Լրահոս
Օրվա լրահոսը

Վանիկ Ավետիսյանը Եվրոպայի առաջնությունում փոքր բրոնզ նվաճեց

Ապրիլ 13,2016 14:30

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում երեկ անչափ դրամատիկ պայքար ծավալվեց տղամարդկանց 69 կգ քաշային կարգում:

Հայաստանը ներկայացնում էին Վանիկ Ավետիսյանն ու Ռոստամ Կարապետյանը: Ընդորում, Ռոստամը վերջին պահին էր փոխարինել ազդրի վնասվածք ստացած 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանին: Այնպես որ, նա այնքան էլ պատրաստված չէր պայքարին: Ի վերջո, երկամարտում ցույց տալով 293 (133+160) կգ՝ Ռոստամ Կարապետյանը պայքարն ավարտեց 11-րդ հորիզոնականում:

Առավել դրամատիկ ստացվեց Վանիկ Ավետիսյանի ճակատագիրը: Մեդալի իրական հավակնորդը պոկում վարժությունում երկու անգամ ձախողվեց 137 կիլոգրամում եւ միայն ուժերի գերագույն լարումով վերջին մոտեցմամբ խուսափեց զրո միավոր ստանալուց:

Առաջին մրցաձեւում կորցրածը Վանիկը միանգամայն կարող էր լրացնել հրում վարժությունում: Եվ դա գրեթե արել էր: 175 կգ-ն գրանցելուց հետո՝ նա երկրորդ մոտեցմամբ գլխավերեւում պահեց նաեւ 181 կիլոգրամը: Սակայն չափից ավելի ոգեւորության պատճառով նա մեկ ակնթարթ առաջ գետնին նետեց ծանրաձողը՝ չսպասելով մրցավարի «իջեցնել» հրահանգին ու փորձը չհաշվվեց: Նա փորձեց վերջին մոտեցմամբ ուղղել թույլ տված  վրիպումը եւ դառնալ երկամարտի  բրոնզե մեդալակիր, սակայն չափից շատ էներգիա էր վատնել: Ճիշտ է, Վանիկը հրում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ, սակայն վերջնական արդյունքով բավարարվեց 5-րդ տեղով:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930