Լրահոս
Օրվա լրահոսը

Հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծումը և ապօրինի հարստացման քրեականացումը այլընտրանք չունեն Հայաստանում

Մայիս 18,2016 13:35

Հազարամյակներ շարունակ, մարդկությանը՝ կողք-կողքի, անդավաճան ուղեկցում է կոռուպցիա կոչվող չարիքը: Այդ ընթացքում, աշխարհում կոռուպցիոն երևույթների ի հայտ գալու, նրա վտանգավորության ու վերացման ուղիների վերաբերյալ ինչ տիպի քննարկումներ ասես, որ չեն եղել:

Տարբեր ժամանակներում, տարբեր լսարաններում կոռուպցիայի վտանգավորության մասին բարձրաձայնել են նույնիսկ տարբեր ռանգի բարձրակարգ պաշտոնյաներ՝ տարբեր երկրներից և այդ խոսակցությունները որպես կանոն, մնացել են ձայն բարբառո հանապատի ու գործնական, կոնկրետ արդյունքներ չեն արձանագրել: Այդ պաշտոնյաները կոռուպցիայի մասին համարձակորեն բարձրաձայնել են հենց այն համոզվածությամբ, որ միևնույն է, դրանք լոկ խոսքեր են, դրանք կյանքի կոչելը պրակտիկորեն անհնարին է և դա արել են զուտ այն նպատակով, որ շրջապատում բոլորը լսեն, թե իբր իրենք որքան խորությամբ են ընկալում կոռուպցիայի վտանգավորության աստիճանը և ի լուր աշխարհի բարձրաձայնելով դրա մասին, նախ ցույց են տալիս, որ իրենց երկրներում առկա կոռուպցիան իրենց հետ ընդհանրապես կապ չունի ու երկրորդ, իրենք ամեն կերպ և բոլոր միջոցներով պատրաստ են կենաց-մահու պայքարել մղել այդ կոռուպցիոն երևույթների դեմ:

Ավելին, նրանք պատրաստ են անձնուրացաբար պայքարելու ոչ միայն իրենց երկրներում առկա կոռուպցիայի, որի մեջ ըստ իրենց, թաթախված են շատ-շատերը, իհարկե բացի իրենցից, այլև պատրաստ են միջազգային մակարդակում՝ այլ երկրների հետ համատեղ, այնպիսի ընդհանրական հակակոռուպցիոն նորմեր մշակել, որոնց կիրառումը՝ մի քիչ այսկողմ, մի քիչ այնկողմ, սակայն արդյունավետորեն կաշխատի բոլոր երկրներում, որոնց արդյունքում այդ չարիքը կվերանա ոչ միայն առանձին վերցրած մի շարք երկրներում, այլև ամբողջ աշխարհում, քանզի այդ երկրներում կոռուպցիայի արմատախիլ արված վիճակը կբացառի դրա՝ որպես վարակի տարածումը դեպի այլ երկրներ:

Հենց այդպես, տարբեր ժամանակներում, տարբեր երկրներում անցկացված տարբեր միջազգային քննարկումների ժամանակ մշակվել են բազմաթիվ և բազմապիսի հակակոռուպցիոն կոնցեպցիաներ, որոնք այդպես էլ մնացել են զուտ որպես փաստաթղթեր և դրանց արդյունքում, որևէ երկրում կոռուպցիան նշույլ անգամ չի նվազել, եթե չասենք ավելին, որ այն աճել է:

Ասվածից մի բան է միայն հետևում. իհարկե, շատ արժեքավոր են կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով քննարկումները, դրանք շատ կարևոր են այն իմաստով, որ այդ քննարկումների ժամանակ կարելի է վեր հանել կոռուպցիան ծնող բազմաթիվ և բազմապիսի պատճառներ, որոնք կարելի է դասակարգել, կարելի է դրանց վերացման մասով մշակել տարաբնույթ թեզիսային մեխանիզմներ, սակայն եթե չմշակվեն՝ կոռուպցիան վեր հանող կոնկրետ և կանխարգելող գործիքներ, ապա այդ ամենը՝ հակակոռուպցիոն արդյունքների տեսանկյունից, քննարկումներից այն կողմ չի անցնի:

Կարծես, կամաց-կամաց ուրվագծվում է և մոտենում ենք այն սահմանին ու նաև այն եզրահանգմանը, որ իրականացվող հակակոռուպցիոն տարաբնույթ քննարկումներին և վերլուծություններին զուգահեռ՝ ամենակարևորն է, որ մշակվեն կոռուպցիայի դեմ պայքարի կոնկրետ արդյունավետ գործիքներ, որոնցով հնարավոր լինի համակարգային պայքար մղել այդ չափազանց դժվար բուժելի հիվանդության՝ կոռուպցիայի դեմ, քանզի այն ոչ թե մեկ օրգանի, այլ ամբողջ օրգանիզմի՝ համարյա բոլոր երկրների համար դարերով եկած հիվանդություն է, որի դեմ պայքարը հնարավոր է միայն հրաշքներ գործող գործիքների առկայության և դրանց՝ ոսկերչական ճշտությամբ կիրառելու պարագայում:

