Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԱՏՄ-ի բացասական հետևանքները գործում են, առավելությունները՝ ոչ»․ ՔՊ խմբակցության քարտուղար

Նոյեմբեր 06,2026 13:20 Share
Աջակցեք aravot.am-ին

«Դուք խոսեցիք ԵԱՏՄ-ում մեր սահմանափակումներից՝ Ռուսաստանի կողմից, ու նշեցիք, որ տնտեսագիտության բոլոր տրամաբանություններով մենք պետք է ավելի շատ ստանայինք ԵԱՏՄ-ից, քան ստանում ենք հիմա։ Մենք նաև տեսնում ենք, որ ԵԱՏՄ-ում այն առավելությունները՝ ազատ շուկա, ազատ տեղաշարժ աշխատուժի և այլն, այդ առումներով մենք սահմանափակված ենք, սանկցիաների տակ ենք։ Փոխարենը՝ ԵԱՏՄ-ի բոլոր այն վնասող մասերը պահպանվում են։ Օրինակ՝ ավտոների ներմուծումը. մեքենաների ներմուծման դեպքում կան հստակ մաքսատուրքեր, որոնք ավելի բարձր են, քան, օրինակ, հարևան երկրներում, որոնք ԵԱՏՄ անդամներ չեն։ Այսինքն՝ այդ բացասական հետևանքները ԵԱՏՄ-ի գործում են, առավելությունները, որոնք ԵԱՏՄ-ն ունի մեզ համար, չեն գործում։ Հիմա մեր դիրքորոշումն այստեղ ո՞րն է. մենք պետք է ուղղակի ԵԱՏՄ-ում լինենք, բոլոր բացասական հետևանքները կրե՞նք, դրական բաները, որ պետք է ստանայինք, չստանա՞նք, շարունակե՞նք չստանալ։ Ի՞նչ պետք է անենք»,- խորհրդարանում՝ 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին դիմեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը։

Գևորգ Պապոյանը հետ գնաց 10-15 տարի առաջ և սկսեց թվարկել Հայաստանի խանութների դարակաշարերը, որտեղ առավելապես հայկական արտադրության կաթնամթերք և մսամթերք էր, իսկ հիմա կան նաև ռուսական, բելառուսական, եվրոպական ապրանքներ․ «Սա այն է, ինչը անխուսափելիորեն պետք է տեղի ունենար՝ փոքր պետությունը միանա մեծ տնտեսական միավորի, և այդպես տեղի չունենա։ Չի կարող, օրինակ, Լատվիան միանա ԵՄ-ին, և Լատվիայից տեղի չունենա որակյալ աշխատուժի արտագաղթ»։

Թեև ավելի վաղ Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ ՀՀ-ի դեմ սահմանափակումները քաղաքական նպատակ են ունեցել, հիմա էլ պնդեց, որ վեճը տնտեսական է․ «Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ սա տնտեսական վեճ է, և Հայաստանի նկատմամբ կատարված սահմանափակումները տնտեսական սահմանափակումներ են, անհիմն սահմանափակումներ են, և դա է պատճառը, որ մենք բարիեր ճանաչելու նախաձեռնությամբ դիմել ենք ԵԱՏՄ հանձնաժողով և ակնկալում ենք, որ հանձնաժողովը պետք է արդար որոշում կայացնի։ Որովհետև եթե ակնկալիք չկայացվի այդպիսի որոշում, կամ այդպիսի որոշում կայացվի Հայաստանի դեմ, ենթադրվում է, որ ստեղծվելու է այնպիսի նախադեպ, որ ցանկացած պետության դեմ, ցանկացած ժամանակ այդպիսի որոշում կարող է կայացվել»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել