Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Խաղաղապահների թեման մշտապես եղել է»

Ապրիլ 08,2016 12:56

«Խաղաղապահների թեման մշտապես եղել է: Ամենալուրջ մարմնավորումը ստացել է 1994-ին, ապա 1997-ին, երբ ըստ էության, բանակցող կողմերը, ԵԱՀԿ-ն ավելի շատ կենտրոնացան հարցի կարգավորման պլանների վրա, քանի որ մինչեւ համաձայնություն չլինի, անիմաստ էր խոսել խաղաղապահների պլանավորման ամսին: Դրանք զուգահեռ գործընթացներ էին, բայց խաղաղապահների հարցը երկրորդ պլան անցավ: Մինսկի խմբի ներկայացրած բոլոր պլաններում էլ խաղաղապահներ նախատեսվում էին»,- խորհրդարանական ճեպազրույցներում ասաց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը`պատասխանելով Aravot.am-ի հարցին:

Հիշեցնենք, գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, թե երբեք դեմ չենք եղել խաղաղապահների տեղակայմանն Արցախում:

Հատկապես ո՞ր երկրի խաղաղապահների մասին է խոսքը`հստակեցնող հարցին, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ խոսքը ԵԱՀԿ-ի կողմից ստեղծվող բազմազգ զորքերի մասին էր. «Տարբեր գերտերությունների միջեւ վեճեր եղան այդ զորքերի կազմի մասին, բայց դրանք ոչնչով չավարտվեցին»:

ՀԱԿ-ի համար միանշանակ է. «Մենք կողմ ենք եղել, որ եթե լինում է կարգավորում, պետք է լինեն խաղաղապահներ: Դա երաշխիք է գործողությունների չվերսկսման համար»: Մեկ վերապահում, որը եղել է ժամանակին, այսօր էլ կա`Թուրքիան չի կարող խաղաղապահների մաս կազմել, քանի որ հակամարտող կողմ է, ակնհայտ սատարում է Ադրբեջանին»:

Լեւոն Զուրաբյանի համար այս օրերի ամենակարեւոր խորհրդանիշներից մեկը երկու ոտքը կորցրած զինվորի ոգին էր: Նա այժմ ապաքինման փուլում է, բայց երկու ոտքը կորցրած լինելու փաստը չի կոտրել զինվորին: «Ես սա համարում եմ մեծագույն որակ, որ մեր ազգը ցույց տվեց այդ օրերին»,-ասաց Լեւոն Զուրաբյանը` հավելելով. «Քանի դեռ հողին ենք հանձնում մեր զինվորներին, չեմ կարծում, թե ժամանակն է խորը վերլուծություններ անել, քննադատել: Բայց այս հերոսների մահը իմաստավորված կլինի, եթե հասկանանք, որ այսպես այլեւս հնարավոր չի ապրել, մեր պետությունը հիմնովին պետք է վերափոխել»:

Լեւոն Զուրաբյանը թեեւ չի քննադատում, բայց մի քանի դիտարկումներ է հնչեցնում. «Չպիտի հայտնվեինք մի իրավիճակում, որ վտանգը մղվեր բացառապես հերոսականության, սխրանքների հաշվին: Ինչո՞վ էր զբաղված մեր պետությունը քսան տարի: Ինչո՞ւ ռազմաճակատի գիծը բավականաչափ ամրապնդված չէր: Ինչո՞ւ տեխնոլոգիապես հետ ընկանք Ադրբեջանից: Ինչո՞ւ չունեինք անօդաչու սարքեր եւ ժամանակակից այլ սարքեր»: Նա վստահ է` սա բանակի ոչ «կոմպետենտության» հետ կապված չէ, այլ հարցերի հետ, որոնք հետո կվերլուծեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930