Լրահոս
Օրվա լրահոսը

Բարի կամքն՝ ըստ իշխանությունների

Մարտ 24,2016 16:30

Եթե կարելի է ծանոթանալ, ինչո՞ւ չի կարելի հրապարակել

«Ակնհայտ է, որ դա որոշակի ընդառաջ քայլ է, մանավանդ, որ ընտրություններից հետո երկու ժամ դիտորդներին հնարավորություն է տրվում ադ ցուցակներից գրառումներ կատարել այն անձանց մասով, ովքեր քվեարկել են: Դա, իհարկե, հարցի ամբողջական լուծում չէ, ընդդիմության պահանջը մասամբ է բավարարվում, բայց որոշակի առաջընթաց է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցություն» կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով քվեարկությունից հետո քվեարկածների ցուցակները հրապարակելու ընդդիմության պահանջին ի պատասխան իշխանության առաջարկած այլընտրանքին: Քվեարկությունից հետո քվեարկածների ցուցակների հրապարակումը ընդդիմության առանցքային հինգ պահանջներից մեկն է: Իշխանությունները մինչ այս պատրաստակամություն էին հայտնել քննարկելու ընդդիմության առաջարկներից տեղամասերում տեսախցիկներ տեղադրելու հարցը: Ընտրացուցակները «մաքրելու» տարբերակ համարում են նույնականացման քարտերով քվեարկությունը եւ այլն: Քվեարկությունից հետո քվեարկածների ցուցակների հրապարակման մասով մինչեւ երեկ իշխանություններն անդրդվելի էին եւ իբրեւ վերջին ատյանի ճշմարտություն վկայակոչում էին Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը. այդ քայլը մարդու իրավունքների խախտում է: Երեկ նոր Ընտրական օրենսգրքի նախագծի հեղինակներից՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ առաջարկում են քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակները հրապարակելու փոխարեն՝ դրանք ստուգել համակարգչային հատուկ ծրագրի միջոցով: «Ընտրություններից հետո մասնակիցների ամբողջ ցանկը, այսպես կոչված` էլեկտրոնային ընտրողների ստորագրած ցուցակները կհամեմատվեն միմյանց հետ: Ոչ թե կհրապարակվեն, այլ կլինի ծրագիր, որը ենթարկվել է տեխնիկական աուդիտի, եւ որը կհամեմատի այդ ցուցակները պոստ ֆակտում, այսինքն` քվեարկությունից հետո»,- խորհրդարանական լսումներում հայտարարել էր Դավիթ Հարությունյանը:

Ստեփան Գրիգորյանը եւս նույնականացման քարտերով քվեարկությունը համարում է ընտրացուցակների «մաքրման» լավագույն տարբերակներից մեկը: Նա առաջարկում է այս մասով կիրառել Կանադայի օրինակը եւ ընտրացուցակները «մաքրել» այն մարդկանցից, ովքեր երկու տարուց ավելի բացակայում են հանրապետությունից: Նա կարծում է, որ այս հարցում, իրավականից բացի՝ իշխանությունը նաեւ քաղաքական մոտեցում պիտի դրսեւորի`ցույց տալով, որ կամք է դրսեւորում՝ մինչ այժմ կայացած ընտրություններից լավ ընտրություններ կազմակերպելու, հնարավորինս «փակելով» կեղծիքների ճանապարհը, մասնավորաբար՝ այլոց փոխարեն քվեարկելը: «Լսումներում իշխանության ներկայացուցիչների ելույթներից ես հասկացա, որ իրենց համար առաջիկա ընտրական գործընթացների մասով շատ կարեւոր են հասարակության տրամադրություններն ու տրամադրվածությունը, ընտրական գործընթացների նատմամբ ինչ-որ չափով վստահության բարձրացումը: Լիարժեք արտահայտվելու հնարավորություն ունեցան նաեւ բավական կոշտ դիրքորոշում ունեցողները»,- ասում է մեր զրուցակիցը:

«Երկու ժամ, կես ժամ եւ այլն, այդ ամենը մանիպուլյացիաներ են: Եթե հնարավորություն կա ծանոթանալու` ինչո՞ւ չի կարելի տպված վիճակում տեսնել: Բացի այդ, մենք ոչ միայն ցանկանում ենք ինքներս տեսնել, այլ հասարակությանը եւս ծանոթացնել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` նկատի ունենալով, որ ընդդիմությունն այնպիսի ռեսուրսներ չունի, որ կարճ ժամանակահատվածում բացակա քաղաքացիների փոխարեն քվեարկությունների մասով բացահայտումներ անի: Այս հարցում ակնկալում են հասարակության աջակցությունը: Ըստ ընդդիմադիր գործչի՝ սեփական թվանկարչությունը կոծկելու համար իշխանությունը ջանում է տարբեր եղանակներով, տարբեր, իբր, ընդառաջ քայլերի գնալ` հիմնական մոտեցումը թույլ չտալու համար. «Իհարկե, դա ընդունելի չէ»:
Արմեն Մարտիրոսյանին բարկացնում է իշխանության ներկայացուցիչների այն պնդումը, թե քվեարկածների ցուցակների հրապարակումը կարող է լծակ դառնալ հենց իշխանության ձեռքին` ընտրություններին մասնակցությունը մարդկանց պարտադրելու համար: Այդ մասին օրերս խոսել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Ախր, գերատեսչությունների աշխատակիցները հատ-հատ գրանցված են, թե ով որ ժամին պիտի գնա քվեարկության, ՀՀԿ-ի ներկայացուցիչն էլ պյլուս-մինուսով դնում է` ով եկավ, ով չեկավ: Էդ գերատեսչությունների աշխատողները առյուծի կա՞թ են խմել, թե՞ չգիտեմ ինչ են կերել, որ խիզախություն ունենան եւ ընտրությունների չգնան: Հլը թող չգնան` տեսեք ոնց են հաջորդ օրն աշխատանքից հանում: Ո՞վ դա չգիտի, որ հիմա նոր բան են ասում: Իբր մինչեւ հիմա գաղտնիք ա եղե՞լ, հիմա էլ գաղտնի են պահո՞ւմ»,- իր վրդովմունքը բարձրաձայնեց Արմեն Մարտիրոսյանը:

 
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031