Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյան. Առաքել Մովսիսյանը, Սեյրան Սարոյանը չեն դասավանդելու ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում (Տեսանյութ)

Մարտ 30,2016 14:05

Աշոտ Աղաբաբյանը, անդրադառնալով ՀՀԿ քաղաքական դպրոցի մասին հայտարարություններին, ասել էր, թե իր տրամաբանությունը թույլ է տալիս ասել, որ կուսակցությունները չեն կարող ունենալ դպրոցներ, դա դիկտատուրա է, սա կոմունիստական հասարակությունը չէ:

Մարտի 30-ին լրագրողները ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին խնդրեցին անդրադառնալ այդ տեսակետին, նա պատասխանեց. «Դպրոց հիմնելու որոշումը գործադիր մարմնի նիստում է կայացվել, եւ բնական է, ՀՀԿ խորհրդի գալիք նիստում, որի անդամ է նաեւ պարոն Աղաբաբյանը, որոշման մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդենք: Պետք չէ զարմանալ, որ կուսակցության ներսում կա բազմակարծություն, ճիշտ հակառակը՝ կարծում եմ՝ դուք պետք է ուրախանաք, որ Հանրապետական կուսակցությանը հաջողվել է ունենալ քաղաքական պլուրալիզմ հենց իր ներսում»:

Աշոտյանը հայտնեց, որ դպրոցը անվճար է լինելու, այնտեղ դասավանդելու են, ինչպես ՀՀԿ-ի այն անդամները, որոնք տիրապետում են համապատասխան թեմաներին, եւ ակադեմիական շրջանակներից հրավիրված դասախոսներ, որոնց քաղաքական պատկանելիությունը երկրորդական է: Նա նշեց, որ պատրաստվում է հրավիրել Ստյոպա Սաֆարյանին, որպեսզի որոշ թեմաներ դասավանդի, սակայն, նա այլ անուններ չնշեց: Այժմ մշակվում են ուսումնական ծրագրերը, հստակեցվում է դասախոսների ցանկը, եւ ըստ նախնական ծրագրերի՝ մայիսի մեկնարկին կբացվի առաջին կուրսը: Դպրոցի ստեղծման աշխատանքները ղեկավարելու է Արմեն Աշոտյանը, հարցին՝ այսինքն՝ Ձեզ համար նոր աշխատատեղ է ստեղծվո՞ւմ, նա պատասխանեց. «Ինձ համար աշխատատեղ ստեղծված է: Ես աշխատատեղի խնդիր չունեմ՝ ես երգեր եմ գրում, ե՛ւ հեռուստաշոու եմ վարում, ե՛ւ ՀԿԿ փոխնախագահ եմ, ե՛ւ հետաքրքիր զրուցակից Ձեզ համար»:

Լրագրողների հարցին` հնարավո՞ր է, որ այդ դպրոցում դասավանդեն կամ ուսանեն նաեւ ԱԺ պատգամավորներ Առաքել Մովսիսյանը, Մհեր Սեդրակյանը, Սեյրան Սարոյանը, Արմեն Աշոտյանը պատասխանեց՝ «Ո՛չ դասավանդելու են, ո՛չ ուսանելու են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031