Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը տարածքային առումով ևս կորուստներ կունենա»

Ապրիլ 04,2016 14:26

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի կարծիքով` Ադրբեջանն իր առաջ խնդիր է դրել ոչ թե գրավել Ղարաբաղը, այլ փոխել շփման գիծը հօգուտ իրեն:

«Մեդիա կենտրոնում» «Մարտական գործողությունների վերսկսման պատճառներն ու հնարավոր զարգացումները» խորագրով քննարկման ժամանակ պարոն Հարությունյանը նկատեց, որ թեև այս օրերի սահմանային թեժ մարտական գործողությունները անսպասելի էին բնակչության համար, սակայն մեր բանակի գործողությունները ցույց տվեցին, որ դա նրա համար անսպասելի չէր»:

Անդրադառնալով Ադրբեջանի մղումներին` պարոն Հարությունյանը նշեց. «Այս քայլերով Ադրբեջանը փորձում է շանտաժի ենթարկել բոլորին, որ համանախագահները և այլ պետությունները վերցնեն Ղարաբաղն ու հանձնեն իրեն: Նա, այսպիսով փակում է խաղաղ, բանակցային ճանապարհով հարցի լուծումը: Հասկանալով, որ ինքը լայնածավալ պատերազմով չի կարող լուծել հարցը, իսկ բանակցային ճանապարհն իր համար ընդունելի չէ` նա գնում է նման սադրանքների»:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը պատահական չի համարում, որ սահմանային սրացումները տեղի ունեցան Էրդողանի ու Ալիևի հանդիպումից հետո:

Դառնալով հայկական գործողություններին` պարոն Պապյանը նշեց. «Մեր խնդիրը պիտի լինի առնվազն վերականգնել նախկին դիրքերը»: Նա տեղեկացրեց, թե լուրեր կան, որ Ադրբեջանի կողմից իսլամիստներ են հավաքագրվում, և արդեն լուրեր կան, որ իսլամիստները մասնակցել են պատերազմական գործողություններին»:

Ըստ Արա Պապյանի՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Ադրբեջան այցից շատ բան է կախված: Նա ՌԴ դերակատարության մասին ասաց. «Ռուսաստանը, լինելով Մինսկի խմբի եռանախագահության անդամ, թող չեզոք հայտարարություններ անի, բայց այնտեղ կան այլ կառույցներ, այդ թվում ՀԱՊԿ-ը, որոնք պետք է միանշանակ հասցեական հայտարարություններ անեն»:

ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը Արցախից հայտնեց, որ մարտական ոգին բարձր է թե′ ՊԲ զինծառայողների, թե′ կամավորների շրջանում: Նա շեշտեց, որ ադրբեջանական կողմը անհամեմատ մեծ կորուստներ է կրում այնուհետև հույս հայտնեց. «Տարածքային առումով ևս նրանք կորուստներ կունենան, որ մյուս անգամ չփորձեն նման սադրանքներ ու գործողություններ կատարել ՀՀ և Արցախի սահմաններին»:

Միջազգային հանրության արձագանքները պարոն Մայիլյանն աննախադեպ համարեց, բայց ցավ հայտնեց, որ դրանք կրկին անհասցե էին, ինչը թույլ կտա Ադրբեջանին շարունակել իր հանցավոր կեցվածքը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930