Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանված կուրսանտի գործ. հրապարակվեց տուժողի նախաքննական ցուցմունքը

Հունիս 06,2016 19:07

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին դատարանում հունիսի 6-ին դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվում էր 2015 թվականի հունվարի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործի քննությունը:

Նախորդ դատական նիստի ընթացքում ցուցմունք էր տվել գործով տուժող Տիգրան Դեմիրճյանը, այս դատական նիստի ընթացքում հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը:

Հայկազ Բարսեղյանի գործ

Նախաքննական ցուցմունքում տուժողը հայտնել է, որ դեպքի օրը քնել է 22:00-ի սահմաններում եւ արթնացել է ժամեր անց՝ ձայներից, երբ կուրսանտներ Գնել Թեւոսյանը եւ Նորայր Սահակյանը արթնացնում էին Հայկազ Բարսեղյանին. Խոսելու բան կա: Հայկազ Բարսեղյանը պատասխանել է, որ իրենց հետ խոսելու բան չունի, սակայն կուրսանտներին հաջողվել է համոզել նրան: Տիգրան Դեմիրճյանը 15 րոպե արթուն է մնացել, սակայն որեւէ ձայն չի լսել:

«Արթնացել եմ 20 րոպե անց՝ դռան չխկոցից, ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ կարծես մեկը ոտքով հարվածեց դռանը եւ այն բացեց: Դրանից հետո պառկած տեղի տեսա, որ Գնելն ու Նորայրը Հայկազին թեւատակերից բռնած բերեցին եւ պառկեցրեցին մահճակալին: Այդ ժամանակ Հայկազը հալից ընկած էր եւ հազիվ էր ոտքի վրա կանգնում: Մինչեւ մահճակալի վրա պառկեցնելը ես չեմ տեսել, որ Հայկազը ինչ-որ բան ասի: Պառկեցնելուց հետո զգացի, որ կա՛մ Գնելը, կա՛մ Նորայրը փակել էին Հայկազի բերանը, փորձում էր ինչ-որ բան ասել, սակայն չէր կարողանում: Այդ ժամանակ Հայկազը ուժգին գոռաց՝ ա՜խ  (երեւի կարողացել էր բերանը ազատել, որից հետո լսեցի փսխոցի ձայն), այնուհետեւ Հայկազն ասաց … էս ի՞նչ եք անում»,- գրված էր տուժողի նախաքննական ցուցմունքում:

Տիգրան Դեմիրճյանը հայտնել էր, թե տեսել է՝ ինչպես է Հայկազ Բարսեղյանը կաղալով քայլում, վերջինիս մեջքից բռնել են Գնել Թեւոսյանը եւ Նորայր Սահակյանը, որ չընկնի. «Հայկազին ննջարան բերելը տեւել է 30 րոպե: Այդ ընթացքում ես այնքան վախեցած եւ լարված էի, որ չէի կարողանում ծպտուն հանել եւ ձեւացնում էի, թե իբր քնած եմ: Հուզմունքից նույնիսկ լացել եմ եւ չեմ էլ հասկացել, թե ինչպես եմ քնել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930