Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին համալրվեց ևս մեկ հուշաքարով: Մայիսի 31-ին զբոսայգու տարածքում բացվեց ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված մերօրյա հերոսներին նվիրված հուշաքար-խաչքար: Հուշաքարի հեղինակը քանդակագործ Վարազդատ Համբարձումյանն է:
Ծրագիրը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը։

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ հիմնադրամն ու բուհերի ուսանողական կառույցները հանդես են եկել բազում ծրագրերով թե՛ առաջնագծում, թե՛ ցուցաբերվել է աջակցություն զոհված զինծառայողների ընտանիքներին և հարգանքի տուրք մատուցվել հերոսներին, որոնք իրենց կյանքի գնով ապահով դարձրին ուսանողական և երիտասարդական կյանքը:
Կարդացեք նաև
Այդ շարքում նմանատիպ ծրագիր իրականացվում է առաջին անգամ. «Պատահական չէ, որ Երևանի քաղաքապետարանը մեզ տրամադրել է ոչ թե ուղղակի տարածք, այլ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին: Դա էլ վկայում է ծրագրի բովանդակության և գաղափարի մասին: Հույս ունեմ, որ այս վայրն ու հուշաքարը կդառնան դաստիարակչական բոլոր այն հուշաքարերի նման, որոնց մեջ ամփոփված են հերոսամարտեր ու հերոսներ»:
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը տեղեկացրեց, որ հուշաքարի բացման նախաձեռնությունը հենց ուսանողներինն է. «Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ուսանողները մոտեցան ինձ ու նման առաջարկով հանդես եկան: Սա միանգամից ծագած գաղափար չէր, քանի որ ուսանողական խորհուրդը մշտապես սերտ կապի մեջ է ՀՀ զինված ուժերի հետ. կազմակերպվում են ուսանողների այցելություններ զորամասեր, բուհում բացվել է հրաձգարան»:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն


















































