Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԱՖ Հայկական առաջին ճակատը արտասահմանցի մարզիչ, ՀՖՖ նախագահի հրաժարական եւ աշխարհի առաջնության ուղեգիր է պահանջում

Մարտ 21,2016 18:45

Այսօր ՖԱՖ Հայկական առաջին ճակատ ֆան ակումբի ղեկավար խորհրդի անդամներ Սերգեյ Ջանջուղազյանը, Էդգար Խաչատրյանը, Արսեն Զաքարյանը եւ Էդգար Պետրոսյանը ԶԼՄ-ների հետ հանդիպմանը խոսեցին ՀՀ ֆուտբոլի արդի վիճակի վերաբերյալ իրենց պատկերացումների եւ ՖԱՖ-ՀՖՖ հարաբերությունների մասին:

«Նախորդ տարվա վերջին մենք հանդես եկանք երեք պահանջով, որոնցից ոչ մեկը չկատարվեց: ՀՖՖ նախագահի հրաժարականն արդի է մինչ օրս: Ուզում ենք խոսել ֆուտբոլում այսօրվա իրավիճակի մասին: Մենք ունենք մի ցանկություն. հասնել այն բանին, որ հավաքականում ունենանք արտերկրից հրավիրված մարզիչ՝ ունենանք մի իրավիճակ, որ բոլոր արժանի, լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստները հրավիրվեն հավաքական եւ այնտեղ լինի լավ մթնոլորտ: Բայց այսօր փորձ է արվում մեր հավաքականից հեռու պահել, կտրել ըմբոստ, պահանջատեր, ազատամիտ անհատներին եւ կազմակերպություններին՝ ֆուտբոլիստներին, լրատվամիջոցներին, երկրպագուներին:

Ֆեդերացիայի նախագահը հայտարարել էր, թե որոշ ֆուտբոլիստներ տուրիստական հակումներով են գալիս հավաքական: Մենք, որ ժամանակին հայտարարել էինք, թե հավաքականի գլխավոր մարզիչ լինելու է Վարուժան Սուքիասյանը, ճիշտ դուրս եկավ: Գիտեինք նաեւ, որ հավաքական չեն հրավիրվելու Արզումանյանը, Մովսիսյանը, Կասպարովը, Գեւորգ Ղազարյանը: Ինչպես տեսնում ենք, այդ ամենն իրականացել է: Չենք ցանկանում հստակ նշել, որ այդ ֆուտբոլիստները հետագայում էլ չեն կանչվելու, բայց որոշ շրջանակներում արդեն նշվում է սեւ ցուցակի մասին. այս ֆուտբոլիստները այսուհետ չեն լինելու մեր հավաքականում: Դա շատ մտահոգիչ փաստ է մեր երկրպագուների համար, որովհետեւ այս կերպ ոչ թե փորձ է արվում լավացնել հավաքականում մթնոլորտը, այլ այս երեւույթը խաթարելու է դա», – հայտարարեցին բանախոսները եւ շարունակեցին. «Մի երեւույթի մասին էլ ենք ուզում խոսել: Դեկտեմբերի 28-ին հայտարարվել էր Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպման մասին: Բայց մի քանի շաբաթ առաջ հայտարարվեց, որ այդ խաղը լինելու է նաեւ մեր լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի հանդիպումը: Եթե կազմակերպվում է հրաժեշտի խաղ՝ մի ֆուտբոլիստի, որը բոլորիս համար պարծանք է, դա չի կարող լինել ուղղակի օդից կախված մի որոշում: Իսկ այստեղ ամենակարեւորը, որ ցանկանում ենք արձանագրել, այն է, որ առաջատար ֆուտբոլիստներին չի կարելի չհրավիրել: Նույնիսկ, եթե Ռոբերտ Արզումանյանը հայտարարել էր, թե չի ցանկանում հանդես գալ հավաքականում, պետք էր նրան համոզել, հետը բանակցել, խնդրել, որ թեկուզ ոչ մարզազգեստով անպայման գա, ներկա գտնվի Բերեզովսկու հրաժեշտի խաղին»:

Բանախոսները խոսեցին նաեւ որոշ լրատվամիջոցների Հայաստան-Բելառուս հանդիպմանը չհավատարմագրելու, ՖԱՖ (Հայկական առաջին ճակատ) ֆան ակումբին «իրենց» հարավային տրիբունայում անհրաժեշտ քանակությամբ տոմս ձեռք բերելուն ՀՖՖ-ի ստեղծած արհեստական խոչընդոտների մասին (Aravot.am-ը վերջինի մասին գրել է)՝ տեղեկացնելով, որ այդ տեղերն ամրագրված, հետո էլ՝ արգելափակված են: ՖԱՖ-ի համոզմամբ, այդ ամենն ուղղված է իրենց դեմ եւ գրեթե վստահ են, որ այդ ամրագրված տոմսերի մեծ մասը վերադարձվելու է եւ հանդիպման օրը մարզադաշտում լինելու է 3-5 հազար հանդիսատես:

Aravot.am-ի հարցին, թե Վարուժան Սուքիասյանը որպես հավաքականի գլխավոր մարզիչ դեռ առաջին փորձությունը չանցկացրած, արդեն կանխակալ վերաբերմունք է ձեւավորվում նրա դեմ եւ ՖԱՖ-ը ընկերական այս հանդիպման համար տոմսեր ձեռք բերելու նպատակով պաշտոնապես հայտ ներկայացրե՞լ է, բանախոսները պատասխանեցին, որ իրենք մարզչի կամ հավաքականի ֆուտբոլիստների դեմ ոչինչ չունեն, իրենց պահանջը ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականն է: «Մենք կշարունակենք ամեն կերպ աջակցել մեր թիմին: Բայց պահանջ ունենք. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ մտնելը, ինչի հնարավորությունը ունենք: Եթե ուղեգիր չնվաճենք, դա ձախողում կհամարենք: Իսկ ինչ վերաբերում է հայտ ներկայացնելուն, երբ մարտի 14-ից սկսած տեսանք, որ մեր դեմ տոմսեր ձեռք բերելու ճանապարհները փակվում են, հայտ ներկայացնելու նպատակահարմարություն այլեւս չտեսանք»:

ՖԱՖ-ի մամուլի ասուլիսի այլ մանրամասները կարդացեք «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031