Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է «Աէրոֆլոտ»-ը հանել Կրասնոդար, Մինվոդի, Ռոստով չվերթները

Հունիս 06,2016 19:40

Արդեն որքան ժամանակ է` Հայաստանից ուղիղ չվերթ չկա դեպի Ռուսաստանի Դաշնության Ռոստով, Կրասնոդար, Մինվոդի հայաշատ բնակավայրերը: Պատճառն այն է, որ «Աէրոֆլոտ» ավիաընկերությունն այդ չվերթներն անժամկետ հանել է:
Այս օրերին նշյալ ուղղություններով մեկնել ցանկացող հարյուրավոր քաղաքացիներ կան, որոնք զրկված են օդանավով թռչելու հնարավորությունից: Տարանցիկ ճանապարհով թռչելը, օրինակ` Մոսկվայով, եռակի թանկ է ստացվում: Եթե մինչ այդ, ուղիղ թռիչքը 55 հազարից 70-75 հազար դրամ էր` կախված սեզոնից ու ուղեւորի բեռ ունենալ-չունենալուց, ապա ներկայումս Մինվոդի, Կրասնոդար, Ռոստով ուղղությունները 155 հազարից 184 հազար դրամ է:

Մեզ հետ զրույցում ավիատոմսերի վաճառքով զբաղվող մի քանի ընկերությունների ղեկավարներ նշեցին, որ գրեթե ամեն օր այդ ուղղություններով մեկնել ցանկացողները ավիատոմս են իրացնում, սակայն ավիաընկերությունը չվերթները չի վերականգնում: Հստակ պատասխան ավիադրամարկղների աշխատակիցները չունեին, թե ինչու է «Աէրոֆլոտը» թռիչքները դադարեցրել: Նրանք կասկածներ ունեին, որ պատճառը պահանջարկի բացակայությունն է, այսինքն` օդային ճանապարհով մարդիկ քիչ են մեկնում, քանի որ ուղեւորների մեծ մասը նախընտրում են ցամաքային ճանապարհով մեկնել:
Նշյալ ուղղություններով ավտոբուսի տոմսն արժե 18 հազար դրամ:

Ճիշտ է, այս արժեքը, ուղիղ չվերթով ավիատոմսի համեմատությամբ մոտ երեք անգամ մատչելի է ստացվում, սակայն ուղեւորին ընդհանրապես զրկել օդային ճանապարհով ուղիղ թռիչքից, թերեւս ճիշտ չէ: Այլընտրանքը տարանցիկն է, սակայն եռակի թանկ վճարելու գնով:

Ավիատոմսի բիզնեսով զբաղվող կազմակերպությունների ղեկավարների խոսքերով, «Աէրոֆլոտը» շաբաթական մեկ կամ երկու անգամ գոնե պետք է չվերթը վերականգնի, քանի որ կան մարդիկ, որոնք ի վիճակի չեն մեկ ամբողջ օր ավտոբուսով ճանապարհ գնալու:

Aravot.am-ի հարցին, թե ե՞րբ կվերականգնվեն Ռոստով, Մինվոդի, Կրասնոդար չվերթները, «Աէրոֆլոտ» ավիաընկերությունից ասացին, որ չեն կարող ասել: Նույնիսկ հեռակա ժամկետ չէին կարող նշել եւ ասացին, որ անժամկետ հանված է: Մեր այն հարցին, թե գուցե պատճառը ուղեւորների դեֆիցի՞տն է, ավիաընկերությունից ասացին, որ չեն կարող ասել` գլխավոր գրասենյակի որոշումն է:

Եթե անգամ դեպի Ռուսաստան, որտեղ Հայաստանն աշխարհում ամենամեծ` մոտ երկումիլիոնից ավել համայնքներից մեկն ունի, չվերթների հարցն այսպես անկայուն է, ապա  ՀՀ կառավարության ջանքերը` Հայաստանի երկինքը բացելու եւ այդ ուղիները պահելու այլ` ավելի հեռավոր երկրների ավիափոխադրողների պարագայում ուղղակի անհուսալի են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930