Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանական գերատեսչությունում մեծարել են հայ կանանց

Մարտ 04,2016 19:40

Հայ կանայք անսպառ սիրո, բարության ու ջերմության անխոնջ սերմնացան են, բայց և` ամրակուռ զրահ թշնամու հանդիման: Նրանց սրտում հայրենիքն է բովանդակ, նրանք են մեր ոգու անառիկ ամրոցը: Այսօր շատ ու շատ կանայք ու աղջիկներ ոչ միայն հայրենասեր զինվոր են դաստիարակում, այլև զինվորական ուսադիրներն ուսերին առած, անտրտում կիսում են բանակի առաջ դրված խնդիրները լուծելու պատասխանատվությունը`  իրենց կանանցիությամբ, ու քնքշությամբ նրբին երանգներ հաղորդելով զինվորական միջավայրին:

Եվ բնավ պատահական չէ, որ Պաշտպանության նախարարության հյուրընկալ հարկի ներքո գարնանային գեղեցիկ տոնը նշելն ավանդույթ է դարձել:

Մարտի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Կանանց տոնին նվիրված հանդիսավոր միջոցառում: Միջոցառման սկզբում ներկայացվել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում պատրաստված պայմանագրային զինծառայողների կանանց նվիրված «Սպասիր և ես կգամ» վավերագրական տեսաֆիլմը, որին հաջորդել են շնորհավորական ելույթներ, մեծարանքի ու գնահատանքի խոսքեր, բնականաբար, ուղղված օրվա հերոսներին` հայուհիներին, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, կին զինծառայողներին ու ազատամարտիկներին, հայ զինվորների մայրերին և հատկապես նրանց, ում որդիներն իրենց կյանքը դրել են Հայրենիքի զոհասեղանին:

Շնորհավորելով կանանց տոնի կապակցությամբ և իր խոնարհումը բերելով հերոսներ ծնած մայրերին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ կանայք մշտապես առանցքային դերակատարություն են ունեցել հայ ժողովրդի պատմության ընթացքում և այսօր էլ, ի թիվս պետական հասարակական բազմաթիվ ոլորտների, հայ կանայք ու աղջիկները նաև զինված ուժերի շարքերում են:

Կանանց միջազգային տոնի կապակցությամբ պաշտպանության նախարարի հրամանով զինված ուժերի մի շարք կին զինծառայողներ, պատերազմի վետերաններ, ազատամարտիկներ, ազգային բանակում միաժամանակ ծառայող երեք զինվորների մայրեր պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:

Տոնական միջոցառման ավարտին ներկայացվել է համերգային գեղեցիկ ծրագիր: Հյուրերին իրենց երաժշտական կատարումներով ողջունել են հայկական էստրադայի երգիչ-երգչուհիները և ՊՆ Սպայի տան «Զորական» համույթի սաները:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031