Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես մշակութային առումով որբ չդարձա»

Սեպտեմբեր 09,2016 14:00

Բանասերի եւ օպերային երգչի մասնագիտություն ստացած պոլսահայ
երիտասարդը՝ իր ճակատագրի մասին

«Մեր թաղամասում չկար հայկական վարժարան: Ամենամոտը մի քանի թաղամաս հեռու էր՝ Գարագյոզյան ազգային որբանոցը, որը հիմնադրվել է 1913թ. եւ տասնամյակներ անց ստացել վարժարանի կարգավիճակ: Երբ տառաճանաչ դարձա, կարդալով մինչ օրս վարժարանի պատին փորագրված «որբանոց» բառը, մորիցս հետաքրքրվեցի՝ չէ՞ որ որբանոցում ծնողազուրկ երեխաներն են լինում, ինչո՞ւ են ինձ այնտեղ տարել: Մայրս ասաց՝ որպեսզի ապագայում քեզ մշակութային առումով որբ չզգաս: Այն ժամանակ ես մորս պատասխանը չէի կարող հասկանալ, բայց տարիներ անց հասկացա, այն էլ ինչպե՜ս… Ապրում էի մի շրջապատում, որտեղ մշտապես պայքարի մեջ էի եւ այդ պայքարը կոչվում էր ազգային մշակութային գոյապայքար»,- «Առավոտի» հետ զրույցում հայտնեց ծնունդով Կոստանդնուպոլսից Պողոս Եղիազարը: Մեր զրուցակցի ձեւակերպմամբ՝ այդ պայքարից ազատվել է միայն 1999թ., երբ ուսանելու նպատակով տեղափոխվել է Երեւան: Սովորել է պետական համալսարանում, այնուհետեւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

pogos_egiazar-3

Բանասերի եւ օպերային երգչի մասնագիտություն ստացած երիտասարդի անունը այսօր հայտնի է միայն երաժշտասեր հասարակության շրջանում: Դեռեւս կոնսերվատորիայում ուսանելու տարիներից (2005-2010թթ.) սկսվում է նրա համերգային գործունեությունը, հյուրախաղերով մեկնում է Իրան, Մեծ Բրիտանիա եւ այլն: Կոնսերվատորիան ավարտելուն պես երգչին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում վստահվում է Սայաթ-Նովայի դերերգը՝ համանուն օպերայում: Հիմա երգիչը հիշում է, որ վստահողը ոչ ավել-ոչ պակաս օպերայի հեղինակն էր՝ մեծանուն Ալեքսանդր Հարությունյանը: Իսկ իրեն պատիվ էր ընձեռած հանդես գալ պրեմիերային: «Դա 2011 թվականն էր: Պատրաստեցի դերերգը, սկսվեցին փորձերը, բայց հրաժարվեցի, ինչը ճակատագրական եղավ ինձ համար: Ինչպես ասում են՝ ինքս բախտիս վրա քար գցեցի: Նոր եմ հասկանում, թե ինչու օպերային դիվա Հասմիկ Պապյանը մի առիթով ասել էր՝ եթե մերժեք որեւէ դերերգ, դա կլինի ճակատագրական»,- ասաց արվեստագետը:

pogos_egiazar-2

Արվեստագետը՝ մոր՝ Օժենի հետ

Հետաքրքրությանը, թե ի՞նչն էր մերժելու պատճառը, երգիչը պատասխանեց. «Մի տեսակ ինձ վստահ չէի զգում, թվում էր, թե ձայնիս համար բարդ է այդ դերերգը»: Հետո էլ հավելեց. «Թատրոնում ստաժոր էի, հեռացա, մեջս ինչ-որ բան կոտրվեց: Բայց ինչպես ասում են՝ հավաքվեցի, սկսեցի սեփական մենեջմենթով զբաղվել, համերգներ ունեցա Կիպրոսում, Իրանում… 2015թ. Երեւանում ինձ հրավիրեցին կատարել տենորի պարտիան պոլսահայ, կանադաբնակ կոմպոզիտոր Մաժակ Թոշիկյանի օրատորիայում: Պրեմիերան հիանալի անցավ: Բեմում էին օպերային թատրոնի նվագախումբը, երգչախումբը, Ստամբուլի օպերային թատրոնի հայազգի մեներգիչներ՝ մեցցո սոպրանո Այլին Աթեշն ու բարիտոն Սերջան Գազելօղլուն: Դիրիժորը Հակոբ Մամիկոնյանն էր, որը իմ երաժշտության դասատուն է եղել Կոստանդնուպոլսի հայկական վարժարանում: Ի դեպ, այս ստեղծագործությունը 2017թ. իմ մասնակցությամբ կկատարվի Տորոնտոյում եւ Նյու Յորքում: Նշեմ նաեւ, որ այս տարվա հունվարին, 16 տարի Հայաստանում ապրելուց հետո, 13 տարի անց այցելեցի ծննդավայր՝ այս օրատորիան հնչեցնելու նպատակով: Իսկ երեկոն նվիրված էր Հրանտ Դինքի հիշատակին»:

