Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտության ինտերակտիվ թանգարան՝ նախատեսված երեխաների համար

Սեպտեմբեր 14,2016 16:12

Սերը ուսման և գիտության նկատմամբ մանուկ հասակում է ձևավորվում: Այս գաղափարով առաջնորդվելով՝ «Փոքրիկ Էյնշտեյն» նախաձեռնությունն իրագործեց մանուկների համար Գիտության թանգարան ստեղծելու իր գաղափարը: Այս թանգարանը մյուսներից տարբերվում է նրանով, որ ցուցանմուշների հետ շփումը սահմանափակելու փոխարեն խրախուսում է դրանք ամբողջությամբ ուսումնասիրելը:

Թանգարանում ցուցադրված է մոտ 25 նմուշ՝ էլեկտրականության, մագնիսականության, օպտիկայի, մեխանիկայի, ֆիզիկայի և այլ բնագավառներից: Նախաձեռնության անդամները նպատակ ունեն դրանք հաճախ թարմացնելու և նոր ցուցանմուշներ ավելացնելու: Թանգարանի գլխավոր նպատակը երեխաների մեջ գիտության նկատմամբ սեր և հետաքրքրվածություն առաջացնելն է, ինչն անելն ավելի դյուրին է դառնում, երբ երեխան իր աչքով տեսնում է գիտական երևույթը, իսկ որոշ փորձեր անցկացնում է ինքնուրույն:

gitutyun_interaktiv_6 gitutyun_interaktiv_1

«Փոքրիկ Էյնշտեյն» նախաձեռնության հիմնադիր տնօրեն Մարինա Գրիգորյանը պատմեց, որ իրենք գործում են արդեն 2 տարի: «Սկզբում անցկացնում էինք ինտերակտիվ շոու-ծրագրեր, որոնց ժամանակ երեխաները ծանոթանում են գիտության տարբեր երևույթների հետ: Այնուհետև սկսեցինք արտադրել հայալեզու գիտական հավաքածուներ, քանի որ շուկայում առկա խաղերի լեզուն խոչընդոտ էր դառնում երեխաների համար ուսումնասիրելու գիտության այս կամ այն ճյուղը: Ինչ վերաբերում է թանգարանին, անվանումը կարող է մարդուն շփոթության մեջ գցել, բայց մենք, հակառակ այլ թանգարանների ձևաչափի, ոչ թե արգելում, այլ խրախուսում ենք ցուցանմուշների հետ առնչվելը»:

gitutyun_interaktiv_2 gitutyun_interaktiv_3

Պաշտոնական բացման ժամանակ թանգարանի տնօրենները դուրս եկան արարողության ստանդարտ ձևաչափից և շամպայն լցնելու հետ մեկտեղ ցուցադրեցին գիտական փորձ, որում վարդերը փշրեցին ազոտի միջոցով: Իսկ ներկա տարբեր հասակի դպրոցականները անցկացրին տարբեր գիտափորձեր և զվարճալի խաղեր, որոշ դեպքերում՝ նախաձեռնության անդամների օգնությամբ:

gitutyun_interaktiv_4

Գիտության թանգարանը նախատեսված է 7 տարեկանից բարձր երեխաների համար:

Շուշան ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Ճիշտ կլիներ թանգարանի հասցեն հոդվածում տեղադրելը՝ լրացնում եմ այդ բացը.
    Գիտության թանգարանը գտնվում է Կոմիտաս 40/2 հասցեում: Աշխատանքային օրերին թանգարանը բաց է ժամը 13:00-ից մինչև 20:00-ն, իսկ հանգստյան օրերին՝ 12:00-ից մինչև 21:00-ն: Թանգարանի հետ կարելի է կապվել հետևյալ հեռախոսահամարներով՝ 098316789, 095316789, 094205954:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930