Լրահոս
Օրվա լրահոսը

Դերասան. «Թատրոնում է երեխան տեսնում իր երեւակայության կոկորդիլոսին»

Մարտ 21,2016 14:44

«Որքան էլ ասեն, թե երեխային դժվար է բերել թատրոն, Տիկնիկային թատրոնին դա չի վերաբերում: Այն դրական լիցքերը, որոնք երեխաները ստանում են թատրոնում, ոչ մի մուլտֆիլմից կամ համակարգչային խաղից չեն ստանա: Թատրոնում անհնարինը դառնում է հնարավոր: Փաստ է, որ տիկնիկի թատերային հնարավորություններն ավելի մեծ են, քան դերասանինը: Տիկնիկը կարող է անհետանալ, փոխել չափը, գույնը…Երեխայի համար կոկորդիլոսը կարող է ունենալ թեւեր, լինել ոչ թե կանաչ, այլ կապույտ: Հենց թատրոնում երեխան կարող է տեսնել իր երեւակայության կոկորդիլոսին»,-այսօր` Տիկնիկային թատրոնի միջազգային օրվա առթիվ «Անդրադարձ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսին նշեց Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասան, մնջախաղաց Իննա Հախնազարյանը:

Նա ներկայացրեց տիկնիկների պատրաստման հետաքրքիր գործընթացը. «Ամեն ինչ սկսվում է էսքիզից: Երբ նկարիչը գծում է էսքիզը, պարզ է դառնում, թե ինչպիսին է լինելու տիկնիկը: Անչափ հետաքրքիր է տիկնիկագործի աշխատանքը: Տիկնիկը կենդանանում է դերասանի ձեռքում եւ ապրում հանդիսատեսի հետ: Շունչ ստանալով` այն ինքն է սկսում քայլվածք եւ պահվածք թելադրել: Սա կախարդական կարողություն է, որը գերում է ինձ որպես դերասան, նաեւ հանդիսատեսին»:

Իննան նկատեց, որ ներկայացումները զարգացնում են երեխայի երեւակայությունը եւ գեղագիտական ճաշակ ձեւավորում. «Թատրոնն ունի տիկնիկների բոլոր տեսակներով ներկայացումներ, դիմակների, ստվերների թատրոնի եւ մնջախաղային ներկայացումներ: Դրանք սկսում են ապրել հանդիսատեսի հետ: Երեխաների միջոցով է ներկայացումը դառնում ինտերակտիվ: Նրանց արձագանքից ես հասկանում, որ ներկայացումը հաջողված է»:

Դերասանը նաեւ նշեց, որ նախորդ տարի մասնակցել է Ռուսաստանում տեղի ունեցած Տիկնիկային փառատոնին. «Այն մեզ համար մեծ նշանակություն ունի. ոչ միայն հնարավորություն է տալիս ծանոթանալու այլ ժողովուրդների մշակույթին, այլեւ հերքում է մեր` փոքր պետություն լինելը: Եթե լավ ներկայացումներով ենք ներկայանում, դրանք դառնում են մեր երկրի այցեքարտը: Միայն 2014 թվականին ԱՄՆ-ում 4 մրցանակի ենք արժանացել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031