Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «ԵԱՏՄ երկրների վարչապետների ֆորումին Հայաստանը չպիտի մասնակցի»

Ապրիլ 08,2016 13:11

ԲՀԿ կուսակցության եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Ադրբեջանի կողմից սանձազերծված չորսօրյա պատերազմից հետեւություններ է արել: Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում տիկին Զոհրաբյանը ներկայացրեց դրանք:

Նախ`հույսը պիտի դնեք մեզ վրա:

Երկրորդ`տեղի ունեցածում պատասխանատվության իր բաժինն ունի միջազգային հանրությունը, այդ թվում նաեւ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը չէր արձագանքում միջազգային նորմերի եւ իր իսկ ստորագրած փաստաթղթերի խախտմամբ Ադրբեջանի կողմից սպառազինության փաստին. «Ալիեւը ռազմատեխնիկայի հետ ֆոտոսեսիա, սելֆի էր անում»:

Երրորդ`ՌԴ վարչապետը երեկ Հայաստանում հայտարարեց, որ հակամարտության կարգավորմամբ պիտի զբաղվեն քաղաքական գործիչները, ոչ թե ռազմական: Նաիրա Զոհրաբյանը դա միանգամայն տեղին դիտարկում է համարում, բայց նկատում է, որ դրա համար նախ մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ն եւ ԵԱՏՄ անդամ Բելառուսը պետք է դադարեն Ադրբեջանին հարձակողական զենք վաճառել: Բելառուսի ԱԳՆ-ն էլ իր հայտարարություններում ավելի զուսպ պիտի լինի:

Նա տեղեկացրեց, որ ապրիլի 18-ին մեկնարկող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում հայկական պատվիրակությունը պետք է ակտիվ ներգրավվի այս օրերին Ադրբեջանի վարձկանների կողմից կատարված ռազմական հանցագործություններին համապատասխան գնահատականներ տալու գործընթացին. «Դրանք Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործություններ պիտի որակվեն»: Իբրեւ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ, ինքն արդեն տարբեր փաստաթղթեր է ուղարկել ԵԽԽՎ Մարդու իրավունքների հանձնակատարին:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`այս բոլոր մտավախությունները ԲՀԿ-ն չունե՞ր, երբ խորհրդարանում կողմ էր արտահայտվում Հայաստանի`ԵԱՏՄ-ին միանալու համաձայնագրին եւ դա կապում էր մեր անվտանգության խնդիրների հետ: «ԵԱՏՄ-ն ռազմական դաշինք չէ, չի կարող ապահովել անվտանգություն: Դա տնտեսական կառույց է, որ տնտեսական օգուտներն էլ, անկեղծ ասած, դեռ չենք տեսել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ ԵԱՏՄ անդամ ՌԴ-ն ՀՀ-ի ռազմավարական գործընկերն է, բայց, այո, պիտի ավելի պահանջատեր լինենք`անգամ հաշվի առնելով ՀՀ-ՌԴ հարաբերությունների բոլոր շերտերն ու նրբերանգները. «Արտաքին քաղաքական օրակարգի կոդերը եւ մեսիջները պիտի վերանայենք»: Նրա կարծիքով, այս հարցով արժե առաջիկայում խորհրդարանական փակ քննարկում անցկացնել:

ԲՀԿ-ում նաեւ կարծում են, որ ԵԱՏՄ երկրների վարչապետների ֆորումին Հայաստանը չպիտի մասնակցի: Հիշեցնենք, այն պետք է տեղի ունենար ամսի 7-ին, Երեւանում, բայց Ղազախստանի բացասական դիրքորոշման պատճառով այն տեղափոխվեց Մոսկվա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930