Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական գյուղապետի որդու կողմից թոշակառու կնոջը ծեծի ենթարկելու գործով քրեական գործ է հարուցվել

Սեպտեմբեր 01,2016 15:43

Շիրակի մարզի Սարատակ գյուղի ՀՀԿ-ական գյուղապետ, այժմ էլ թեկնածու Միշա Ղրզոյանի որդու` Արթուր Ղրզոյանի կողմից ծեծի ենթարկված կինը` թոշակառու Սվետլանա Վարդանյանը, դիմել է ՀՀ ոստիկանություն:

Aravot.am-ի հետ զրույցում նրա դուստրը` Աննա Վարդանյանը, հայտնեց, որ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի` «Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը» հատկանիշներով:

Սարատակի գյուղապետի, որը այժմ էլ գյուղապետի թեկնածու է, որդին օգոստոսի 21-ին երեկոյան ծեծի էր ենթարկել թոշակառու կնոջը: Աննա Վարդանյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ գնալու են մինչև վերջ` մինչև մեղավորները պատիժ չկրեն և չպարզեն, թե որն էր դրդապատճառը. «Դիմել եմ նաև միջնորդությամբ, որպեսզի դատաբժշկական երկրորդ փորձաքննություն իրականացվի, քանի որ Գյումրիում դատաբժիշկը թեթեւ մարմնական վնասվածք է ախտորոշել, իսկ երբ մենք մայրիկիս բերել ենք Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, այստեղ ախտորոշվել է ուղեղի ցնցում»։

Աննա Վարդանյանը տեղեկացրեց, որ դատաբժշկական երկրորդ փորձաքննությունը կիրականացվի վաղը:

Մոր առողջական վիճակի մասին Աննա Վարդանյանը հայտնեց, որ նա գլխի շրջանում ցավեր ունի, թույլ է, գործողությունները խիստ դանդաղ: Աննա Վարդանյանը վրդովված է. «Սա խուլիգանություն է. կնոջ վրա ձեռք բարձրացնել, հետո ընկած կնոջը նորից հարվածել: Թող սրան իրավապահները գնահատական տան»:

Աննա Վարդանյանն ասաց, որ պատճառների մասին այժմ միայն կարող են եզրակացություններ անել, սակայն փաստ է այն, որ իրենց ընտանիքի հասցեին սպառնալիքներ են տեղում, մինչև անգամ՝ «հանկարծ տղիս գլխից մազ պակասի, կկորցնեմ, քեզ նստացնել կտամ» և այլն:

Աննա Վարդանյանը վստահեցրեց, թե «մայրս ճանաչել է. գյուղապետի որդին է եղել իրեն ծեծի ենթարկողը»:

Առաջիկայում կհրապարակենք նաև գյուղապետի` Միշա Ղրզոյանի տեսակետը կատարվածի վերաբերյալ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930