pogos_egiazar-5

Դիտարկմանը, թե ժամանակին հրաժարվելով մեծ բեմից, այսօր ելույթ է ունենում երեւանյան ակումբներում, Պողոս Եղիազարը նախ նշեց, թե գուցե օպերային բեմ բարձրանա ոչ թե Երեւանում, այլ արտասահմանյան որեւէ թատրոնում, հիմա չգիտի, թե «Աստված ինչ դուռ կբացի» իր առջեւ, հետո էլ ասաց. «Մշտական աշխատավայրս The Club-ն է, որտեղ ամեն ուրբաթ ելույթ եմ ունենում: Ծրագիրս էլ մշտապես բացում եմ Կոմիտասով, հետո արդեն Սայաթ-Նովա, Խաչատուր Ավետիսյան, որոնց հաջորդում են իտալական, նեապոլիտանական երգերը: Երեկոյի ընթացքում մշտապես կատարում եմ նաեւ համաշխարհային օպերային գրականության գլուխգործոցների տենորի արիաները, օրինակ՝ Կավառադոսի արիան Պուչինիի «Տոսկա» օպերայից, Կանիոյինը՝ Լեոնկավալոյի «Պայացներից» եւ այլն: Հիանալի այցելուներ ունենք, որոնք իսկապես ճաշակի առումով բազմաժանր ունկնդիր են, որոնց թվում շատ են օտարազգիները՝ գերմանացիներ, ֆրանսիացիներ, իտալացիներ…»:

pogos_egiazar-4

Հարցրինք, թե չի՞ պատահում, որ հայերը պատվիրեն ռաբիս մի երգ: Երգիչը պատասխանեց. «Իհարկե, պատահում է: Օրինակ, պատվիրում են, ասենք, Ձախ Հարութի «Տարիներս անցան» երգը, բայց ես դա մատուցում եմ ակադեմիական ոճով»: Զրույցի ընթացքում արվեստագետը հավաստիացրեց, որ մի օր ակումբ այցելած կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը լսելով իր Կոմիտասը, մոտեցել էր ու ասել՝ «Ուլունքի նման Կոմիտաս ես երգում, մեղմ եւ իսկապես կոմիտասյան շնչով…»:
Պողոս Եղիազարը որոշել է հիմնել հիմնադրամ՝ այն անվանակոչելով Կոստանդնուպոլսի երջանկահիշատակ Շնորհք պատրիարքի անունով: Նպատակը՝ մշակույթի տարբեր ոլորտներում՝ երաժշտարվեստ, պարարվեստ, գեղարվեստ եւ այլն, կազմակերպել «ալտերնատիվ բեմեր» ոչ միայն Երեւանում, այլեւ Հայաստանի մարզերում, Արցախում. «Այդ նպատակով այժմ բանակցություններ եմ վարում արտերկրյա մեկ-երկու հայազգի բարերարների հետ: Հույս ունեմ, որ կգտնվեն հայաստանցի բարերարներ եւս: Մեր ժողովուրդը բարձր ինտելեկտի տեր է, բարձր արվեստի կողմնակից: Հավատացած եմ, թե չկա գոնե մեկ հայ մարդ, որ, օրինակ, Կոմիտաս չսիրի: Իսկ եթե կա այդ մեկը, ապա դրա մեղքը մերն է՝ արվեստագետներինս»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

08.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930