Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական կործանիչ ավիացիան, թռչող սարքերը մեզնով ենք անելու. ՊՆ-ն կոչ է անում ցուցարարներին չանհանգստանալ

Հունիս 28,2016 15:08

ԱԺ-ում քննարկվում է Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին աղմկահարույց համաձայնագիրը:

Այն ներկայացրեց ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ սա մեր պետական շահերից բխող համաձայնագիր է եւ պետք է վավերացնենք: Թեւան Պողոսյանն էլ ասաց, որ սա այն բացառիկ դեպքերից է, որտեղ Հայաստանը ՌԴ-ի հետ բանակցել է ու համաձայնագրում ամրագրել մի կետ, որ հրամանատարը պետք է լինի հայ:

Բայց Թեւան Պողոսյանը մտահոգություն ուներ՝ եթե քառօրյա պատերազմում ըստ հրապարակումների, շատ հրամանատարներ մնացել են՝ սպասելով վերեւների «կրակ» հրամանին, ովքեր չէին սպասել ու ինքնագլուխ էին քայլեր արել՝ քիչ էր մնում նրանց դեմ գործ հարուցվեր, ուստի մեր հրամանատարները ունենալո՞ւ են «դուխ» ցանկացած պարագայում կրակ հրամանը արձակել: Փոխնախարարը պատասխանեց. «Այո, հրամանը տալու է մեր ՀՕՊ պետը եւ տեղեկացնելու է կողմին՝ գործողությունից հետո»:

Փոխնախարարն ասաց. «Ներկայումս ՀՀ-ն իր հակաօդային պաշտպանության միջոցներով է պաշտպանում օդային տարածքը, իսկ համաձայնագրով մենք նաեւ օգտագործում ենք ՌԴ-ի ռեսուրսը, որը տեղակայված է այստեղ: Այսինքն, մի բան ավելանում է: Էլի մեր պետն է որոշում ու լրացուցիչ ռեսուրս է ունենում: Այդ թվում՝ կործանիչ ավիացիան, թռչող սարքեր»:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ ԱԺ դռների մոտ հանդիպել ու խոսել է այս համաձայնագրի դեմ բողոքի ցույց անողների հետ, նրանք մտահոգություններ ունեն:

Փոխնախարարը դիմելով նրանց՝ ասաց. «Սիրելի հայրենակիցներ, որեւէ մտահոգության խնդիր չկա, մենք ուղղակի ռեսուրս ենք ավելացնում, իսկ կիրառման առումով անկախ ենք, անհանգստանալու տեղիք չկա»:

Ռեսուրսների տեղակայման եւ այլ խնդիրներ, ըստ փոխնախարարի, դրված է ռուսական կողմի վրա, բայց հիմնական գործառույթը, հրաման տալը ՀՀ ՀՕՊ պետն է անելու. «Չգիտեմ, թե թյուր ինֆորմացիան որտեղից է շրջանառվել, խնդրում եմ հանգիստ լինել»:

Շարմազանովը նկատեց, որ մարդիկ թյուր ինֆորմացիա էին շրջանառում նաեւ ԵՏՄ մտնելիս՝ ասելով, որ ՀՀ-ի եւ Արցախի միջեւ անցակետ է դրվելու. «Ինչքան անցակետը դրվեց, էնքան էլ սա կլինի»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը կոնկրետ իրավիճակ ներկայացրեց՝ ասենք, խախտվել է օդային սահմանը եւ պետք է որոշում կայացվի, ո՞վ է որոշում կայացնողը, բա որ մեր ու ՌԴ-ի շահերը տարբեր լինեն. «Հետո, մենք ինչ-որ զենք, ինչ-որ բան սրանից ստանալո՞ւ ենք, թե՞ չէ»:

Փոխնախարարը պատասխանեց, որ ձեռք չենք բերում զենք, բայց կարող ենք օգտագործել հակաօդային խոցման միջոցներ եւ թռչող սարքեր: Ինչ վերաբերում է որոշում կայացնելուն, Նազարյանն ասաց, որ եթե լինի ցանկացած ոտնձգություն օդային սահմանի վրա, իրենք ինքնուրույն որոշում են կայացնելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930