Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք գերթեթեւ, ես՝ ծանր քաշային կատեգորիայում եմ». Ջհանգիրյանն ու Կորյուն Նահապետյանը վիճեցին

Ապրիլ 06,2016 14:24

ԱԺ-ում քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ առաջին ընթերցման ժամանակ իրենք ձեռնպահ են քվեարկել եւ սկսեց քննադատել. «Եթե կոպիտ ասեմ, այս օրենքի նախագծից դուրս են հանվել «զինվորական, ռազմական, զինվորական կոչում» արտահայտությունները, ռազմական բաղադրիչը դուրս է հանվել, ավելացվել է արտակարգ իրավիճակների լիազոր մարմին արտահայտությունը եւ այդ մարմնին թույլ են տվել սպառազինություն ունենալ: Ասում են, մենք իբր քաղաքացիական պաշտպանության համակարգը, որը գործում էր Սովետմիությունից սկսած՝ փոխանցել ենք նոր լիազոր մարմնին: Արդյունքում, մենք չենք վերանայել այդ մարմնի խնդիրները, որ այդ ոչ ռազմական, ոչ զինվորական ստորաբաժանումը կարողանա լուծել:

Եթե քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները ղեկավարվելու են միայն պարեկապահակային կանոնագրքով, սրանք արդեն զինվորական ստորաբաժանում չեն, այլ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանում: Բա սրանք ի՞նչ կապ ունեն ԶՈՒ գլխավոր շտաբի հետ, ո՞նց կարող են պատերազմի ժամանակ մտնել ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ խմբի մեջ, եթե սա զորք չէ:

Սա փրկարար ծառայության կառույց է ու այդ խեղճուկրակ կառույցի վրա դնում են տեսեք ինչ խնդիր՝ հետախուզական խմբերի դեմ պայքար, ՀՀ ներթափանցած հակառակորդի հատուկ ստորաբաժանումների դեմ պայքար: Մենք փորձել ենք ունքը շտկել, բայց աչքն էլ ենք հանել այս նախագծով:

Ասում են՝ ջրամբարների վրա կանգնած պահակները զենք չունեն: Բա ստեղ երկու գեներալ ունենք, չե՞ն ասում, ժողովուրդ ջան, էս ի՞նչ եք անում, ո՞նց կարելի է քաղաքացիական ծառայողի վրա ռազմական խնդիր դնել»:

Նա հայտարարեց, որ էլի ձեռնպահ են քվեարկելու. «Չի կարելի այսպիսի հում նյութ բերել այս միասնական համախմբման ֆոնի տակ անցկացնել: Եթե մի դեպք լինի վաղը, մենք դրա մեջ ունենալու ենք մեր մեղքի բաժինը»:

Գագիկ Ջհանգիրյանի ելույթը դուր չեկավ ԱԺ պաշտպանության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին: Նա մեղադրեց Ջհանգիրյանին, որ խեղաթյուրում է ու լքում նիստերի դահլիճը. «Դա տվյալ պատգամավորին բնորոշ վարքագիծ է, առաջին անգամ չի, որ հանդիպում ենք այդպիսի մոտեցման: Ցավում եմ, որ այս ռազմական կարեւորագույն իրավիճակում հանդիպում ենք այսպիսի դրսեւորումների: Պետք է բարձրաձայնեմ որոշ իրողություններ»:

Նա դիմեց ՀԱԿ խմբակցության ղեկավարին, թե ճշտե՞լ եք, ձեր պատգամավորը անցած 4 տարիների ընթացքում քանի՞ անգամ է մասնակցել իրենց հանձնաժողովի քննարկումներին, լսումներին. «Չի՛ մասնակցել կարեւորագույն բազմաթիվ նախագծերի քննարկմանը: Եվ գալ այստեղից նման հայտարարություններ հնչեցնել՝ չտիրապետելով ընդհանրապես օրենսդրական կարգավորումներին՝ ոչ պաշտպանության մասին օրենքին, ոչ քաղաքացիական պաշտպանության մասին օրենքին, ոչ քաղպաշտպանության ստորաբաժանումների մասին օրենքին: Սա՛ է իրողությունը»:

Ըստ Կորյուն Նահապետյանի, Ջհանգիրյանը չի հասկացել օրենքի տրամաբանությունը, գոնե բարի լիներ նստեր նիստին ու լսեր, փոխարենը՝ անհեթեթ մեկնաբանություններ է հնչեցնում ու գնում:

Գագիկ Ջհանգիրյանն ավելի ուշ անհեթեթ որակեց Կորյուն Նահապետյանի ասածները. «Չեմ պատրաստվում մասնագիտական տարբեր քաշային կատեգորիաներում գտնվելու պայմաններում, իրենք՝ գերթեթեւ, ես՝ ծանր, բանավիճել իրենց հետ ո՛չ իրավագիտության, ո՛չ էլ զինվորական գործի թեմայով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930