Երեկ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որում միմյանց դեմ ելել էին Երեւանը ներկայացնող երկու թիմեր՝ «Բանանցը» եւ «Միկան»: Ընդորում, «Բանանցը» վիճակահանությամբ հանդես էր գալիս տանտիրոջ կարգավիճակով:
Մինչ այս հանդիպումը, «Միկան» պատվավոր մրցանակի եզրափակիչներում հանդես էր եկել յոթ անգամ, որոնցից վեցում գավաթը պահել է իր գլխավերեւում:
Հետաքրքիր զուգադիպությամբ գավաթային եզրափակիչներում նույնքան անգամ հանդես էր եկել նաեւ «Բանանցը»: Սակայն հաջողությունը թիմին ուղեկցել էր ընդամենը երկու անգամ: Երեկ գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոյի գլխավորած թիմը երկու անպատասխան գնդակ անցկացրեց «Միկայի» դարպասը եւ իր պատմության մեջ երրորդ անգամ դարձավ ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր, ինչպես նաեւ Եվրոպա լիգայի հաջորդ մրցաշարին մասնակցելու ուղեգիր նվաճեց:
Հաշիվը հանդիպման 3-րդ րոպեին 11 մետրանոց տուգանային հարվածով բացեց Լաերսիոն, իսկ առաջին խաղակեսի ավարտից յոթ րոպե առաջ Ացամազ Բուրաեւը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահ Արսեն Բեգլարյանի դեմ ու վստահորեն կրկնապատկեց հաշիվը:
Կարդացեք նաև
Խաղից հետո «Միկայի» գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանը շնորհավորել է մրցակից թիմին եւ նշել, որ հաղթանակի համար իր սաներին չբավարարեց փորձի պակասը: Իսկ «Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն, որի համար Հայաստանի գավաթը առաջին մարզական նվաճումն է մեր երկրում, հայտարարել է, թե իր սաների խաղն իրեն դուր եկավ, որ «Բանանցը» ցանկանում է փոփոխություն մտցնել հայկական ֆուտբոլում: Խոսելով Եվրոպայի լիգայի մասին՝ մասնագետը նշել է, թե դեռեւս չի ցանկանում մտածել այդ մասին եւ որ չի ցանկանում նախօրոք որեւէ բան պլանավորել: Բայց նաեւ ասել է, որ պետք է փորձեն առաջին փուլում չպարտվել:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.05.2016