասը, որտեղ շարված էին համակարգիչները, դարակից հանեցի փոքրիկ խոսափողը, որը պատրաստել էի այդ օրվա դասը վարելու համար, միացրեցի համակարգչին և պատրաստելով նաև հեռարձակող բարձրախոս սարքերը, Վաղինակին կանչեցի ինձ մոտ:

Նա դժկամությամբ մոտեցավ ինձ, երևի սպասելով իմ նախատինքի խոսքերին:

-Ահա՛ քեզ, իսկական խոսափող, ամրացրու պիջակիդ, խնդրեմ երգիր և ես կձայնագրեմ, իսկ լավ ստացվելու դեպքում՝ դասարանով կլսենք քո երգերը:

Վաղինակը անակնակալի գալով շփոթվեց, կարմրեց ու մի պահ լուռ կանգնեց, երևի չկողմնորոշվելով ինչպես վարվել:

-Էլ չեմ անի, ընկեր Փայասլյան,-մի կերպ արտասանեց Վաղինակը, խոսափողը չվերցրեց, շուռ եկավ և առանց իմ թույլտվության դասարանից դուրս փախավ:

Մի պահ դասարանը լռեց, երևի զարմացած էր իմ հանկարծակի առաջարկության ու Վաղինակի անսովոր պահվածքից:

Սակայն, օգտվելով ստեղծված իրավիճակից և իմ պատրաստակամությունից՝ նրանց ցանկությունը իրականացնելու գործում, դասարանի համարձակ աղջիկներից մեկը՝ Մարինեն դիմելով ինձ, ասաց.

-Ընկեր Փայասլյան, մենք դասարանով հարցաթերթիկ ենք պատրաստել, որը բաղկացած է 62 կետերից, խնդրում ենք Ձեզ՝ առաջինը գրել ձեր պատասխանները յուրաքանչյուր հարցի դիմաց:

Ես, իհարկե, անակնկալի եկա այդպիսի հանկարծակի շրջադարձային առաջադրանքից, մի պահ շփոթվեցի, թե ինչպես պիտի վարվեմ հիմա: Վաղինակը դուրս գնաց, դասը խանգարվեց, հիմա էլ՝ առաջարկում են հարցաթերթիկ լրացնել:

-Տվեք ինձ հարցաթերթիկը և ես խոստանում եմ, որ մյուս դասին պատասխանները լրացրած ձեզ կհանձնեմ,-ասացի ես,-իսկ հիմա շարունակում ենք մեր դասը:

-Լա՛վ էլի, հիմա պատասխանեք,-միաբերան, կարծես խոսքները մեկ արած, լսվեց աշակերտների խնդրանքը:

-Բայց մենք այսօրվա թեմա ունենք,-ասացի ես, պլանից հետ կմնանք:

-Եթե պլանից հետ մնանք, շաբաթ օրը լրացուցիչ կգանք, կպարապենք,-վրա տվին աղջիկները:

Տղաները լուռ հետևում էին այս բանակցություններին միայն, երևի նրանց այնքան էլ չեր հետաքրքրում այդ չարաբաստիկ հարցաթերթիկի ճակատագիրը:

-Դե՛, լավ, որ շատ եք ցանկանում,-ասացի ես,- այն հիմա կլրացնեմ միայն մի պայմանով, եթե դուք այդ ընթացքում բացարձակապես լուռ մնաք:

-Համաձայն ենք, համաձայն ենք, խոստանում ենք-միաբերան գոչեցին աղջիկները և տիրեց քար լռություն, որը նշանակում էր, թե պայմանը ընդունված է:

Ես վերցրի աշակերտական տետրը, հերթով սկսեցի կարդալ հարցերը, ապա դրանց պատասխանները գրել՝ ըստ հարցի կարևորության կամ սպասվող ծավալի: Հարցեր կային, որոնց լուրջ էի պատասխանում, բայց կային նաև այնպիսիները, որոնց հումորով էի վերաբերվում:

Մոտ քսան րոպե տևեց գործընթացը, որի ընթացքում դասարանում նույնիսկ շշուկներ չէին լսվում, այնքան սպասողական ու լարված վիճակում էին գտնվում աշակերտները:

-Ահա և վերջ,-ասացի ես և աշակերտական տետրը հանձնեցի նրանց:

Եվ ինչ տեղի ունեցավ հետո, միայն ինձ և այդ դասարանի աշակերտներին է հայտնի: Նրանք արագորեն խլեցին տետրը իմ ձեռքից և խմբվելով իրար գլխի, հանձնարարեցին արագ կարդացող Լարիսային բարձրաձայնել իմ պատասխանները: Ամեն մի հարցի պատասխանը լսելուց հետո հնչում էր հիացական աղմուկը կամ շռնդալից ծիծաղը, իսկ որոշ դեպքերում էլ դիմելով ինձ հարցնում էին.

-Իրո՞ք այդպես է եղել, ընկեր Փայասլյան:

Իմ պատասխանից հետո կամ ծիծաղը նորից էր պայթում կամ ընդունվում էր ի գիտություն և կարդալը նորից շարունակում էին:

Անցել է քսանից ավելի տարիներ, ցավոք սրտի այդ հարցադրումներից գրեթե ոչինչ չեմ հիշում, բացի 9-րդ հարցի պատասխանից, որտեղ գրված ՝«Դուք քանի՞ անգամ եք սիրահարվել» հարցին, ես կարճ ու կտրուկ պատասխանել էի՝ 13, շեշտելով այդ չարաբաստիկ թիվը, որը որպես կանոն հասարակության կողմից անհաջողության սիմվոլ է համարվում:

Ամենափոթորկուն քննարկումը հենց այդ պատասխանի շուրջ տեղի ունեցավ, որի համար ես ստիպված էի նրանց բազմաթիվ հարցերին պատասխանել լուրջ կամ հումորով: Երևի այդ հարցը տվյալ հասակի աղջիկներին առավել շատ էր հետաքրքրում:

Ինֆորմատիկայի դասաժամը, բնականաբար, տապալվեց, չհաշված այն, որ հաջորդ շաբաթվա դասաժամին այն իր շարունակությունն էլ ունեցավ:

Բայց ամենակարևորն այն էր, որ դպրոցի տնօրենի ուսումնական գծով տեղակալ ընկեր Հայարփի Վարդևանյանը չիմացավ այդ մասին, թե չէ մանկավարժական խորհրդում հարցս անպայման կքննարկվեր ու համապատասխան որոշում կկայացվեր: Երևի բախտս բերեց:

 

ՍԻՄԱԿ  ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031