Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ գրքում հրատարակվել են Ռուբեն Զարդարյանի հոդվածները

Մայիս 11,2016 15:00

Դրանք ժամանակին տպագրվել էին Պոլսի «Ժամանակ» օրաթերթում

Պոլսի «Ժամանակ» օրաթերթի հրաշալի նախաձեռությունը շարունակվում է: Ընթերցողի սեղանին է «Ժամանակ-100» մատենաշարով լույս տեսած հերթական գիրքը՝ Ռուբեն Զարդարյանի «Յօդուածներ» ժողովածուն: Ինչպես նախորդ՝ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր եւ խմբագիր Միսաք Գոչունյանի (Քասիմ) «Օրուան մտածումներ» եւ Երուխանի (Երվանդ Սրմաքեշխանլյան) «Փոքր Ասիոյ մէջէն» գրքերը, այնպես էլ Ռուբեն Զարդարյանի «Յօդուածները» լույս են տեսել բանասեր եւ խմբագիր Սեւան Տէյիրմենճեանի աշխատասիրությամբ: Գիրքը ձեւավորել է նկարիչ Արէտ Կըճըրը: Շապկին պատկերված լուսանկարում 1908 թ. հայերը տոնախմբում են Սահմանադրության հռչակումը:

Գրքի առաջաբանում Վահէ Թաշճեանը գրել է. «Այս գիրքով լոյս տեսնող յօդուածները փաստօրէն կը ներկայացնեն կարճ ժամանակաշրջան մը Զարդարեանի հրապարակագրական ասպարէզէն: Ասոնք լրագրային այն արտադրութիւններն են, որոնք լոյս տեսած են 1908-ի Նոյեմբերէն մինչեւ 1909-ի Ապրիլը՝ «Ժամանակ» օրաթերթին իր աշխատակցութեան ամիսներուն: Գրութիւնները թերթին համար առաջնորդող հանգամանք ունէին եւ կը տպուէին առաջին էջին: Յօդուածները լոյս տեսած են դարձակէտային ժամանակահատուածի մը, երբ Յուլիս 1908-ին Երիտթուրք յեղափոխութեան ճամբով բռնապետական վարչակարգը կը տապալվէր, օսմանեան սահմանադրութիւնը կը վերահաստատուէր եւ այս քայլը նոր սկիզբ մը կու տար կայսրութեան ընկերա-քաղաքական ուղիին: Նոր սկիզբը նաեւ կը վերաբերէր Զարդարեանին, որ աքսորականի իր կեանքին վերջ կը դնէր, կու գար Պոլիս եւ անմիջապէս կը նետուէր մայրաքաղաքի լրագրային վերածաղկած եւ արագ զարգացող կեանքին մէջ, աշխատակցելով նոր հիմնուած, բայց եւ այնպէս առաջին իսկ պահէն յարգանք վաստակած «Ժամանակ» օրաթերթին:

Ruben_Zardaryan

Քանի մը տասնեակ զարդարեանական այս յօդուածները կը վերականգնեն յետ-սահմանադրական բախտորոշ այս ամիսներու ընդհանուր մթնոլորտը, ուր հեղինակը երեւան կը հանէ ակներեւ հակասութիւններ, մէկ կողմէ, տիրող ընդհանուր ոգեւորութեան եւ, միւս կողմէ, գետնի վրայ կատարուող զանազան հակասահմանադրական քայլերուն միջեւ: Զարդարեան այս բոլորին ո՛չ միայն վկան է, այլ նաեւ անոնց վրայ կը կէդրոնացնէ արհեստավարժ լրագրողի լուսարձակները, դէպքերն ու իրադարձութիւնները իր կողմէ առարկայականօրէն կը քննուին եւ կ՛ենթարկուին խորաթափանց վերլուծութեան»:
Իմիջիայլոց, Զարդարյանի վերջին հոդվածը «Ժամանակ» օրաթերթում տպագրվել է այն օրերին, երբ Ադանայում ծայր էին առել հակահայկական ջարդերը, հրկիզվում էին հայկական թաղամասերն ու հայաբնակ գյուղերը:

