Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Քոչարյան. «Յուրաքանչյուրը իր տեղն է ուզում գտնել արեւի տակ 2017 թվականից առաջ»

Մարտ 24,2016 14:37

«Պարզ է, որ արդեն սկսվել է նախընտրական շրջանը եւ բավականին բուռն է սկսվել»,- մարտի 24-ին «Անալիտիկ» մամուլի ակումբում, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյան:

Ըստ նրա, ընդդիմադիր դաշտը փաստացի դատարկ է այն առումով, որ չկա ընդգծված առաջնորդ, եւ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները կամ միավորումները հասկանում են, որ այդ առաջնորդի դերը կարող են իրենք կատարել. «Բնական է, բոլորը նետվել են մարտի, որպեսզի իրենք դառնան այդ առաջնորդը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, այսինքն՝ դիրքավորում է սկսվել: Նույն դիրքավորումը սկսվել է իշխանության մեջ, պատահական չէր, երբ ԲՀԿ-ի պատգամավորները Ազգային ժողովի ամբիոնից ասում էին, որ 30 հոգանոց խմբակցությունը թողած` 5 հոգանոցին եք առաջարկում պորտֆելներ: Այսինքն՝ այնտեղ էլ կա պայքար դիրքավորվելու համար:

Ես դեռ խոսում եմ ԲՀԿ-ի եւ Դաշնակցության մասին, նույն Հանրապետականի մեջ ինչ է կատարվում, ոնց են փորձում տարբեր բեւեռներ՝ սկսած տարիքային առումով՝ երիտասարդներ, մեծեր, վերջացրած տարբեր խմբավորումների առումով՝ մեծամասնականի հատվածը, համամասնականի հատվածը, ավելի քաղաքականացվածը, ավելի օլիգարխիկը: Այս պայքարը այնքան պարզ է արդեն, որ մամուլից վրադ է գալիս ամեն օր, երբ բացում ես յուրաքանչյուր կայք կամ յուրաքանչյուր թերթ: Դա նորմալ եմ համարում, պայքար է՝ յուրաքանչյուրը իր տեղն է ուզում գտնել արեւի տակ 2017 թվականից առաջ»:

Կարեն Քոչարյանը համարում է, որ կմնան նրանք, ովքեր ճիշտ կգտնեն իրենց դիրքը. «Պարզ է, որ արմատական առումով փորձում է դիրքավորվել Նիկոլ Փաշինյանը: Կարծես թե այդ արմատական հռետորաբանությունը բավականին երկար ժամանակ վերացել էր, հիմա նորից: Ավելի արեւմտամետ հատվածը եւ ավելի հանդարտ ընդդիմության ճանապարհով գնում են Ազատ դեմոկրատները եւ Լուսավոր Հայաստանը: Ինձ համար դեռ պարզ չէ, թե ինչ դիրքավորում կունենա Վարդան Օսկանյանի կուսակցությունը: Կոմպլիմենտար է խաղում Վերածնունդը, բնականաբար, ավելի ռուսական շեղվածությամբ, որովհետեւ եթե խաղի մեջ մտնի նաեւ Արա Աբրահամյանը, ինձ թվում է՝ շատ շուտով պարզ կլինի, այդ կոմպլիմենտարությանը ոչ ոք բանի տեղ չի դնելու, որովհետեւ Արա Աբրահամյանը մի անգամից Ռուսաստան է: Այնտեղ մնում է երեւի թե ՀԱԿ-ը, ես կարծում եմ, որ այնտեղ փորձելու են գտնել նախկին եռյակ-քառյակի նման մի ձեւաչափ: Ընդհանրապես, եթե ընդդիմությունը չմիավորվի, շատ մեծ խնդիրներ է ունենալու»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031