Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ իշխանուհին Աննան է»

Հունիս 27,2016 13:00

Օպերային երգիչ Գեւորգ Հակոբյանը՝  օպերային արվեստի եւ տիկնոջ մասին

Բոլոր ժամանակներում օպերասեր հանրությունը հիմնականում ներկայացումների է հաճախել՝ հայտագրում տեսնելով իր նախընտրած կատարողների անունները: Այսպես եղել է, եւ «ավանդույթը» շարունակվում է: Մենք էլ բացառություն չենք: Նախկինում մեկ-երկու անգամ անդրադարձել ենք հեղինակավոր օպերային թատրոնների ցանկալի հյուր, ՀՀ վաստակավոր արտիստ, բարիտոն Գեւորգ Հակոբյանի գերհագեցած հյուրախաղային գրաֆիկին, թեեւ արվեստագետը նշել է, որ ինքը մշտապես համաձայնեցնում է Երեւանի օպերային թատրոնում զբաղվածությունը հյուրախաղերի հետ, նշելով, որ բոլոր այդ հարցերը 2008 թվականից հոգում է իտալական STAGE DOOR մենեջերական ընկերությունը: Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ արտիստական իր կարիերան «վստահել» է ավստրիական «Holleander»-ին, առաջիկայում էլ իրենով «կզբաղվի» նաեւ բրիտանական հեղինակավոր մի կազմակերպություն, որի անունն առայժմ չնշեց:

Օրերս Քիլլի (Գերմանիա) օպերային թատրոնում Գեւորգ Հակոբյանը հանդես եկավ Սկարպիայի դերերգով՝ Պուչինիի «Տոսկայում», որի առաջնախաղը կայացել է տարվա սկզբին: Ընդ որում, երգիչը, ըստ նախնական պայմանավորվածության, եւս 4 անգամ հանդես է գալու հիշյալ դերերգով:

2

Գեւորգ Հակոբյանը՝ Սկարպիայի կերպարում:

«Առավոտի» հետ զրույցում Գեւորգ Հակոբյանը հայտնեց, որ Գերմանիայից հետո մի քանի ժամվա տարբերությամբ բեմ է բարձրացել Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, հանդես եկել Ամունասրոյի դերերգով՝ հայազգի աշխարհահռչակ Մարիա Գուլեգինայի (հայրանունը՝ Աղաս) ընկերակցությամբ Վերդիի «Աիդայում»: Այս համագործակցության սկիզբը 2015-ին էր, «Տոսկայում»՝ դարձյալ Մարիինյանում:
Մեր զրուցակիցը հիշեցնելով, որ մենեջերական կազմակերպությունների շնորհիվ իր գրաֆիկը կազմվում է մեկուկես-երկու տարի առաջ, հայտնեց նաեւ, թե 2017թ. Հռոմի օպերային թատրոնում մասնակցելու է միանգամից 5 նախագծի, որոնք տեղի կունենան հանրահայտ Karkala օպերային փառատոնի շրջանակներում:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ իր տիկնոջ՝ մեր օպերային թատրոնի մեներգչուհի Աննա Այվազյանի արվեստին:

Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե Աննայի կողմից խանդի որեւէ դրսեւորում մինչ օրս չի՞ եղել, մանավանդ որ՝ ամուսինը «տարին 12 ամիս» տանը չէ եւ արտասահմանում էլ «շփվում» է երգչուհիների հետ, որոնք մեծ պահանջարկ են վայելում եւ որպես երգչուհի, եւ որպես կին, նույն տրամադրությամբ էլ Գեւորգ Հակոբյանը պատասխանեց՝ «իմ իշխանուհին Աննաս է», հիշեցնելով, որ կնոջ հետ հանդես են եկել Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» եւ Տիգրանյանի «Դավիթ-Բեկ» օպերային ներկայացումներում:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում. Ամուսինները՝ «Դավիթ-Բեկում»:

 

«Առավոտ»

25.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930