Եղեռնազոհ գրող, թարգմանիչ, խմբագիր, հասարակական, քաղաքական գործիչ Ռուբեն Զարդարյանի բոլոր հոդվածներն էլ արժեքավոր են, սակայն ուզում ենք առանձնացնել հատկապես «Տիրապետութեան ոգին» հոդվածը, որտեղ հեղինակն անդրադառնում է իթթիհատական ոճրագործների բռնատենչությանը եւ մատնանշում Դամոկլյան սրի նման հայերի գլխին կախված վտանգը:

«Տիրապետութեան ունայնամիտ եւ անիծեալ ոգին տեւականապէս պատճառ եղած է ժողովուրդներու դարաւոր ատելութեան ու թշնամութեան, ժողովուրդներու թշուառութեան ու արիւնին, մշտնջենաւորելով միմիայն բռնաւորներ ու բռնաւոր դասակարգերու գոյութիւնը: Տիրապետութեան ամօթալի՛ ձգտումը, որ երէկ բռնապետներու նախատինքն էր եւ այսօր ժողովուրդի մը իրաւունքն ու պատիւը կը հռչակուի:

Ուրեմն ատելութենէ, քինախնդրութենէ եւ եղբայրատեաց պայքարէ խոնջ, պարտասած խաղաղութեան կարօտ դժբախտ ժողովուրդները դարձեալ կըհրաւիրուին նոր կռիւի, նոր զոհողութեանց, իրաւունքի ու ազատութեան նուաճումներու:
Ո՞ւր է այս բոլորին իմաստութիւնը: Ո՛չ, սահմանադրական երկրի մը մէջ չկայ ոչ մէկ գերիշխող ազգ եւ պէտք չէ գտնուի, ինչպէս ամէն քաղաքացի հաւասար է օրէնքին առջեւ, նոյնը եւ առաւելապէս իւրաքանչիւր ազգ հաւասարազօր է բնակակից ո՛ եւ է ուրիշ ցեղի մը հետ, ոչ աւելի, ոչ ալ պակաս:

Առանց այս սկզբունքին՝ երկիր մը չի կրնար ինքզինք սահմանադրական դաւանիլ եւ խաղաղ աշխատութեան նուիրել»,- գրում է Զարդարյանը:

Ruben_Zardaryan-3

Այսօր էլ արդիական են նրա «Կեդրոնական կառավարութիւն» հոդվածում արծարծված մտքերը. «Պետական չարիքները ոչ թէ անձէրե կը բխին, այլ այդ սիսթեմէն, այն դրութենէն՝ որ կը տնօրինէ նույն պետութեան մէջ ապրող ժողովուրդներուն կեանքն ու զարգացման գործը: Եւ մեր կեանքի չարիքներուն մեծագոյն նախապատճառը՝ ամենագլխաւորը՝ կեդրոնացման դրութիւնն է, վարչական այս ձեւը՝ որ ամէնէն քիչ յարմարողն է այս երկրին ու այս երկրի ժողովուրդներուն»:

Հավելենք, որ Ռուբեն Զարդարյանի «Յօդուածներ» ժողովածուն անչափ կարեւոր է հայ պարբերական մամուլի պատմության շղթայի կարեւորագույն օղակ հանդիսացող «Ժամանակ» թերթի պատմության ուսումասիրելու առումով: Հոդվածների այդ ժողովածուն բավականին հարուստ տեղեկատվություն է պարունակում Օսմանյան կայսրությունում տիրող մթնոլորտի, նաեւ այն քաղաքականության վերաբերյալ, որի արդյունքում գլխատվեց հայ միտքը: Զարդարյանը մեկն էր այն մտավորականներից, որին սկզբում ձերբակալեցին, ուղարկեցին Այաշ, Կոնիա, Հալեպ, որտեղ էլ նա զոհվեց։

Հավելենք, որ «Յօդուածներ» գրքի հրատարակումը Զարդարյանի հանդեպ հիշատակի ու հարգանքի տուրք է, նրա հրապարակագրական ու հասարակական վաստակը արժեւորելու յուրատեսակ ձեռնարկ: Ինչ վերաբերում է հնագույն «Ժամանակին», բարեբախտաբար, օրաթերթի հրատարակությունը հաջողությամբ եւ պատվով այսօր շարունակում է Արա Գոչունյանը:

 
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031