Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինան ԼՂ հարցով կսատարի Ալիեւին, որովհետեւ Ղրիմի հարցով սատարեցինք Պուտինին. Տիգրան Խզմալյան

Ապրիլ 07,2016 20:44

«Հայաստանը Զիմբաբվեի, Հյուսիսային Կորեայի եւ եւս մի երկու կիսավայրենի  պետությունների հետ կողմ քվեարկեց Ղրիմի բռնազավթմանը: Հետո Արցախում անհրաժեշտ համարեցին տոնակատարություններ անել ի նշան համերաշխության Ռուսաստանի հետ հենց Ղրիմի զավթման առիթով: Ընդ որում, միաժամանակ պատերազմ էր ընթանում Արեւելյան Ուկրաինայում, այն ժամանակ արդեն պարզ էր՝ եթե մեր իշխանություններն այդքան  կարճատես են ու անողնաշար, որ Հյուսիսային Կորեայի հետ հայտնվեցին նույն ճամբարում՝ ռուսական բռնապետին իրենց հավատարմությունը հայտնելով, կգա մի պահ, երբ մենք շատ դառը պատասխան կստանանք: Եվ Պորոշենկոյի հայտարարությունը հենց այդ պահերից  մեկն է»,-անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի հայտարարությանը՝ «միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը սատարելու վերաբերյալ»՝  ասաց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Ըստ նրա, «Ղրիմի բռնազավթումն ու Արցախի ազատագրումը բոլորվին տարբեր բաներ են, դնել այդ երկու օրինակները կշեռքի նույն նժարի վրա, քաղաքական մեծագույն սխալ է: Ղրիմում ոչ մի ռուս չէր ենթարկվում բռնության, ուծացման քաղաքականության, չէր ոչնչացվում, չէր սպանվում, չէր հեռացվում երկրից, մինչդեռ Արցախը տասնամյակներով պայքարում էր հենց նման ճնշումների դեմ:

Այդ քայլով ՀՀ իշխանությունն ու նրանց հետեւած ԼՂ իշխանությունները հենց արժեզրկեցին մեր ողջ պայքարը: Այնպես որ, գտնում եմ, որ Պորոշենկոյի հայտարարությունը կարելի է  դիտել որպես Հայաստանի այդ քայլի տրամաբանական հետեւանք:  Մենք պետք է աշխատենք Ուկրաինայի հետ, որովհետեւ Վրաստանը եւ Ուկրաինան  Հայաստանի եւ ողջ աշխարհի համար կարեւորագույն ռազմավարական առանցք է, որը կապում է Արեւմուտքը Արեւելքի հետ, հատկապես հիմա, երբ Իրանն  ազատվեց պատժամիջոցներից:  Եվրոպան հենց Վրաստանի, Ուկրաինայի ու Հայաստանի միջոցով է կապվում Իրանին, իսկ Իրանի միջոցով արդեն Մերձավոր Արեւելքին: Այս համատեքստում Պորոշենկոյի հայտարարությունը դիտարկել առանձին, միամտություն է.  քաղաքականությունը շաղկապված  գործողությունների, պատճառների  եւ հետեւանքների կապ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930