Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ վկայի ցուցմունք տալը պաշտպանը միջնորդեց դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել նրա նկատմամբ

Հունիս 03,2016 15:30

Ամբաստանյալ Խաչիկ Յանթուրյանի պաշտպան Աննա Ջուվանովայի միջնորդությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հետաձգեց, իսկ վկան էլ հրաժարվեց իր ներկայացուցիչ-փաստաբանն ունենալ վկայություն տալու ժամանակ:

Վկան «թեթեւ տարավ» պաշտպանական կողմի «դատահոգեբանական» առաջին հարվածը, իսկ որոշ դրվագներում այնպիսի բացատրություններ էր տալիս, որին կնախանձեին անգամ իրավաբան վկաները. հիշում էր պայմանագրերի կնքման, համայնքապետի որոշման համարները, ժամկետները, տան հասցեները, գնորդների անուն-ազգանունները, Քաղաքացիական, Քրեական դատավարության օրենսգրքերի առանձին հոդվածները:

Աննա Ջուվանովան ասաց, թե վկան, համաձայն իրենց տրամադրության տակ գտնվող առողջապահության նախարարության համապատասխան գրության, 2005թ.-ից տառապել է շիզոֆրենիա հիվանդությամբ եւ որ կարեւոր է իմանալ՝ այսօր նույնպես տառապո՞ւմ է, թե՞ ոչ, եւ արդյոք ճի՞շտ է ընկալում քրեական գործում եղած ապացույցները: Դատախազ Տիգրան Ենոքյանն առարկեց փաստաբանի միջնորդության դեմ, ասաց, որ նախաքննության մարմինը հիմք է ընդունել այդ տեղեկանքը, ինչին հետեւեց հանրային պաշտպանի հայտարարությունը, թե՝ «Բնականաբար, նախաքննական մարմինը պետք է հիմք ընդուներ: Եթե նախաքննական մարմինը թերի է աշխատել, դա չի նշանակում, թե դատարանը նույնպես պետք է գնա այդ ճանապարհով»: Եվ հարցրեց դատարանին. «Մեղադրյալ լինելու դեպքում ինչպե՞ս կլիներ, պարտադիր դատահոգեբուժական փորձաքննության նշանակո՞ւմը»:

Վկան ամբաստանյալի հարազատ եղբայրն էր՝ Անդրանիկ Յանթուրյանը, որը դատավորի հարցին, թե դուք ամբաստանյալի եղբայրն եք, պատասխանեց՝ նրա եղբայրը Գյանջումյանն է: Ա. Յանթուրյանը նկատի ուներ Կենտրոնի համայնքապետին, որի որոշմամբ ամբաստանյալը դարձել է անգործունակ ճանաչված մորաքրոջ՝ Վարսիկ Մադոյանի խնամակալը, նրա որոշմամբ օտարվել էր տարեց կնոջ՝ քաղաքի կենտրոնում՝ Աղայան փողոցի վրա գտնվող սեփական բնակարանը:

Վկան դատարան էր ներկայացրել բազմաթիվ դիմումներ, նախ իրեն այս գործով որպես տուժող ճանաչելու, ամբաստանյալ եղբորից գումարի բռնագանձման պահանջի մասին, ապա, մի փաստաթուղթ էլ՝ «Գարեգին Կարապետյանին օժանդակող ներգրավվելու մասին որոշման նախագիծը»:

Ըստ քրեական գործի նյութերի, ամբաստանյալը հանգուցյալ մորաքրոջ եւ նրա անհայտ բացակայող ճանաչված որդու սեփականությունը հանդիսացող բնակարանը վաճառել է կնոջ եղբորորդուն՝ Գարեգին Կարապետյանին, ապա տասն օր հետո ֆրանսահայ քաղաքացիների: Ամբաստանյալը մեղադրվում է խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումարների յուրացման համար:
Ա. Յանթուրյանն ասաց, թե 2008թ.-ին ինքը եղել է մորաքրոջ խնամակալը, դիմել է դատարան, նաեւ մորաքրոջ որդուն՝ Կամո Պետրոսյանին անհայտ բացակայող ճանաչելու, ապա մահացած ճանաչելու համար: Մորաքրոջ որդին 25 տարի է, ինչ Ռուսաստան մեկնելուց հետո չի վերադարձել, լսել է, որ մահացած է, եւ որ երեք տարի անհայտ բացակայող ճանաչվելուց հետո նա մահացած է ճանաչվում՝ ըստ օրենքի: Դատարանում նա հայտարարեց. «Նա մահացած է՝ ըստ փաստաթղթերի»:
Ըստ վկայի, որպեսզի եղբայրը տիրանա մորաքրոջ բնակարանին, նախ իրեն հանել է խնամակալությունից, ինքն է դարձել խնամակալ, ապա 78 հազար դոլարին համարժեք դրամով վաճառել է Աղայան փողոցի վրա գտնվող բնակարանը, մորաքրոջ անվամբ 1 միլիոն 500 հազար դրամի չափով տուն է գնել Կոտայքի մարզում:

Վկայի տեղեկացմամբ, եղբոր գործողությունների հետեւանքով տուժել է ինքը, քանի որ նա երկրորդ հերթի ժառանգ էր, տունը կարող էր լինել իրենը:
«Առավոտին» վկան ասաց, որ հաջորդ դատական նիստին դատարան կներկայացնի լուսանկարներ, որով կպարզվի, որ եղբայրը տան վաճառքի գումարները շիրմաթմբի տակ հանգչող հարազատի վրա էլ չի ծախսել:

Նա ասաց, երբ մորաքրոջ խնամակալն է եղել, ծախսեր է կատարել, պահել է հարազատի պես, մտքովը չի անցել վաճառել նրա եւ նրա որդու բնակարանը, յուրացնել այդ գումարները. «Ես խնամել եմ առանց փաստաթղթերի էլ»:
Պաշտպան Աննա Ջուվանովան հարցրեց, թե իր պաշտպանյալի ո՞ր գործարքն է վկան համարում անօրեն, ինչո՞ւ է, ըստ այդ, համարում իրեն տուժող:
Վկան պնդում էր նույնը՝ տան ապօրինի վաճառքը եւ գումարների միանձնյա յուրացումը, տնօրինումը: Պաշտպանը հետագայում հրաժարվեց հարցեր տալ վկային:

Երկու վկաների նկատմամբ դատարանը բերման որոշում կայացրեց: Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 29-ին:

Մեկ այլ վկա էլ՝ տան վաճառքին ակտիվորեն մասնակցած բրոքերը՝ Տիգրան Զարիկյանը, դիմել էր դատարան, հայտնելով, թե չի կարող մասնակցել նշանակված նիստին՝ Գյումրիում հուղարկավորության մասնակցելու պատճառով:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

02.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930