Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ իրավապաշտպանի՝ ՄԻԵԴ վճիռն անհանգստացրել է վարչապետին ոչ նրա համար, որ մարդու իրավունք է խախտվել, այլ՝ որ գումար պիտի տան

Օգոստոս 20,2016 14:00
femida

«Հովիկ Աբրահամյանը շատ սխալ հարց է տվել»,- «Առավոտի» հետ զրույցում այսպես արձագանքեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը ՀՀ վարչապետի՝ երեկ կառավարության նիստին կատարած արտահայտությանը: Իսկ երեկ կառավարությունը որոշում կայացրեց պետական բյուջեից 18 հազար 255 եվրո գումար փոխհատուցում տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» վճռի կատարման համար: Երբ զեկուցվեց այս վճռի եւ գումարային փոխհատուցման մասին, վարչապետն, այսպես ասած, կիսազայրացած հարց ուղղեց՝ «Վերջապես այդ սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պիտի՞ պատասխան տա, թե՞ ոչ»:

Սա, իհարկե, առաջին դեպքը չէ, որ պետական բյուջեից դատական սխալների համար Հայաստանը ՄԻԵԴ վճռով պարտավորվում է Հայաստանի քաղաքացիներին դրամական խոշոր փոխհատուցումներ տրամադրել: Օրինակ՝ արդարադատության նախարարությունը Civilnet.am-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել է, որ 2002- 2016թթ. հուլիս ամիսը ՄԻԵԴ-ի վճիռներով քաղաքացիներին փոխհատուցվել է 525 հազար եվրո, որից միայն 2015 թվականին՝ 250 հազար եվրո, եւ այս տարիների ընթացքում միայն մեկ դատավոր է ենթարկվել կարգապահական պատասխանատվության:
Տարիներ շարունակ անճար քաղաքացիների՝ արդարադատության համակարգից դիմում բողոքներին որեւէ մեկը չէր արձագանքում, դրա վկայությունն են ամեն հինգշաբթի օրը կառավարության շենքի եւ նախագահականի մոտ քաղաքացիների ցույցերը: Այս ընթացքում կառավարությունից որեւէ մեկը չէր հարցնում՝ բա ինչ-որ մեկը պե՞տք է պատասխան տա: Բայց երբ դատավորների սխալները կպնում են պետական բյուջեին, այն էլ արդեն կես միլիոն եվրոյի չափ փող են դատարկել պետբյուջեից, այն էլ, որպեսզի շարքային քաղաքացիներին փոխհատուցեն, դրանից հետո նոր կառավարության ղեկավարը սկսեց մեղավորներ փնտրել ու պատասխանատվության հարց բարձրացնել: Վարչապետը երեկ հանձնարարել է գույքագրել, թե ՄԻԵԴ-ի վճիռներով որքան գումար է հատկացվել 2014, 2015 եւ 2016 թվականներին:

Վարչապետի՝ ինչ-որ մեկից պատասխան պահանջելու հարցադրումը Արա Ղազարյանը տեղին չի համարում: Իրավաբանի կարծիքով՝ Հովիկ Աբրահամյանի հարցը սխալ է, որովհետեւ ՄԻԵԴ-ի՝ ընդդեմ Հայաստանի 60 վճիռներից ընդամենը 2-3 են, որ դատավորի կամայականության արդյունք է, դատավարական սխալ:

Իրավաբանի դիտարկմամբ՝ մնացածն արդյունք է այն բանի, որ մեր երկրում իրավունքը զարգանում է, իսկ ՄԻԵԴ-ը գործը քննում է 7-8 տարի հետո. «Այսինքն՝ հետին հայացքով նայելով՝ ՄԻԵԴ-ն ասում է՝ 7-8 տարի առաջ դուք սխալ եք կատարել, այն դեպքում, երբ այդ համակարգային խնդիրն այդ պահի դրությամբ լուծված է: ՄԻԵԴ-ի վճիռների մեծ մասը գալիս է ուշացումով: Օրինակ՝ Եվրադատարանը վարչական կալանքի վերաբերյալ գործը կարող է քննել եւ որոշում կայացնել տարիներ հետո, երբ, ասենք, 2009-ի դրությամբ այդ համակարգային խնդիրն արդեն վերացած է: Կամ՝ խափանման միջոց կալանքի վերաբերյալ գործի քննում, արդեն կայացրել է ամենաքիչը մոտ 6-7 վճիռ: Եվրադատարանն անդրադառնում է խնդիրներին դիմումից 6-7 տարի հետո, իսկ այդ ընթացքում խնդիրը լուծվում է մեր երկրում»:

«Առավոտը» պարոն Ղազարյանին հիշեցրեց իրացման գոտու բնակիչների հայցերի հիման վրա ՄԻԵԴ-ի վճիռներն ընդդեմ Հայաստանի: Իրավաբանն այս առնչությամբ էլ ասաց, որ այն ժամանակ որպես գերակա շահ մարդկանց սեփականություններն օտարվել են առանց օրենքի՝ մինչեւ 2006 թվականը, հետո օրենք ընդունվեց, համակարգային խնդիրը վերացավ, իսկ ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել այն ժամանակ, երբ խնդիրը շտկված է եղել. «Այսինքն՝ ինքը ուշացումով է դիրքորոշում արտահայտում: Կան վճիռներ, որտեղ տեսնում ենք, որ խախտումը առերեւույթ կամայականության արդյունք է, ասենք՝ վերաբերում է խոշտանգումներին, բայց խոշտանգման հարցով դատավարության այն համակարգային խնդիրներին, որին ՄԻԵԴ-ը մատնացույց է անում, այս տարիների ընթացքում որոշ մասը վերացվել է, օրենքները բարեփոխվել են»:

Մեր հարցին՝ անգամ եթե ՄԻԵԴ-ի վճիռները կայացվում են այն ժամանակ, երբ մեզ մոտ սխաը շտկած են լինում, բայց չէ՞ որ ՀՀ քաղաքացիների իրավունքները խախտվել են, եւ հայցերը հենց այդ ժամանակաշրջաններին են վերաբերում. նման դեպքերում պետությունն ինչ-որ բան չպիտի՞ անի, Ղազարյանը պատասխանեց. «Պետությունը պետք է համակարգային խնդիրները վերացնի, որ դիմումները չհասնեն ՄԻԵԴ: Դա միանգամից չի կարող անել, որովհետեւ ՄԻԵԴ-ը ընդունում է նոր իրավունք, օրինակ՝ բանակում պարտադիր զինծառայություն չանցնելու իրավունքը, եթե դու ազնվորեն ունես կրոնական համոզմունք: 2011 թվականին այս իրավունքը գրեց, երբ մենք 2002 թվականին Բայաթյանին դատապարտում էինք, մեր դատավորը այն ժամանակ կանխատեսելո՞ւ էր, որ 9 տարի հետո Եվրոպայում ծնվելու է նոր իրավունք, որով իր վճիռը դառնալու է անօրինական, իհարկե՝ ոչ»:

Պարոն Ղազարյանի ներկայացմամբ՝ խոսքը զարգացող իրավունքի մասին է, եւ ՄԻԵԴ-ի առաջնային նպատակը չէ կոնկրետ անձի խախտված իրավունքները վերականգնելը, այլ կոնկրետ գործով երկրում ընդհանուր ժողովրդավարության չափանիշներ սահմանելը:
Դատավարական սխալների համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ մեր հարցին էլ ի պատասխան՝ իրավաբանն ասաց՝ նախ, Եվրախորհուրդն է դեմ, որ դատավորին պատասխանատվության ենթարկեն իր կայացրած որոշումների համար: Վենետիկի հանձնաժողովում, ըստ Ղազարյանի, բազմաթիվ փաստաթղթեր կան, որով դատավորին կարգապահական պատասխանատվության կարելի է ենթարկել միայն իր վարքի համար, այլ ոչ թե իր կայացրած որոշման համար. «Դատավորների մեծ մասը որոշումներ են կայացրել, ըստ իրենց, ինչպես Վենետիկի հանձնաժողովն է ասել, բառացի ասում եմ՝ օրենքի իրենց սեփական իմացությամբ եւ փաստերի իրենց սեփական վերլուծությամբ: Այսինքն՝ դատավորի աշխատանքը «ավտոնոմ է», եւ ոչ ոք իրավունք չունի միջամտել՝ բացառությամբ վերադաս ատյանի: Վարչապետը չէ, որ պետք է որոշի՝ դատավորը լա՞վ է աշխատում, թե՞ ոչ, եւ ոչ էլ նախագահը»:

