Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 27-ի գործի շրջանակներում Սերժ Սարգսյանը և Արամ Սարգսյանը չեն հարցաքննվի

Մարտ 22,2016 16:27
hoktemberi 27

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արդեն տեղեկացրել է, որ 2016 թ. փետրվարի 9-ին ՀՀ Գլխավոր դատախազություն ուղարկված գրությամբ պահանջել է իրավական գնահատական տալ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանի՝ 1-in.am լրատվական կայքում հրապարակված այն հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիրապետում է արժեքավոր տեղեկության 1999 թ. հոկտեմբերի 27-ի դեպքերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Կազմակերպությունը պահանջել էր հարցաքննել Սերժ Սարգսյանին և Արամ Սարգսյանին:

Ավելի քան 1 ամիս անց միայն՝ 2016 թվականի մարտի 17-ի պատասխան գրությամբ ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ նույն լրատվամիջոցին տված մեկ այլ հարցազրույցում Արամ Զ. Սարգսյանը մասնավորապես նշել է. «Գիտեք, ես չեմ ասել, որ Սերժ Սարգսյանը գիտի՝ ով է կազմակերպել: Ես ասել եմ, որ ինքն էլ էն կարծիքին չէ, որ Հոկտեմբերի 27-ը չունի կազմակերպիչներ:»

Հիմք ընդունելով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ա. Զ. Սարգսյանի վերոնշյալ հարցազրույցը՝ ՀՀ Գլխավոր դատախազությունը գտնում է, որ ՀՀ Նախագահին և Արամ Սարգսյանին հարցաքննելու՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պահանջն անհիմն է, քանի որ Արամ Սարգսյանի վերոնշյալ հայտարարությունից ենթադրելի է, որ Սերժ Սարգսյանը ընդամենը կարծիք է հայտնել:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվարի 11-ին www.1in.am կայքում հրապարակվել էր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արամ Զավենի Սարգսյանի հարցազրույցը, որում վերջինս, մասնավորապես, նշել է. «….Ես ուզեցել եմ հասկանալ՝ որտեղից էր Հոկտեմբերի 27-ի արյունը՝ դրսի՞ց էր, թե՞ ներսից, որովհետև Սերժ Սարգսյանը ինձ խոստովանել է, որ դա կազմակերպված էր, որ մի օր պիտի ասի, թե այդ ով էր կազմակերպել: Թող ասի, ես սպասում եմ այդ պատասխանին»:

Փոխանակ քննչական գործողությունների՝ Սերժ Սարգսյանին և Արամ Սարգսյանին հարցաքննելու ուղղությամբ համապատասխան ցուցումներ տալու, և միմիայն այդ հարցաքննություններով ձեռք բերված տվյալների հիման վրա եզրակացություն կազմելու, ՀՀ Գլխավոր դատախազությունը դրա փոխարեն սահմանափակվում է իր ենթադրությունների ներկայացմամբ:

Այսպիսով, ՀՀ Գլխավոր դատախազությունը ակնհայտ ջանք չի գործադրում ՀՀ Ազգային ժողովում 1999 թ. հոկտեմբերի 27-ին իրականացված ահաբեկչական գործողության կազմակերպիչների մասով քննություն կատարելու ուղղությամբ:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031