Աշխարհում նման փորձեր շատ են արվել, որոնք հիմնականում պսակվել են անհաջողությամբ: Այդ իմաստով, նախ նման փորձերի ժամանակ չկա և երկրորդ էլ հեծանիվ հնարելու կարիք չկա, քանզի աշխարհին հայտնի են ոչ մեծ թվով օրինակներ, որոնցից կարելի է խելացիորեն օգտվել: Դրանցից ամենաակնառու օրինակը Սինգապուրի փորձն է, որը Հայաստանին ներկայացրեց մի քանի տարի առաջ մեր երկիր այցելած Սինգապուրի հանգուցյալ վարչապետը, որը դարձավ կոռուպցիայի մասին հերթական խոսակցությունը և որի կոնկրետ, մեծ արդյունքներ արձանագրած սխեմայից՝ առ այսօր մեր իշխանությունները որևէ կերպ չօգտվեցին: Այդ հանդիպումների ժամանակ նրանք ընդամենը զարմանում և հիանում էին (նվազագույնը, գոնե այդպես ցույց էին տալիս), ավելին, նրանց թվում էր, որ իրենք ոչ թե կոնկրետ մարդուց, կոնկրետ երկրի վերաբերյալ հակակոռուպցիոն վերլուծություններ են լսում, այլ, քանի որ իրենք մշտապես՝ գիշեր-ցերեկ մտածում են կոռուպցիայի դեմ պայքարի և դրա վերացման ուղիների մասին, իրենք ուղղակի երազ են տեսնում և այդ երազում՝ այս անգամ իրենց այցելել է Սինգապուրի վարչապետը:

Նա մեր իշխանություններին ընդամենն ասում էր պարզագույն մի բան. որպեսզի որևէ երկրում դադարեն կոռուպցիոն գործընթացները, պետք է առաջին հերթին տվյալ երկրի առաջին դեմքը ներառված չլինի դրանցում: Իսկ արդեն կոռուպցիայի արդյունքում կուտակված ապօրինի հարստությունը պետք է քրեականացվի երկրում ձևավորված հակակոռուպցիոն անկախ մարմնի կողմից մշակված հստակ գործողությունների պլանի համաձայն և նույն մարմնի կողմից մշակված համապատասխան գործողությունների սխեմաների միջոցով այդ հարստությունը ետ գա երկրի գանձարան:

Եթե ավելի կոնկրետացնենք, կգանք հետևյալին. պետք է անհապաղ ընդունել Հակակոռուպցիոն անկախ մարմնի և Ազդարարների (տեղեկատվություն հայտնողներ) իրավունքների պաշտպանության (անվտանգություն և գաղտնիություն) և խրախուսման մասին օրենքները, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսել ապօրինի հարստացման վերաբերյալ դրույթ:

Կարծում եմ, որ վերոհիշյալ քայլերի կատարումը այսօրվա իրավիճակի խիստ հրամայականն է և այն այլընտրանք չունի:

Այս և հարակից այլ հարցերի մասին արդեն տևական ժամանակ բարձրաձայնում է ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, որոնց վերաբերյալ վերջին քննարկումները տեղի ունեցան ս.թ. մայիսի 13-ին, «Կոնգրես» հյուրանոցում կայացած ««Կառավարություն-Քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողով, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 2-րդ համաժողով» միջոցառման ժամանակ:

Հայաստանում կստեղծվի՞ անկախ հակակոռուպցիոն մարմին, այդ դեպքում կդադարի կոռուպցիան և կքրեականացվի ապօրինի դիզած հարստությունը և այն կմտնի երկրի գանձարան, եթե ոչ, ապա մեր երկիրն այդպես էլ կմնա կոռուպցիայի մեջ թաղված…

Եթե Հայաստանի իշխանությունները կգնան այս քայլին, ապա հաջորդ քայլը կլինի անկախ հակակոռուպցիոն մարմնի ձևավորման մեխանիզմների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը, եթե ոչ, ապա կշարունակենք ապրել այսպես:

Հ.Գ. Հայաստանի պարագայում, այս մարմնի ձևավորման գործընթացին նախ պետք է նախորդեն և հստակորեն իրականացվեն օրերս վարչապետի կողմից արված հայտարարության մեջ նշված դրույթները, որոնք կարճ կարելի է ձևակերպել այսպես. պետական, տարածքային, տեղական ինքնակառավարման մարմինների, տարաբնույթ խորհուրդների, ծառայությունների, գործակալությունների, հիմնարկ-ձեռնարկությունների և դրանց աշխատակազմերի կրճատում՝ օպտիմալացում, այդ մարմինների աշխատակազմերի և ծախսերի էական կրճատումներ, մենաշնորհների վերացման հետ կապված կոնկրետ քայլեր:

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031