«ՄԻԵԴ վճիռները ցույց են տալիս, որ կառավարության ներկայացրած զեկույցները կամ վարչապետի այն հայտարարությունը, թե արդյունավետ պայքար են մղում կոռուպցիայի դեմ, իրականությանը չեն համապատասխանում»,- մեզ հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա խոսքերով՝ վարչապետն, ըստ էության, դժգոհում է այն զեկույցներից, ազգային ծրագրերից, որոնց վերաբերյալ հաշվետվություններ է ներկայացրել, թե բոլոր այդ ծրագրերը կատարել են, եւ պետությունը զարգանում է. «Այսինքն՝ ինքը դժգոհում է ինքն իրենից: Իր աշխատանքի բնութագիրն է, որովհետեւ դատաիրավական բարեփոխումները, որ կատարում են Եվրամիության ֆինանսավորմամբ, եւ որ դրանց կատարման մասին զեկուցում են, թե ամեն ինչ հրաշալի է, ՄԻԵԴ-ի վճիռները ճիշտ հակառակն են ապացուցում: Մենք երբեք չենք լսել, որ այս ծրագրերի թերի կամ վատ կատարման համար որեւէ մեկը պաշտոնապես պատասխան տա: Հովիկ Աբրահամյանը թող դժգոհություն ներկայացնի Սերժ Սարգսյանին՝ իրենց կողմից նշանակվող ոստիկանապետից, իրավապահ մարմիններից, դատավորներից, իրենց ձեռքում են իշխանությունն էլ, դատարաններն էլ, իրավապահ այլ մարմիններն էլ»:

Սաքունցի կարծիքով՝ ՄԻԵԴ-ի որոշումներով գնահատվում է երկրում համակարգային վիճակը եւ խոսում է այն մասին, թե որքանով է պետությունը իրականացնում Սահմանադրությունը, միջազգային պարտավորությունները. «Եթե չլինեին ՄԻԵԴ որոշումները, իրենք էլի մեզ կերակրելու էին ստերով, թե՝ բա ամեն ինչ հրաշալի է»: Իրավապաշտպանը հիշեցնում է, որ իրենք բազմիցս զեկույցներ են ներկայացրել մարդու իրավունքների իրավիճակի մասին՝ թե՛ ոստիկանության գործողությունների, թե՛ դատախազության, թե՛ ԱԱԾ-ի, դատարանների, կառավարությունը պատշաճ ուշադրություն չի դարձրել. «Եթե ՄԻԵԴ-ի որոշումները չուղեկցվեին գումարային փոխհատուցման պահանջով, ես վստահեցնում եմ՝ իշխանության ներկայացուցիչները չէին դժգոհելու իրավիճակից, քանի որ իրենց մտահոգում է ոչ թե այն, որ մարդու իրավունքներն են խախտվել, այլ այն, որ պետությունը քաղաքացիներին փոխհատուցում պիտի տա»: Որպես օրինակ Սաքունցը նշեց նախկին ՄԻՊ զեկույցը, որտեղ նշված էր դատական համակարգում կոռուպցիայի տարածվածության մասին, սակայն կառավարությունն ուշադրություն չդարձրեց, դեռ մի բան էլ բոլորը հետ ուղարկեցին զեկույցը:

Ինչ վերաբերում է դատավորներին պատասխանատվության ենթարկելուն եւ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը, իրավապաշտպանն ասաց՝ հանձնաժողովն առաջնորդվում է այն հանգամանքով, որ տվյալ երկրում դատական իշխանությունը անկախ է, եւ դատավարական սխալի համար դատավորը չպետք է պատասխանատվություն կրի, պետությունը այդ համակարգում գործառույթ պիտի անի, նպաստի դատավորների առավել անկախությանը, նրանց արհեստավարժ, մասնագիտական կարողությունների զարգացմանը. «Պետական քաղաքականության արդյունքներն են ազդում դատական իշխանության վրա: Վերջին հաշվով՝ եթե քո չարածների համար դու դատավորին ես մեղադրում, որ դատավորը քաղաքական հրահանգներ է անում, հիմնական պատասխանատուն իշխանությունն է»:

Դատաիրավական բարեփոխումների ծրագիրն այս տարի ավարտվում է, եւ, ըստ Սաքունցի, եթե ծրագիրը արդյունք տար, մենք ՄԻԵԴ-ի՝ ընդդեմ Հայաստանի վճիռներ չէինք ունենա. «Իսկ ծրագրի կատարման պատասխանատուն կառավարությունն է»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

19.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031