Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեւակը պայքարում էր այն գրականության դեմ, որը դատավճիռ ու վերջնական եզրակացություններ է տալիս»

Հուլիս 15,2016 14:30

Գրականագետը՝ ոլորտի հիմնական խնդիրների մասին

«Առավոտը» զրույցի էր հրավիրել գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտ Հայկ Համբարձումյանին: Մասնագետի հետ զրուցեցինք Հայաստանում գրող լինելու դժվարությունների, գրական դաշտը համակարգելու տարբերակների, գրողի քաղաքացիական դիրքորոշման, պայքարող մտավորականի մասին:

Հայկ Համբարձումյանը նշեց, որ այսօր ձեւավորված իրականությունում գրողի եւ գրականագետի խոսքը ընթերցողին չի հասնում, ինչը գլխավոր պրոբլեմն է:
«Հաճախ շրջանառվում է այն միտքը, թե դրա պատճառը ԶԼՄ-ների կողմից գրական դաշտին քիչ անդրադարձն է, սակայն ես համաձայն չեմ տարածված կարծիքին: Մեր հասարակական միտքն այսօր այնքան ծանրաբեռնված է քաղաքական, սոցիալական տարբեր հարցերով՝ գուցե լուրջ ու կարեւոր, բայց դրանց կողքին քիչ չեն բամբասանքները, հանրության ուշադրությունը շեղող մակերեսային հարցերը, ինչի պատճառով էլ լուրջ մտածումը, խոհը տեղ չեն գտնում հասարակական կյանքում: Մանավանդ՝ եթե հաշվի առնենք, որ աշխարհն այսօր ապրում է սոցիալական ցանցերի վիրտուալ իրականության մեջ եւ մարդկանց ուշադրությունն ու հետաքրքրությունը ուղղորդվում են լրահոսով, գովազդով…

Մարդկանց գերակշռող շրջանակներին հետաքրքրում են քաղաքականությունը, սպորտը, շոու-բիզնեսը, կարճ ասած՝ շատ ավելի հեշտ ընկալվող, մեծ մասամբ արժեք չներկայացնող տեղեկատվություն»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հետո էլ հավելեց. «Մինչդեռ գրականությունը, հատկապես ժամանակակից, ընթերցման պրոցեսում մտածելու պայմաններ ու համապատասխան հոգեմտավոր պատրաստվածություն է պահանջում ընկալման համար: Մյուս կողմից՝ մարդիկ այնքան են վարժվել կյանքի արագ ռիթմին, նույնիսկ վայրկյանների տարբերությամբ փոփոխվող լրահոսին, որ այլեւս համբերություն չունեն մեկ էջից ավելի տեքստ կարդալու: Երբեմն կարդում են միայն վերնագիրը: Իհարկե, այս իրավիճակից օգտվում են լրատվամիջոցները՝ վերնագրային խայծեր սփռելով համացանցում, հնարավորինս շատ այցելուներ, դիտումներ ապահովելու համար: Հետեւաբար այս ամենը պարզապես թույլ չի տալիս, որ մարդիկ ուշադրություն դարձնեն գրական դաշտին, հրատարակվող գրքերին, գրականության միջոցով տարածվող բարձր արժեքներին»:

Հարցին, թե՝ ի վերջո գրական դաշտը համակարգելու ի՞նչ տարբերակներ է տեսնում, Հայկ Համբարձումյանը նախ հայտնեց, թե այնպես, ինչպես պատկերացնում ենք համակարգված դաշտ, որ գոյություն ուներ խորհրդային շրջանում, հիմա հնարավոր չէ: Հիշեցրեց, որ խորհրդային տարիներին պետական վերահսկողությամբ գործունեություն էր ծավալում մեկ գրողների միություն, հրատարակվում էին ընդամենը մի քանի թերթ ու ամսագիր: Այնուհետեւ պատասխանեց. «Այսօր մենք գործ ունենք հրատարակչությունների, որոշ դեպքերում՝ ամսագրերի եւ թերթերի շուրջ համախմբված գրական փոքր խմբավորումների հետ եւ միանշանակ լավ է, որ չկա կենտրոն, որովհետեւ վերջինս կենթադրեր գաղափարական վերահսկողություն: Երբեմն հակադիր գրական ու գեղագիտական սկզբունքներով առանձին խմբավորումները ստեղծում են առողջ մրցակցային մթնոլորտ: Նշածս պատճառներով չեն անցկացվում հասարակական մեծ հնչեղություն ունեցող քննարկումներ, որոնք կնպաստեին գրական պրոցեսի զարգացմանն ու հանրայնացմանը»:

Ինչ վերաբերում է մերօրյա գրողի քաղաքացիական դիրքորոշմանը, գրականագետի ձեւակերպմամբ՝ ցանկալի կլիներ, որ գրողի խոսքը, նրա կերպարն այնքան ազդեցիկ լինեին, որ հասարակական փոփոխությունների պատճառ դառնային: Սակայն կրկին հասարակական ընդհանուր մտայնությունները, տեղեկատվական դաշտի ներկա վիճակն ու ընթերցանության ոչ բավարար մակարդակը հնարավորություն չեն տալիս գրողի եւ ընդհանրապես արվեստագետի ազդեցիկ կերպար ձեւավորելուն: Հայկ Համբարձումյանի կարծիքով՝ պատճառն այն է, որ գրողին ու արվեստագետին հիշում են այն ժամանակ, երբ կարիք կա ընդդիմադիր խոսք ասելու: Սա այն դեպքում, երբ մեծ մասամբ ծանոթ էլ չեն նրանց կողմից ստեղծած մշակութային արժեքներին: «Եթե պայքարենք գրականության եւ արվեստի համար, նպաստենք բարձր արժեքների տարածմանը, գրողն էլ կպայքարի սոցիալական, նույնիսկ քաղաքական խնդիրների լուծման համար, հասկանալով, որ իր խոսքը արժեք ունի: Էլ չեմ խոսում գրականագիտության մասին, եթե այսօր հանրայնորեն պահանջված չեն գրողն ու գրականությունը, ուրեմն ավելորդ է խոսել գրականությունը մեկնաբանող եւ արժեւորող գիտության մասին»,- համոզված է մասնագետը:

Զրույցի ընթացքում շոշափեցինք նաեւ վերջին տարիներին այնքան «որոնվող» գրական հերոսի թեման: Գրականագետը դարձյալ հիշեցրեց, որ խորհրդային տարիներին ընկալելի էին հերոսներ, որոնք տալիս էին բոլոր հարցերի պատասխանները: Ինչ վերաբերում է մերօրյա հերոսի կերպարին, Հայկ Համբարձումյանը հայտնեց. «Ժամանակակից գրականության հերոսն առավելապես հարցեր է տալիս եւ չի գտնում պատասխաններ: Ըստ այսմ էլ՝ ժամանակակից գրականության եւ ընթերցողի միջեւ մեծ հեռավորություն է առաջանում: Ընթերցողը պահանջում է ավարտուն մտքեր, դատավճիռներ, ձեւավորված թեւավոր խոսքեր, որ հետագայում Ֆեյսբուքում ստատուսի տեսքով ներկայացնեն: Մինչդեռ Պարույր Սեւակը, ում աֆորիզմ դարձած մտքերն այսօր էլ տարածված են Ֆեյսբուքում, պայքարում էր այն գրականության դեմ, որը դատավճիռ ու վերջնական եզրակացություններ է տալիս…»:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

14.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031