Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքը ցույց տվեց, որ Հայրենիքին սպառնացող վտանգի պահին մենք բոլորս մի՛ ենք. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 05,2016 13:09

Դժվար է ասել՝ վերջին շրջանում երբ է մեր հասարակությունը, Հայաստանի ժողովուրդը եւ ողջ հայությունն այսքան միակամ եղել, ինչպես այսօր:

Հայությունը մի բռունցք է: Ու Հայաստանում գրեթե բոլորը, անկախ տարիքից, սեռից, ազգությունից, անկախ քաղաքական հայացքներից, առանց հատուկ կոչերի էլ կազմ-պատրաստ են կանգնել ու արդեն իսկ կանգնած են մեր բանակի կողքին՝ դիմագրավելու համար վերստին «պատերազմի արահետը» ելած նախահարձակ թշնամուն:

Ու ոչ միայն Արցախի ազատամարտի մասնակից վետերանների արագ ու կազմակերպված հավաքվելու, ռազմաճակատ մեկնելու, երիտասարդ՝ 18-20 տարեկան զինվորի կողքին կանգնելու մասին է խոսքը: Հարյուրավոր ու հարյուրավոր, հազարավոր ու հազարավոր քաղաքացիներ՝ վերջերս կամ մի քանի տարի առաջ զորացրվածներ, երիտասարդ տղաներ ու աղջիկներ, հասուն տղամարդիկ ու կանայք, անգամ զինվորական ծառայություն չանցած կամ ոչ զինապարտ հայրենակիցներ, առանց փոքր-ինչ չափազանցության, պատրաստ են մեկ մարդու նման զենք վերցնել ու շանսատակ անել կարծես վերջնականորեն իրականության զգացողությունը կորցրած թշնամուն:

Համախմբվածություն ու միասնություն՝ արտաքին վտանգի դեմ: Սա է այսօր մեր երկրում մեր հասարակության մեջ, նաեւ Սփյուռքի հայահոծ գաղութներում տիրապետող տրամադրությունն ու մթնոլորտը: Ու այդ ամենը առանց «ուռռա հայրենասիրության», միանգամայն անկեղծ ու ինքնաբուխ:

Մենք հազարումի խնդիր ունեցող երկիր ենք, մեր պետության մեջ նաեւ ներքաղաքական պայքարն է սուր արտահայտություններ ունենում, բայց կյանքը ցույց տվեց, որ Հայրենիքին սպառնացող վտանգի պահին մենք բոլորս մի՛ ենք:

Այդ առումով հարկ է հարգանքով ընդգծել Հայաստանի ընդդիմադիր տարբեր կուսակցությունների բնական, հստակ ու արժանապատիվ դիրքորոշումը, որ վտանգի պահին մենք միայն մեկ խնդիր ունենք՝ պաշտպանել հայրենիքը, դիմադարձել թշնամու ագրեսիային: Այս հարցում ոչ մի հայ, Հայաստանի ոչ մի քաղաքացի տարակարծություն չունի:

Հակառակորդի սանձազերծած պատերազմական ընդգրկուն փորձությունը առավել քան պարզորոշ ցույց տվեց եւ ցույց է տալիս, որ մենք ոչ միայն չենք կորցրել որակական առավելությունը, այլեւ այս տարիներին այն նոր մակարդակի է բարձրացվել: Իր մարտական պատրաստականությամբ, իր անձնուրաց նվիրվածությամբ ու բարոյակամային, մարդկային հատկանիշներով մեր զինված ուժերը գերազանցում են թշնամուն:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930