Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի նախագահի ուղերձը Հայկական քաղաքական կուսակցությունների ֆորումի մասնակիցներին

Մայիս 21,2016 10:38

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ուղերձ է հղել Ստեփանակերտում մեկնարկած Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումի մասնակիցներին:

Ուղերձում ասված է.

«Միջոցառման հարգելի՛ մասնակիցներ,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Ողջունում եմ բոլորիդ Արցախում՝ ձեր իսկ հայրենիքում:

Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումի անցկացումն Ստեփանակերտում կարեւոր է եւ պահանջված, հատկապես՝ ներկա ժամանակահատվածում:

Մեր կուսակցություններին բնորոշ է մի կարեւոր յուրահատկություն. ունենալով տարբեր նպատակներ ու ծրագրեր, անդամներ ու համախոհներ՝ ճակատագրական եւ վճռորոշ պահերին նրանք կարողանում են համախմբվել համազգային գաղափարների շուրջ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ու Սփյուռքում եւ միասնական ուժերով լուծել առկա խնդիրները:

Այդպես էր նաեւ ապրիլյան պատերազմի օրերին, երբ հայկական քաղաքական ուժերը դրսեւորեցին սկզբունքային դիրքորոշում, ցուցաբերեցին օրինակելի միասնականություն, համախմբեցին հասարակությանը Արցախին սատարելու, մեր ժողովրդի եւ պետության անվտանգությունը թշնամու նենգ ոտնձգություններից պաշտպանելու համար:

Մեծ է քաղաքական կուսակցությունների դերը ժողովրդավարական երկրների կյանքում: Հայաստանում եւ Արցախում ունենք կայացած ու լիարժեք գործող կուսակցություններ:

Սփյուռքում գործում են մեր ավանդական կուսակցությունները, որոնք քաղաքական գործունեության հետ մեկտեղ մեծ աշխատանք են տանում նաեւ հայ ազգային ինքնության պահպանման եւ հայրենիքի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ: Դա լավ հնարավորություն է ստեղծում Հայաստան-Արցախ-Սփյուռք միջկուսակցական համագործակցության համար:

Մեկ անգամ եւս կարեւորելով կուսակցությունների դերը մեր հասարակական, քաղաքական կյանքում եւ պետականաշինության գործընթացում՝ ուզում եմ ողջունել Հայաստանի հանրապետական կուսակցության նման նախաձեռնությունը եւ ֆորումի բոլոր մասնակիցներին մաղթել ակտիվ ու արդյունավետ աշխատանք»:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031