Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորմալ վիճակ է». Արման Թաթոյանը հակադարձում է Կարեն Անդրեասյանի դժգոհությանը

Հունիս 03,2016 16:10

«Ես ողջամիտ եմ տեսնում, որ մեր պետությունը կկարողանա հայթայթել 110 հազար եվրո՝ ողջ տարվա համար, որ մենք կարողանանք 6 մարզային գրասենյակ պահենք: Դա զգուշացում է, որ կփակվեն գրասենյակները: Եթե դրա կարիքը միայն ես եմ տեսնում, միգուցե ես եմ առաջարկում անիմաստ ծախս մեր պետության համար, եկեք փակենք: Եթե պետք չէ թեժ գծի ծառայությունը, որին այդքան քաղաքացիներ են զանգում, պատմում խոշտանգումներից, տարբեր խնդիրներից, ի սեր Աստծո, եկեք փակենք, ինչքան կարելի է պահել այն օտար հարկատուներին խնդրելով»,- Մարդու իրավունքների 3-րդ պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ իր պաշտոնավարման ժամանակ բյուջեի քննարկմանը այսպիսի դժգոհություն էր ներկայացրել:

Նա խնդրում էր իրեն տալ ընդամենը 10 մլն դրամ՝ արագ արձագանքման ծառայությունը պահելու համար ու մերժվեց: Կարեն Անդրեասյանն ասել էր, որ եթե պետությունը չի հատկացնում, ուրեմն չեն ունենա այն արագ արձագանքման ծառայությունը, մարզային գրասենյակները, որոնց թիվը 6-ն է:

Այսօր կառավարությունը ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողով էր բերել ՄԻՊ-ի մասին օրենքի նախագիծ, որով նախատեսվում է, որ բոլոր մարզերում օմբուդսմենը պետք է ներկայացուցիչ ունենա:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում հարցին՝ փաստորեն հիմա պետբյուջեից ֆինանսավորում կա դրա համար, դեռ մի բան էլ Դուք ուզում եք բոլոր մարզերում ներկայացուցիչ ունենալ՝ Արման Թաթոյանը պատասխանեց. «Հիմա պետբյուջեից կա ֆինանսավորում, պարզապես կարիք կա ռեսուրսներն ընդլայնելու: Մենք հիմա գնահատում ենք անում, թե որ մարզում որքան ներկայացուցիչ պետք է ունենանք, բայց այն, որ սկզբունքորեն պետք է ընդլայնվի՝ դրան համաձայն եմ»:

Մենք հիշեցրինք, որ Կարեն Անդրեասյանը բողոքում էր, որ «Մեր գրասենյակի համակարգիչների մաշվածությունը հասել է ծայրակետի, այսօր մենք, ըստ օրենքի, այդ համակարգիչները պետք է դուրս գրեինք, բայց աշխատում ենք և մյուս տարի չենք ունենա, և երևի դիմումները մենք թղթի վրա ենք գրելու մատիտով»: Մեր հարցին՝ հիմա այդքան վա՞տ է վիճակը՝ Արման Թաթոյանը պատասխանեց. «Չէ՜, համակարգիչների հետ կապված նորմալ է: Միշտ էլ զարգանալու տեղ կա, բայց այդպես թուղթ ու գրիչի չի հասնում, իհարկե: Միջին վիճակի համակարգիչներ են, կան չաշխատողներ, կան աշխատողներ: Նորմալ վիճակ է էդ առումով»:

Ինչ վերաբերում է մեքենաներին, Արման Թաթոյանն ասաց, որ մարզային կառույցում երկու մեքենա արդեն շահագործման համար պիտանի չէին, դուրս են գրել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930