Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ի հետ ՀՕՊ համաձայնագիրը Արցախի վրա չի տարածվելու. ՊՆ փոխնախարարի պարզաբանումը

Հունիս 28,2016 16:23

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ՌԴ-ի հետ ստորագրված հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու համաձայնագիրը վավերացնելու նախագիծը ներկայացնող ՊՆ փոխնախարար Արա Նազարյանին հորդորեց, որ պարզ, մատչելի լեզվով մարդկանց բացատրի, թե ինչ ենք մենք շահում այս համաձայնագրից. «Բարեխիղճ մոլորության մեջ գտնվող մարդիկ կան, որ կարծում են՝ հերթական անգամ մեր անվտանգությունն ենք վաճառում ՌԴ-ին: Հստակ պարզաբանման պակաս կա, որ ստանում ենք ՀՀ-ում տեղակայված ռուսական բազայի կործանիչ ավիացիայի ներուժը»:

Արա Նազարյանն ասաց, որ թյուր ինֆորմացիան տարածում են որոշ մարդիկ՝ իրենց մանր շահերից ելնելով, բայց իսկապես անհանգստանալու կարիք չկա, սա նոր հնարավորություններ է ստեղծելու:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ մարդիկ կան, որ այսպիսի մտահոգություն ունեն՝ Արցախի հետ կապված. «Կարծում են, որ հայ-ադրբեջանական բախման դեպքում, եթե ՌԴ-ն ունի հակառակ կարծիք, ապա մենք այդ ՀՕՊ համակարգը կիրառելու հնարավորություն չենք ունենա»:

Արա Նազարյանը պատասխանեց, որ «համաձայնագիրը վերաբերում է ՀՀ-ին ու ՌԴ-ին, ամեն դեպքում, դրույթները չեն տարածվելու Արցախի մասով: Արցախում ունենք մեր հակաօդային պաշտպանության միջոցները: Աստված չտա, որ պատերազմ լինի ՀՀ սահմանների վրա, այս համաձայնագիրը նոր կգործի»:

Փոխնախարարն ասաց՝ մեծ-մեծ չհնչի, բայց մենք բարձր մակարդակով կարող ենք ապահովել Արցախի հակաօդային պաշտպանությունը, բավարար միջոցներ ունենք:

Խաչատուր Քոքոբելյանը հարցրեց. «Պարոն Նազարյան, չե՞ք գտնում, որ ՀՀ եւ ԼՂՀ անվտանգությունը մեկ ընդհանուր համակարգ է եւ դուք այս համաձայնագրով տարանջատում եք դնում համակարգի մեջ: 6-րդ հոդվածում հստակ նշված է, որ ՀՕՊ համակարգերի զորքերի ղեկավարումն իրականացվում է ՌԴ-ում»: Խաչատուր Քոքոբելյանը նաեւ մտահոգություն հայտնեց, որ շահերի բախման առումով խնդիրներ կունենանք հարեւան Իրանի եւ Վրաստանի հետ կապված:

Փոխնախարարը պատասխանեց. «Այո, միասնական համակարգ է գործում, եւ այս պահին տարանջատման խնդիր ես չեմ տեսնում: Պարսկաստանի հետ էլ նորմալ, բարի-դրացիական հարաբերությունների մեջ ենք, որեւիցե խնդիր չեմ տեսնում, պրոբլեմ չեմ տեսնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930