Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը ԲՀԿ պատգամավորներին «տեղը դրեց»՝ հիշեցնելով, թե ինչպես են իրենք ընտրվել (Տեսանյութ)

Հունիս 27,2016 15:55

ԱԺ արտահերթ նստաշրջանում Ընտրական օրենսգրքի քննարկումները շարունակվում են:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասաց, որ տարածքային ցուցակների հետ շատերը համաձայն չեն. «Բերեք դա հանենք, դրա համար գումար պետք չի ու կլինի շատ ավելի լավ կոնսենսուս»: Դավիթ Հարությունյանն ասաց, որ կառավարությունը ունի հստակ դիրքորոշում այդ հարցում. «Մենք պատրաստ չենք այդտեղ փոփոխություն կատարել»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ հանրային վստահությունը բարձրացնող դրույթների համար պահանջվող 16 մլն եվրոյից 11.5-ը, կարելի է ասել, կա. «Կամ մենք կունենանք վստահելի ընտրություններ, կամ մենք հերթական անգամ կունենանք այն, ինչ ունենք: Խոսքը աստղաբաշխական եւ անիրականանալի մեծ գումարի մասին չէ, այն, ինչ պակասում է՝ 4.5 մլն եվրո գտնել: Ի տարբերություն մեր որոշ գործընկերների, որոնք մեր համաձայնությունը համարում են տեխիկա-բանվորա-գյուղացիա-ինժեներական, մենք սա համարում ենք քաղաքական համաձայնություն եւ տեր ենք մեր ստորագրությանը»:

Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց, որ կառավարությունը այդ 4.5 մլն-ի հարցը լուծի:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ այդ գումարը կառավարությունը չունի: Ավելին՝ ասաց, որ համաձայնությունը ստորագրելիս այդ հարցը ոչ մեկը չի բարձրացրել ստորագրությունը դնողներից. «Եվ հիմա ճիշտ չէ, որ ստորագրելուց հետո փորձում են քննադատել, թե այդ գումարն ինչո՞ւ կառավարությունը չի տրամադրում: Այսպես թե այնպես, այս ընտրությունները պետության վրա նստելու են մի քանի անգամ ավելի թանկ, քան բոլոր նախկին ընտրությունները ու անգամ եթե լրացուցիչ 4 մլն-ի բեռ է, դա դնել նորից կառավարության ուսերին, չեմ կարծում, որ ճիշտ է»:

ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Էլինար Վարդանյանն էլ հարցրեց՝ ի՞նչն է պատճառը, որ բաց համամասնական ցուցակները չեք ուզում հանել, լրջագույն կասկածները հենց այդ ցուցակների հետ են կապված: Դավիթ Հարությունյանը հորդորեց Էլինար Վարդանյանին դուրս գալ փողոց ու առաջին 10 հանդիպած մարդկանց հարցնել՝ ինչպե՞ս են վերաբերվում «ռեյտինգային ցուցակ» ասվածին:

Էլինար Վարդանյանն էլ իր հերթին հորդորեց Դավիթ Հարությունյանին, որ ինքը դուրս գա եւ մարդկանց հետ խոսի. «Իրականում ռեյտինգայինը շատ չի տարբերվում մեծամասնական համակարգից, էլի մասնակցելու են թաղային հեղինակությունները, էլի օգտագործվելու է փողը, էլի օգտագործվելու են տարբեր բիզնեսմենների հնարավորությունները:

Ի պատասխան՝ Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, թե ում հնարավորությունների միջոցով է ԲՀԿ-ն հայտնվել խորհրդարանում ու ինչպես են ԲՀԿ պատգամավորներն ընտրվել. «Երբ դուք խոսում եք թաղային հեղինակություններ եւ այլն, գիտեք, էական չէ, թե մարդուն ինչպես կանվանեն՝ մեկին ասում են օլիգարխ, մեկին ասում են՝ թաղային հեղինակություն, մեկին ասում են՝ ռեկտոր: Տպավորություն է, որ այս ամբողջը բացասական դասն է հայ հանրության, բայց այդպես չէ: Իսկ ինչո՞ւ չեք ասում քաղաքական ակտիվ գործիչ կամ ժուռնալիստ: Վստահեցնում եմ ձեզ, որ ե՛ւ ձեր կուսակցությունը, երբ դուք էիք ընտրվում, ե՛ւ ցանկացած այլ կուսակցություն օգտագործել է բոլոր հնարավոր եղանակները՝ ընտրությունների ժամանակ ձայն շահելու: Եթե ես սխալ եմ ասում, կներեք, ձեզ եմ վերադարձնում ձեր կոչը՝ դուրս եկեք փողոց եւ հարցրեք 10 պատահական անցորդների, եւ ձեզ կպատմեն ձեր կուսակցության ընտրության պատմությունը, որը որեւէ բանով չի տարբերվի մեկ այլ կուսակցության կիրառած ընտրական պատմությունից: Էնպես որ, գիտեք ինչ, բոլորս բավականին հասուն մարդիկ ենք, որպեսզի էստեղ պարզ չխոսենք: Եկեք խոսենք պարզ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930