Լրահոս
Օրվա լրահոսը

 «Ես չեմ նկարում իմ ֆիլմերը տպավորելու կամ զվարճացնելու համար». Տիգրան Խզմալյան

Մարտ 25,2016 17:28

Մարտի 24-ին «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հ/կ-ի «Խոսենք ֆիլմից» կինոսերների ակումբը «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» հ/կ-ի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ այս անգամ ցուցադրեցին Տիգրան Խզմալյանի «Հայոց թագուհիներ» ֆիլմը: Ֆիլմը հայոց պատմության մեջ հայտնի և անհայտ թագուհիների, նրանց գործունեության, հայ կնոջ ուժի, խելքի և համարձակության վկայության ու վերջին դարաշրջանում հայ կնոջ կերպարի ու դերի փոփոխության նկարագրի մասին է: Ֆիլմից հետո եղավ քննարկում, որի ընթացքում հնչեցին հակասական կարծիքներ դրա շուրջ:

Քննարկմանը ներկա ռեժիսոր Տիգրան Խզմալյանը նշեց, որ ֆիլմի վրա աշխատել է տարիներ շարունակ. «Ես չեմ նկարում իմ ֆիլմերը տպավորելու կամ զվարճացնելու համար: Սա իմ ասելիքն է. կինը իսկապես աստվածուհի է եղել և կա, մենք ուղղակի ոչնչացրինք մեր արվեստն ու մշակույթը: Ես եկա այն եզրակացության, որ կին ասվածին մենք փոխեցինք ստրուկի հետ. դա մեր տղամարդկային ստրկամտության արտահայտությունն է: Մեր պատմության մեջ շատ են եղել կանայք, որ մեծ դեր են ունեցել, ես չկարողացա անդրադառնալ բոլորին: Խնդիրը ֆիլմի դուր գալ կամ չգալու մեջ չէ, խնդիրը դրա իմաստը հասկանալու և դրանից ինչ որ բան քաղելու մեջ է»:

Xzmalyan_2

Ֆիլմի մասին իր կարծիքը հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Լիլիթ Մկրտչյանը. «Ես բավականին երկար տարիներ ուսումնասիրում եմ հայ կնոջ կերպարը: Իմ կարծիքով՝ ուշադրության արժանի ֆիլմ է սա, մի քանի լուրջ գիտական կետերի է անդրադարձել, որը պետք է զարգացվի: Ֆիլմը բաժանված էր երկու հիմնական մասերի՝ հին աշխարհի կինը, որն իր տեղն ու դիրքն ուներ և հարգված էր, թագուհիների կերպարով էր ներկայացված, և արդեն պետականության կորստից հետո ունեցած մեր պատկերը՝ հալածված, ճնշված, օտարի հարեմներում գտնվող, ցեղասպանություն ապրած կին: Բայց կարծում եմ՝ միանշանակ կարծիք չի կարելի ձևավորել հայ կնոջ կերպարի վերաբերյալ,կախված է, թե կանանց որ շերտի մասին ենք խոսում: Եթե ընդհանուր ենք խոսում, դա մեզ թուլացնում է, և դա սխալ է:

Ֆիլմում էլ նշվեցին հիանալի կին գործիչների մասին, բայց մենք ավելին ունենք: Պատահական չէ, որ Առաջին հանրապետության ժամանակ խորհրդարանում երեք կին պատգամավոր ունեինք, երբ առաջադեմ երկրներում այդ ժամանակ կանայք դեռ ընտրելու իրավունք չունեին, ունեցել ենք առաջին կին դեսպանը: Այնուամենայնիվ, մենք սովետական մտայնությունից, այդ կեղծ ավանդական կարծրատիպերից չենք ազատվել»:

«Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հ/կ-ի անդամ Մարինե Եղոյանը հավելեց, որ այս ֆիլմը դիտելու առաջարկը կապված է եղել մայրության և գեղեցկության մեկամսյակի հետ: Նա նաև նշեց, որ ակումբում ֆիլմի ընտրությունը թողնում են անդամներին, բայց լսարանը միշտ շատ է լինում, երբ տեղական արտադրության ֆիլմեր են ցուցադրում. «Փորձում ենք ակումբում ներկայացնել այնպիսի ֆիլմեր, որոնք չեն բարձրանում մեծ էկրան, բայց շատ կարևոր ֆիլմեր են և կոնկրետ հաղորդագրություն են փոխանցում, մտածելու տեղիք են տալիս: Աշխատում ենք մեր լսարանին ծանոթացնել ժամանակակից հայ ռեժիսորների հետ. այսօր շատ ենք լսում կարծիքներ, թե լավ ֆիլմեր չեն նկարահանվում, չունենք ռեժիսորներ: Մեծ էկրան էլ բարձրանում են միայն կոմերցիոն ֆիլմերը: Կարծիք կա, որ այսօրվա սոցիալական խնդիրների մեջ՝ մարդիկ գնում են դիտելու կոմերցիոն ֆիլմեր առօրյայից կտրվելու, թեթևանալու համար: Բայց եթե կոմերցիոնի կողքին լինի նաև սա, հաստատ որոշակի ճաշակ կձևավորվի»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Roubina Ohanian says:

    Ես չգիտեմ թե Հայաստանում Մարտի 8-ը (Կանանց Համաշխարհային Օրը) ինչպե՞ս է նշվում: Այս գրության մեջ կա մի մեծ շփոթ: Կանանց Օրը ԲՆԱՎ կապ չունի Մայրերի Օրվա հետ: Մայերի Օրը հայերը նշում են Ապրիլի 7-ին, իսկ Մարտի 8-ը կանանց ՊԱՅՔԱՐԻ օրն է: Դա սկիզբ է առել 1908 թվականից, երբ Մարտի 8-ին ավելի քան 1500 կին Նյու Յորքում քայլարշավ ունեցան՝ պահանջելով երեք բան.-
    ա- Կանանց քվե տալու (քվեարկելու) իրավունքը՝ բոլոր ընտրություններում.
    բ- Աշխատավարձի հավասար լինելը տղամարդկանց հետ.
    գ- Աշխատաժամերի նվազում:
    Հետագա տարիներում դա միջազգայնացավ, ու այնուհետ Մարտի 8-ը հենց ՄԱԿ-ի կողմից սահմանվեց Կանանց իրավունքների պաշտպանության ու Կանանց Օր (հիշում եմ 1977 թվականը, երբ ՄԱԿ-ը ընդունեց դա):
    Թե ի՞նչ է նշանակում Մայրության և Գեղեցկության միամսյակ, ինձ թվում է, որ այդ միամսյակը նշվում է միայն Հայաստանում:
    Ու… անչափ կարևոր է, որ Կանանց Համաշխարհային Օրը Հայաստանում նշվի հենց իր նպատակի ուղղությամբ: Կանայք բազում դժվարություններ ունեն Հայաստանում, ճնշված են հասարակության մեջ, ու ՊԻՏԻ վերաիմաստավորել Մարտի 8-ը, ու դարձնել այն՝ ինչ եղել է իր սկզբնավորման ժամանակ ու ՀԻՄԱ՝ ամբողջ աշխարհում:
    Նաև.- առաջարկում եմ վերջ տալ միամսյակ տոնելուն, ու միայն նշել Կանանց պայքարի օրը՝ Մարտի 8-ը եւ Մայրերի Օրը՝ Ապրիլի 7-ը: Հայ կինը պետք չունի ծաղիկներ: Հայ կինը բավարարված կլինի, երբ հավասար իրավունքներ ունենա ընտանիքում, տանը և հասարակության մեջ: Մնացածը ձևականություն է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031