Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ամերիկաբնակ Արմեն Ալանի բացառիկ գիրքը՝ «Բիթլզի» մասին

Օգոստոս 31,2016 13:00

«Ռեքվիեմ Պրոմեթեւսի համար» աշխատությունը՝ գերխիտ փաստական տեղեկատվությամբ հագեցած, սակայն շեշտված գեղարվեստականությամբ

Հրատարակվել է ամերիկաբնակ գրող, հրապարակախոս Արմեն Ալանի «Ռեքվիեմ Պրոմեթեւսի համար» գիրքը, որը ներկայացնում է «Բիթլզ» քառյակի եւ հետագայում խմբից առանձնացած Ջոն Լենոնի քաղաքացիական գործունեության հիման վրա՝ 20-րդ դ. 50-90թթ. ապրած եւ ապրող հայ սերնդի մասին ավարտված եւ շարունակվող համաշխարհային վճռորոշ իրադարձությունների ծավալուն համայնապատկերը:

«Առավոտի» հետ զրույցում Արմեն Ալանը նշեց. որ գրքում բացահայտված են քաղաքական սպանություններ, չիրագործված երազանքներ, անհայտ նահատակներ ու մոռացված հերոսներ, Բիթլզ եւ Փարաջանով, աֆղանական պատերազմ եւ «վերակառուցված» ԽՍՀՄ, հատուկ ծառայությունների գաղտնազերծված էջեր եւ շարունակվող կեղծիքների նոր գալարներ, այլմոլորակային քաղաքակրթության իրեղեն ապացույցներ եւ Երկիր մոլորակի ճակատագրին սպառնացող հավանական արհավիրքներ, ոգու թռիչք եւ բարոյականության անկում, վերջնականապես արժեզրկված մարդկային կյանք եւ նոր աշխարհակարգի դիվային ծրագրեր: «1980 թվականի դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում «սպանեցին երգը»: Մ. Չեպմեն անունով հանցագործը հինգ դիմահար կրակոցներով, արյունոտ մի էջ «ավելացրեց» ռոք երաժշտության եւ ընդհանրապես պատմության տարեգրություններում, իսկ թերթերն ու ամսագրերը լույս տեսան արտահերթ թողարկումներով. «Նյու Յորքի Մանհեթենի շրջանում, «Դակոտա» կոչվող շենքի առաջ, իր կնոջ՝ Յոկո Օնոյի ներկայությամբ, սպանված է «Բիթլզ» լեգենդար քառյակի հիմնադիր, երգիչ եւ կոմպոզիտոր Ջոն Ուինսթոն Լենոնը»,- գրքում փաստում է հեղինակը:

Հետո էլ հավելում է, թե Լենոնի մահը սգում էր մի ողջ սերունդ, որի ձայնն ու խիղճն էր փորձում դառնալ նա իր կենդանության օրոք: Այն սերունդը, որի զավակները զոհվում էին Վիետնամի, Իռլանդիայի, Աֆղանստանի, Լիբանանի եւ մոլորակի այլ վայրերում ընթացող, անանուն, անարդար ու անիմաստ, մեծ ու փոքր մյուս պատերազմներում, չհասկանալով անգամ մինչեւ վերջին պահը, թե ում եւ ինչի համար է թափվում իրենց արյունը՝ ընկնում թմրամոլության եւ հանցագործության ճահիճը եւ տանջալից կերպով, արտաքուստ վայրի շեղումների ու թափառումների մեջ որոնում արժեքներ, որոնք ոտնահարվում էին ֆինանսական մշտահմա բարձունքներին կանգնած եւ իշխանական սանձերը իրենց ձեռքերում պահած բարձրաստիճան տականքների կողմից: Եվ մեջբերում է Լենոնի խոսքերը. «Ես արվեստագետ եմ, իսկ իմ արվեստը խաղաղությունն է, պարզապես ես երաժիշտ եմ ծնվել»:

Armen_Alan-2
Մեր ժամանակի գերարագ մթնոլորտում մարդ վախենում է ձեռքը վերցնի ստվարածավալ որեւէ գիրք, անընդհատ մտածելով, որ ժամանակ չի գտնելու այն կարդալու համար: Բայց Արմեն Ալանի «Ռեքվիեմը», որ աչքի է ընկնում յուրահատուկ, խիստ դինամիկ ոճով, 20-րդ դարի համաշխարհային լրատվության գերհարուստ փաստարկումներով, որը կարծես թե առանձին գիրք է դառնում այն գրքի մեջ, որը պատմում է 20-րդի դարակազմիկ դեպքերը՝ «Բիթլզ» քառյակի գործունեության եւ Ջոն Լենոն՝ Պրոմեթեւսի համաշխարհային խաղաղության պահպանմանն ուղղված թերեւս իր ժամանակի ամենահայտնի երգչի գործունեության գերխիտ փաստական տեղեկատվությամբ հագեցած, սակայն շեշտված գեղարվեստականության եւ վավերական նկարագրության հիմքի վրա:

Մասնագետները հավաստիացնում են, որ ընթերցողը «ժամանակ գտնելու» խնդիր չի ունենա: Իսկապես մեծածավալ գիրքը կարդացվում է հափշտակությամբ, նույնիսկ ոչ մի պահ nչ ոք չի ուզում գիրքը կողքի դնել՝ այնքան հանրագիտարանային ձեւով է հավաքած 20-րդ դարի աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող դեպքերն ու դեմքերը ու այնքան գրավիչ են ներկայացված կարեւորագույն իրադարձությունները, որ «Բիթլզի» հայտնի երգի Help հոլովակի նման դեպքերն ընթանում են գլխապտույտ արագությամբ՝ միաժամանակ մի «այրող» կիզակետի մեջ հավաքելով բոլոր դեպքերի հախուռն ընթացքը:

Պատերազմներ, հակապատերազմական ցույցեր… «Բիթլզ» քառյակի ծնունդի ու համաշխարհային հյուրախաղային շրջագայությունների հետ միասին՝ ընթերցողը հայտնվում է աշխարհի տարբեր երկրներում՝ հրճվելով նորի ձեռքբերումների հեղեղընթաց նվաճումներով ու միաժամանակ սգալու չափ ողբերգականորեն ճնշվելով անարդարությունների, դավադրությունների ու անհիմն պատերազմների բերած կործանարարությունների համար:

Գիրքն առանձնահատուկ է հայ ընթերցողի եւ հայ մարդու համար, քանզի հեղինակը՝ Արմեն Ալանը, ծնված լինելով Երեւանում, որտեղ անցկացրել է իր մանկությունն ու պատանեկությունը, Երեւանի ամենաակտիվ երիտասարդական, մշակութային եւ քաղաքացիական շարժումների մասնակիցն է եղել, ապա Հայաստանի եւ խորհրդային երկրի քաղաքական փոխակերպումների արդյունքում տեղափոխվել է ԱՄՆ եւ անմիջապես ծավալել գրական-հրապարակախոսական գործունեություն: Ահա այդ Հայաստան-աշխարհ կենսագրական կամուրջ-հենքի վրա 20-րդ դ. համաշխարհային շարժման մեջ մշտապես ներառվում են հայաստանյան իրադարձությունները՝ եւ հայ, եւ ոչ հայ ընթերցողը գտնում-գնահատում է Հայաստանի կյանքը համաշխարհային իրադարձությունների հորձանուտում: Կարծես թե մեզանում հազվադեպ են այն գրքերը, որտեղ հստակ ներկայացվում է Հայաստան-աշխարհ կամուրջը՝ իր բոլոր լավ ու վատ, ճանաչելի ու անճանաչելի, ընդունելի ու անընդունելի իրադարձություններով:

Անդրադառնալով «Ռեքվիեմ Պրոմեթեւսի համար» գրքին՝ ամենատարբեր ու մեկը մյուսից ավելի հետաքրքիր արժանիքներից կուզեինք շեշտել Հին Հունաստանի կյանքը պատկերող ու Պրոմեթեւսի՝ աշխարհին լույս ու կրակ բերելու քաջությունն ու կրած տառապանքները, որի գործողություններն ու առաքելությունը ժամանակային խորհրդանշական թռիչքով տեղափովում է 20-րդ դար՝ Ջոն Լենոնի համաշխարհային խաղաղության համար տարված պայքարը գրեթե նույնականացնելով Պրոմեթեւսի գործունեության հետ՝ արած գործի սխրանքի ու նաեւ կրած տառապանքների չափով, մինչեւ 20-րդ դարի ամենազարհուրելի սպանություններից մեկի փաստական ներկայացնելը:
Գիրքը յուրատեսակ ժամանակացույց է՝ համաշխարհային, այդ թվում նաեւ հայ մեծ արվեստագենտների (Արշիլ Գորկի, Արտավազդ Փելեշյան, Սերգեյ Փարաջանով եւ այլն) գործունեությունը փաստող տվյալներով:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

30.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031