Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի հարցը խճճել են ՀՀ երեք նախագահները». Լարիսա Ալավերդյան

Հուլիս 01,2016 16:49

Լարիսա Ալավերդյանը, Հրանուշ Խառատյանն ու Կարինե Դանիելյանը մի փաստաթուղթ են պատրաստել, որով մերժում են մադրիդյան սկզբունքների կամ նրա շուրջ որևէ փաստաթղթի հիման վրա բանակցությունների շարունակությունը:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը տեղեկացրեց, որ այդ փաստաթղթով դիմելու են ՀՀ իշխանություններին, միջազգային հանրությանը` հանձին ԵԱՀԿ Մինսկի խմբին և ժողովրդին:

Տիկին Ալավերդյանի համոզմամբ` մադրիդյան սկզբունքները ուղղակի փակուղի են. «Այսպես կոչված Կազանի գործընթացը համարում ենք ոչ միայն անպտուղ, այլ վտանգավոր և հակասող տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների անվտանգության ու գոյության համար: Կոչ ենք անում հրաժարվել այս անորոշ և երկիմաստ թեզերից, որոնք խեղաթյուրում են Արցախի հիմնահարցը և ազգային ազատագրական պայքարը ներկայացնում որպես 1992-ի` ԼՂԻՄ-ի սահմանում ինքնորոշման իրավունքի վրա եղած հարց»:

Լարիսա Ալավերդյանի համոզմամբ` «Կազանի փաստաթուղթը հատուկ ձևով շրջանառության մեջ է դրվել ժողովրդին համաձայնեցնելու այդ մտքին և համոզելու, որ սա է ճանապարհը»:

Նա պատահական չի համարում Գերմանիայի արտաքին գործների նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հայտարարությունը, որ ստատուս քվոն չի կարող այսպես շարունակվել, քանի որ այն պարունակում է էսկալացիայի նոր հնարավորություն: Լարիսա Ալավերդյանն այս առիթով նշեց. «Սա ոչ այլ ինչ է, քան կոչ, որ նա կարող է սկսել էսկալացիան»:

Տիկին Ալավերդյանը մտահոգություն հայտնեց, որ ՀՀ երեք նախագահները խճճել են Արցախի հարցը. «Այն օրը, երբ Արցախը դուրս մղվեց բանակցային սեղանից, Հայաստանը չպետք է նստեր որևէ սեղանի շուրջ: ՀՀ իշխանությունները պետք է խոստովանեն` կամ իրենք կարողանում են դիմադրել ստեղծված իրավիճակում կամ չեն կարողանում դիմադրել, ու պետք է առաջարկեն, որ դա անեն ուրիշները, կամ իրենք հայտարարեն, որ այս գործընթացն այս հասկացության վրա հնարավոր չէ, քանի որ դա ոչ միայն հայերի համար է վտանգավոր, այլ տարածաշրջանի ժողովուրդների գոյությունն է խոցելի դարձնում. Ադրբեջանի ճնշման տակ գտնվող ժողովուրդները հույսով նայում են, թե Արցախն ինչպես է պայքարում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vartan says:

    Արցախի հարցը լուծելու միակ ձեվը նրա հստակեցումն է. իսկ հստակեցման համար չպետքէ սպասել ադրբեջանին այլ պետք է առաջ գնալ . առաջ գնալու համար մի քիչ կամք ու մի քիչ համարձակություն է պետք.Արցախի անկախությունը ճանաչեք եվ շատ հարցեր կը պարզվի եվ հայաստանի դիրքերը կամրապնդվի նկատի ունենանք որ ժամանակը մեր օգտին չէ.

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031