Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւն իմացել է, որ Անին է ուզում գնալ Ղարաբաղ, վախեցավ՝ հրադադար ուզեց». Կոմանդոսը՝ առաջնագիծ գնացող փոքր աղջկա մասին

Ապրիլ 08,2016 14:03

«Հազարավոր կամավորներ գնացել են հիմա Ղարաբաղ: Մեր խնդիրն է, որ 10 անգամ պակաս գնան, բայց գնան մարդիկ, որոնց գնալը արդյունավետ կլինի»,- այսօր «Հայացք» ակումբում այսպիսի առաջարկ արեց Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը:

Նա ասաց, որ օգնության կարիք ունի, ԴՕՍԱԱՖ-ը (Բանակին, ավիացիային և նավատորմիև աջակցող կամավոր ընկերություն.- խմբ), որտեղ ուսումնական կենտրոն են ուզում բացել, պատրաստել զինվորների, վատագույն վիճակում է. «Տեսեք ինչ է կատարվում Ղարաբաղում՝ նռնականետով ուղղաթիռ են խփում: Դա հրաշք չէ, մոտ է եղել ուղղաթիռը, պարզապես պետք է կարողանալ տիրապետել քո զենքին, դա մեր զինվորի գիտելիքից է: Պետք է պատրաստել տղաներին»:

Արկադի Տեր-Թադեւոսյանը մի հետաքրքիր դեպք պատմեց, թե ինչպես է իր մոտ՝ ԴՕՍԱԱՖ գնացել մի երեխա ու խնդրել, որ տանի իրեն առաջնագիծ. «Ես մի ընկեր ունեմ՝ Աշոտ Աբրահամյան, իմ մարտական ընկերն է, մենք միասին ենք կռվել: Եկավ, անդամագրվեց: Երկու օր անց եկավ իր աղջիկը՝ Անին, ասեց՝ ես էլ եմ ուզում: Տղամարդիկ, որ գնում են՝ դա մեր պարտքն է, իսկ այն, որ դպրոցից երեխաներ, ջահել աղջիկներ են գալիս՝ դա ես առաջին անգամ եմ տեսնում: Ես հավաքեցի բոլոր կանանց, խնդրեցի, որ ծափահարեն, կանչեցի Անիին ու ասեցի՝ եկեք ծափահարենք նրան, որովհետեւ  Ալիեւը իմացել է, որ Անին է ուզում գնալ Ղարաբաղ, վախեցավ ու մեզ հետ հրադադարի պայմանագիր խնդրեց կնքել»:

Արկադի Տեր-Թադեւոսյանն առաջարկեց, որ այս մարտական ոգեւորության հետ մեկտեղ մտածենք պատրաստվածության մասին:

Նա եւս մի դեպք պատմեց՝ ցույց տալով մեր զինվորի մարտական ոգին. «ԴՕՍԱԱՖ-ից կապավոր էինք ուղարկել, մի քանի օր լուր չունեինք, վերջը կապվեցինք, գտանք: Հայրը այստեղից հարցրեց՝ ո՞նց ես, ասեց՝ շատ լավ եմ: Ասում ա՝ ուզո՞ւմ ես քեզ ուտելու բան բերեմ, ասեց՝ չէ, պապա, կարաս գաս դու էլ իմ հետ հաց ուտես, շատ լավ ա: Ես մի բան եմ հասկանում, որ հայ զինվորին պետք է ոչ թե գովանք, ասենք՝ ապրե՛ս, կեցցես, ասենք՝ դու անվախ ես: Մարդ է, իսկ մարդ վախ ունի իր մեջ, անվախ մարդ չկա, նորմալ երեւույթ է: Մենք պետք է ասենք՝ ապրե՛ս, որ դու քո վախը հաղթահարեցիր: Վախը երկու կողմ ունի, մեկը ստիպում է պաշտպանվել, մյուսը՝ փախչել: Մեր այս կռվի մեջ դա մնաց: Մերոնք պաշտպանվեցին, որովհետեւ շատ հանկարծակի հարձակվեցին, դա մեծ դեր ունեցավ, որ հաղթենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930