Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն դարձել է ռուսական մենաշնորհների «չուլան», որտեղ լցվում է ամեն տեսակի աղբ». Ռուբեն Մեհրաբյան

Հունիս 06,2016 18:15

«ՀՀ իշխանություններն ապրիլյան պատերազմից հետո գոնե դեկլարատիվ մակարդակով հայտարարեցին, որ պայքար են սկսում կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ: Սա խոսում է այն մասին, որ պատերազմն իշխանություններին պարտադրեց համապատասխան հետեւություններ անել եւ գնահատական տալ համակարգային մեծագույն արատների առկայությանը»,-կարծում է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Այս ամենը, սակայն, դեկլարատիվ բնույթ է կրում: Եթե մենաշնորհների դեմ պայքարի շրջանակում «մենաշնորհ» ասելով` հասկանում ենք բանանի, շաքարի, կիտրոնի կամ նարնջի մենաշնորհ, լավ ենք անում, բայց ծիծաղելին այն է, որ մեզանում նույնիսկ այդ ոլորտներն են մենաշնորհված: Ավելի ծիծաղելի է, երբ այդ ոլորտների հետեւում չի երեւում մի խայտառակ մենաշնորհ, որը քամում է Հայաստանը` դա ՀՀ-ում ռուսական մենաշնորհներն են, մասնավորապես` գազի, նավթամթերքի մենաշնորհները, որոնք ՀՀ-ին վերածել են ռուսական «չուլանի», որտեղ լցվում է ամեն տեսակի աղբ»,-«Դեբատ» բանավեճի ակումբում հունիսի 6-ին ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա բնորոշմամբ` հատկապես վերջին երկու տարում հայկական սուպերմարկետները լցվել են «ռուսական աղբով», ՀՀ-ն էլ դարձել է դրա սպառողը. «Եթե ռուսները փորձեն այդ աղբը վաճառել ԵՄ-ում, անգամ այդ փորձի համար նրանց կտուգանեն, որովհետեւ դա «դիվերսիա» է, ոչ թե ապրանք: Ռուսական մենաշնորհները սպառնում են ՀՀ ազգային անվտանգությանը: Այսօր Էդվարդ Նալբանդյանը Թեհրանում է: Իրանական լրատվամիջոցները ցիտում են նրա իրանցի գործընկերոջ խոսքերը, համաձայն որոնց` ՀՀ-ի եւ Իրանի միջեւ երկաթուղային, գազի եւ էլեկտրաէներգիայի տարանցման ոլորտներում գործակցության խոչընդոտ չկա: Հիմա նայեք` ի՞նչ  է կատարվում այդ ոլորտներում: Երկաթգիծը հանձնել ենք ռուսներին, գազն ամբողջությամբ` «Գազպրոմին», գազը բերում ենք Սիբիրից եւ մեզ դնում «խելոքի» տեղ այն դեպքում, երբ տարածաշրջանը ծփում է գազից ու նավթից: ՀՀ-ում բենզինն ավելի թանկ է, քան Վրաստանում, որովհետեւ Հայաստան նավթամթերքի ներկրման մոնոպոլիստը «Роснефть»-ն է»:

Այսպես, ըստ Ռուբեն Մեհրաբյանի, Հայաստանը դարձել է Պուտինի` նշյալ ոլորտները կառավարող «չեկիստ»-ընկերների գերին. «Ռուսաստանին, որն Ադրբեջանին զենք է վաճառում, տալիս ենք մեր երկնքի  բանալիները… Ի՞նչ մենաշնորհի դեմ պայքար, ի՞նչ լիմոն ու շաքար, ինչի՞ մասին ենք խոսում: Այո, պայքարեք կոռուպցիայի եւ մենաշնորհի դեմ, բայց իրականում: Վերանայեք, թե ովքեր են մեր դաշնակիցները, իրական դաշնակիցները եւ թշնամիները: ՌԴ-ն այսօր հայկական պետականության թիվ մեկ սպառնալիքն է: ՀՀ-Ռուսաստան դաշինքը գլխակեր դաշինք է»:

Մեհրաբյանի դիտարկմամբ` եթե Հայաստանը ոչինչ չի ձեռնարկում, պատերազմն անխուսափելի է. «Պատերազմից խուսափելու լավագույն տարբերակը ՀՀ կապերի դիվերսիֆիկացիան է, որը կբարձրացնի այդ պատերազմը հրահրելու քաղաքական գինը, եւ այն կդարձնի նույնիսկ անընդունելի` այդ պատերազմը հրահրողների համար: Եթե հասնենք դրան, կխուսափենք այդ պատերազմից»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930