Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանին սահմանակից համայնքները գազ չունեն, սակայն գազի պարտքի տակ են

Ապրիլ 19,2016 17:05

Հայաստանի կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» (ԻՖԱԴ) պետական հիմնարկի կողմից, Հայաստանին տրված վարկային միջոցներով, 2012 թ.-ից գազաֆիկացման աշխատանքներ են մեկնարկել Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս,Կոթի, Ոսկեվան, Բարեկամավան, Ջուջեւան համայնքներում: Այդ նպատակով տրամադրվել է 675 միլիոն դրամ, կառուցվել է 74.6 կմ ընդհանուր երկարությամբ գազախողովակաշար:

Սահմանամերձ վերոհիշյալ գյուղերից խորհրդային տարիներին միայն Ոսկեպարն է գազաֆիկացված եղել: Հայաստանի տարածքում անկլավ հանդիսացող ադրբեջանական Յուխարի Ասքիպարա (թարգմանաբար՝ Վերին Ոսկեպար) գյուղը սնուցող գազատարն անցնում էր Ոսկեպարի տարածքով: Դրա համար Ոսկեպարի բնակիչները անցյալ դարի 80-ական թվականներին Ադրբեջանի տարածքից ձգվող գազատարից անվճար էին օգտվում:

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ վերոհիշյալ գյուղերում գազատարն արդեն 2 տարի կառուցված է, սակայն գյուղացիների բնակարաններում գազ չկա: Բնակիչները հնարավորություն չունեն գազատարից իրենց տուն գազի խողովակ անցկացնելու: Դրա համար նրանք խողովակի յուրաքանչյուրի մետրի հաշվով պետք է վճարեն 3800 դրամ, տարբեր ընտանիքների համար կազմում է 70-100 հազար դրամ: Սահմանագոտում ապրող, սոցիալապես անապահով գյուղացիները նման հնարավորություն չունեն:

Ոսկեպարի, Ոսկեվանի համայնքապետարաններից տեղեկացանք, որ այդ համայնքապետարանները գազաֆիկացման աշխատանքների դիմաց պարտք ունեն: Համայնքները պետք է գազաֆիկացման աշխատանքների համար ֆինանսական ներդրում կատարեին:

Համայնքները այդ գումարի մի մասի չափով ներդրում են կատարել, մնացած ֆինանսական ներդրումը համայնքապետարանների փոխարեն կատարել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը:

Ոսկեվանի եւ Ոսկեպարի գյուղապետեր Սերյոժա Ալեքսանյանը եւ Երվանդ Եգանյանը հայտնեցին, որ այդ հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանն այժմ պահանջում է վերադարձնել պարտքը: Սակայն սահմանամերձ համայնքապետարանները դրա համար ֆինանսական միջոցներ չունեն:

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը հայտնեց, որ նշված համայնքների գազաֆիկացման նպատակով գազաբաշխիչ կայան կառուցելու համար գործարար Միքայել Վարդանյանը նվիրաբերել է 76 միլիոն դրամ:

Բաղանիսի գյուղապետի խոսքերով` իրենց համայնքը գազաֆիկացման համար գումարի պարտք ունի ԻՖԱԴ-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930