Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանը շատ զարմացավ եւ ներքուստ վրդովվեց». Հրաչ Պողոսյանը` «Արարատ» գործարանի կտուրի կառուցման մասին (Տեսանյութ)

Հունիս 15,2016 14:45

«Մեղավորը միջավայրն է, որում գտնվում են ճարտարապետները: Ճարտարապետությունը թանկ արվեստ է եւ մնայուն, ուստի պետք է ունենա պետության հովանավորությունը: Ներկայիս կապիտալիստական գաղափարախոսությունն է` «փողի գերակայությունն ամեն ինչի վրա»: Հայաստանը սա կուրորեն կրկնում է նաեւ ճարտարապետության դեպքում. որտեղ շահն է, արվեստի շահ չի կարող լինել, դրանք մեկտեղելի չեն»,-Հայաստանի ներկայիս ճարտարապետությանն այսպիսի գնահատական է տալիս ճարտարապետ, Միջազգային ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս Հրաչ Պողոսյանը:

«Կառուցապատողների շահը հակառակ ուղղությամբ է գնում` արվեստագետների շահի համեմատ: Վերջին քսանհինգ տարում հանդիպումներ եմ ունեցել կառուցապատողների հետ: Օրինակ, Գագիկ Ծառուկյանը ժամանակին ուզում էր «Արարատ» գինու գործարանի կտուրը վերանորոգել: Մենք նախագիծը տեսել էինք եւ անհանգստացել, որ հուշարձանը կխաթարվի: Փորձեցինք նրան համոզել, որ կտուրն այլ կերպ արվի: Պարոն Ծառուկյանը շատ զարմացավ եւ ներքուստ վրդովվեց, որ ինքը բարի գործ է ուզում անել, գումարներ ներդնել եւ պահպանել հուշարձանը, բայց իրեն հանկարծ այդպիսի բան ենք ասում: Մենք շատ շնորհակալ ենք նրան, բայց ասացինք, որ կտուրը պետք է մի քիչ ցածր անել…Այսինքն, շահերը տարբեր են: Գագիկ Ծառուկյանն իսկապես բարի գործ էր անում, գումար ծախսում, բայց զարմացավ, որովհետեւ մեր եւ նրա շահերը տարբեր են»,-հունիսի 15-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում պատմեց Հրաչ Պողոսյանը` հավելելով, որ կտուրն, ի վերջո, կառուցվեց այնպես, ինչպես Գագիկ Ծառուկյանն էր նախատեսել:

Ճարտարապետը նկատեց, որ գործարարներն ամենեւին էլ չարագործներ չեն, պարզապես շահի խնդիր կա. «Նույնը «Ռոսիա» կինոթատրոնի դեպքում: Փչանում է այն ճարտարապետությունը, որը համարվում է հուշարձան: Եթե այն փչացավ` վրան կամ տակը ինչ-որ բան կառուցելով, նա փչանում է որպես հուշարձան: Նրանք նպատակ չունեն փչացնելու, բայց մենք համոզված ենք, որ ճարտարապետները ցանկանում են պահել հուշարձանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930